Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ այս ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։
«Մեր ԶՈՒ-երի, կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի, միասնական, համատեղ, փայլուն ու հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները։
Հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի՝ չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-երը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը․ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ և տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել՝ առաջին հերթին իրենց, ապա մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը խոսեց նաև զոհերի դիերի փոխանակման մասին։
«Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացրել ընդամենը մեկ տեղամասում, թույլ ենք տվել վերցնել մի քանի դիակ, մենք էլ ենք վերցրել, և անմիջապես դադարեցվել է գործընթացը, քանի որ հրադադարը խախտվել է, միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ Հադրութը ևս այնպիսի իրավիճակում է, որտեղ երբեմն ներթափանցում են ադրբեջանական դիվերսիոն խմբեր, որոնց դեմ մեր ԶՈՒ-երը պայքարում են, բայց քանի որ տեղանքը լեռնային է, անտառային է, կտրտված է, նման խմբերի ներթափանցումը չի բացառվում։