Գեղանկարչությունից դեպի օպերային երգեցողություն. այսպիսին էր Հայկի ճանապարհը, ում կտավին 28 տարեկան հասակում եկան գունավորելու ձայնային ելևէջները: Դեռ մանկապարտեզում Հայկը աչքի է ընկել իր նկարչական տաղանդով: Հետագայում Արևիկ Մկրտչյանը, ով Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան նկարչական դպրոցի ուսուցչուհիներից է, նկատել է տղայի շնորհը և նրան ընդգրկել իր դասարանում: Ավարտելով նկարչական դպրոցը՝ Հայկը ուսումը շարունակել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ուսանողական տարիներին երգիչը ընկերոջ միջոցով ծանոթացել է օպերային երգչի հետ. «Եվ քանի որ մեր ընկերության շրջանակում երկուսս էինք արվեստագետ, միմյանց ավելի լավ էինք հասկանում»։ Ո՞վ կմտածեր, որ այս ծանոթությունը կարող է ճակատագրական դեր ունենալ Հայկի կյանքում: 26 տարեկանում նրա ընկերը նկատեց, որ Հայկի մոտ առկա են ձայնային տվյալներ. «Մի խնջույքի ժամանակ սկսեցինք երգել, ասմունքել, և նա ինձ մոտ նկատեց օպերային երգեցողության բացառիկ տվյալներ։ Հաջորդ օրը ստիպեց ինձ իր հետ գնալ Էջմիածնի Մակար Երկմալյանի անվան երաժշտական դպրոց, այնտեղ տվեց երաժշտական վարժություններ և դրանց միջոցով բացահայտեց ձայնիս դիապազոնը, գույնը»: Ընկերը հավաստիացրել է՝ Հայկն ունի այնպիսի տվյալներ, որով հանգիստ կարող է հանդես գալ միջազգային բեմերում:
Մեկ տարի անց Հայկը ծանոթացավ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ, ով իր՝ որպես երգչի կայացման գործում հատկանշական դեր ունեցավ: «Լսելով ինձ՝ շատ հավանեց ձայնս: Մոտ չորս ու կես տարի մասնավոր դասեր անցա իր մոտ (նաև ուսանողական տարիներին): Նա իմ առաջին ուսուցիչն է. իմ վոկալային երգեցողական հիմքը նա է դրել»,- պատմում է Հայկը։ Այդ ընթացքում գրեթե մեկ տարի սովորելով երգեցողություն՝ նա ընդունվեց Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայի նախապատրաստական բաժինը։ Այդ ժամանակահատվածում սովորելով նաև հարմոնիա և սելֆեդջո՝ մեկ տարի անց ընդունվեց կոնսերվատորիա՝ անվճար հիմունքներով սովորելու։ 2014-2015 ուս. տարվա լավագույն ուսանող է ճանաչվել:
Մասնագիտության փոփոխության դժվարությունների մասին պատմում է, որ հեշտ չէր, քանի որ մուտք գործեց արվեստի մեկ այլ ճյուղ. «Երգեղոցությունը և նկարչությունը որքան էլ կապ ունեն՝ որպես արվեստի տեսակներ, այդքան էլ տարբեր են իրարից»: Տարիքը հասուն էր և պետք էր շատ արագ հասցնել սերտել այն գիտելիքները, որոնք այլ մարդիկ սովորում էին դեռևս 7-8-ամյա երաժշտական դպրոցներում. «Ունեի կուրսեցիներ, ովքեր սովորել էին նաև ուսումնարանում, ապա նոր ընդունվել կոնսերվատորիա։ Իսկ ես, ունանալով գրեթե զրոական գիտելիքներ, մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձեցի անել անհնարինը։ Մինչև այսօր էլ իմ երաժշտական գիտելիքները՝ թեորիայի առումով, փորձում եմ լրացնել, քանի որ ամեն դեպքում այն ուղեղի և ականջի մարզում և գիտելիքների կուտակում է պահանջում»:
Ըստ արվեստագետի՝ գեղանկարչությունը աչքի ու ձեռքի արվեստ է, երաժշտությունը՝ ականջի և խոսքի: Առաջինը շատ յուրահատուկ է, վերջ չունի. ինչքան էլ աշխատես, միևնույն է, աշխատելու տեղ կա, անհնար է կանգնել: Ակամայից հիշեց այս խոսքերը. «Ճիշտ գեղանկարիչը պետք է կարողանա ճիշտ տեղում կանգնել»: Իսկ երաժշտության մեջ կարծես մետրոյում լինես. գնացքը գնում է, ու պետք է հասցնես ճիշտ ժամանակին մտնել գնացք և ճիշտ ժամանակին էլ դուրս գալ:
Իր շրջագայությունների մասին օպերային երգիչը պատմում է՝ եղել է տարբեր երկրներում՝ Մոլդովիա, Ղազախստան, Լատվիա, Իսպանիա, Ռուսաստան, մասնակցել է տարբեր մրցույթների. «Ղազախստանում՝ «Բիբիգուլ Տուլեգենովա» վոկալիստների միջազգային մրցույթին, որտեղ արժանացել եմ 2-րդ մրցանակի, Կիշինյովում` «Մարիա Բիեշու» օպերային երգիչների միջազգազգային մրցույթին արժանացել եմ 6-րդ մրցանակի, Գոհար Գասպարյանի անվան հանրապետական մրցույթին, որտեղ արժանացա 2-րդ մրցանակի, սակայն մրցույթում ոչ ոք 1-ին հորիզոնականը չզբաղեցրեց»: Հայկը ոգեշնչվում է տարբեր օպերային երգիչներից՝ Մարիա Կալաս, Էնրիկո Կարուզո, Լուչանո Պավարոտտի և այլք. «Շատ օպերային երգիչներ կան: Չեմ ուզում առանձնացել որևէ մեկին, քանի որ բոլորն էլ յուրօրինակ են և անգերազանցելի»:
Յուրաքանչյուր ոք կարող է հասնել հաջողության, երբ ճիշտ ժամանակին իր կողքին են հայտնվում ճիշտ մարդիկ, և ամեն ճակատագրական ուղի հաղթահարելի է, եթե դրանում հոգին ու եռանդ ես ներդնում:
Հասմիկ Անդրեասյան
3-րդ կուրս