Տներով շրջելով, փողոցներում ստենդներ տեղադրելով ու իրենց ուսմունքը տարածելով՝ աղանդավորները մեծ վտանգ են ներկայացնում հայ առաքելական եկեղեցու համար: Վերջին ժամանականերում մեծ թափով տարածվող աղանդների հետևորդները գործածում են հնարավոր գրեթե բոլոր միջոցները մարդկանց իրենց շարքերը ներքաշելու համար: Գնալով այս թեմայի հետքերով՝ փորձեցինք պարզել, թե արդյոք առաքելական եղեղեցում մատուցվող պատարագների լեզուն՝ գրաբարը, աղանդավորների ձեռքին զենք չի դառնում իրենց աշխարհաբարով մատուցվող ուսմունքը տարածելու համար, քանի որ գաղտնիք չէ, որ գրաբարը հասկանալի է քչերին, իսկ այն ինչը չես հասկանում, դժվար ես ընդունում: Այս թեմայով խոսեցինք Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ Տալյանի հետ:
– Ինչպես երեխան, ով նոր-նոր դպրոց է գնում, իր կրթությունը սկսում է գիծ քաշելուց ու մասնիկներ նկարելուց, այդպես էլ մարդը, ով առաջին անգամ գնում է եկեղեցի, իր առջև ունի նույն խնդիրը: Սակայն, եթե մարդու մոտ կա ցանկություն՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում պատարագի ժամանակ, նա կարող է ձեռք բերել «Պատարագամատույց» և աշխարհաբարով հետևել պատարագի ամբողջ ընթացքին,- նշեց Տեր հայրը և հավելեց՝
– Նույնիսկ մենք՝ հոգևորականներս ամբողջովին չենք հասկանում, թե ծեսի ժամանակ ինչ է տեղի ունենում խորանում, և պատճառն ամենևին էլ լեզուն չէ: Նրանց համար էլ անբացատրելի է, օրինակ, այն, թե ինչպես են պատարագի ընթացքում նշխարն ու գինին վերածվում Հիսուսի մարմնի ու արյան:
Թեման ավելի բազմակողմանի ներկայացնելու համար այս թեմայով հարցում անցկացրինք շարքային քաղաքացիների հետ: Հարցմանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նշեց, որ գրաբարը ծեսը դարձնում է ավելի խորհրդավոր, ու որ առանց գրաբարի չեն պատկերացնում պատարագը և առհասարակ եկեղեցական ծեսերը: Հարցման մասնակիցներից մեկը կարևորեց այն հանգամանքը, որ նույնիսկ Տերունական աղոթքը, երբ աշխարհաբարով է հնչում, այնքան զորեղ չի լինում, ինչպես գրաբարով հնչած ժամանակ: Եվ ինչպես նշեց Տեր Կյուրեղ Տալյանը` «Ով փնտրում է,նա գտնում է»:
Մարիամ Բաբայան
4-րդ կուրս