Այսօր զրուցել ենք կլինիկական հոգեբան Անուշ Կարապետյանի հետ պատերազմական իրավիճակում առաջացած հոգեբանական խնդիրների և դրանց կարգավորման մասին։
-Պատերազմական իրավիճակում սեմինարների, թրեյնինգների միջոցով հոգեբանական աջակցություն տրամադրվում է:
-Այո, տրամադրվում է, պարզապես սեմինարներն ու թրեյնինգները կազմակերպվում են հոգեբանների համար, որպեսզի այս վիճակում համապատասխան աջակցություն տրամադրեն անձանց:
-Հոգեբանական տեսանկյունից ո՞ր տարիքի անձինք են ավելի խոցելի։
-Այս իրավիճակը բոլորի համար է ցավալի, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները, հղի կանայք, նրանք, ովքեր հոգեբանորեն ի սկզբանե ավելի փխրուն և խոցելի են, ովքեր հոգեբանական ամենատարբեր խնդիրներ արդեն իսկ ունեին:
-Այս օրերին ինչպիսի՞ հոգեբանական խնդիրների կարող ենք առնչվել։
-Մարդկանց մոտ սրված է վախի զգացումը, տագնապը, դեպրեսիոն վիճակը, ցավոք շատերը արդեն իսկ բախվել են կորստի դառը ցավի հետ:
-Ինչպե՞ս զերծ մնալ վերոնշյալ խնդիրների առաջացումից։
-Ցանկացած հայրենասեր, մարդասեր անձ չի կարող լիովին զերծ մնալ այդ ամենից, պարզապես պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում անձը պետք է ամուր լինի, միասնական, որպեսզի կարողանա հաղթահարել այս ամենը և առաջ գնալ: Նման իրավիճակներում անձը կամ հոգեպես կոտրվում է, կամ վեր հանում իր ռեսուրսային ուժերը և հաղթում/հաղթահարում, և նա ինքը պետք է գիտակցված իր ընտրությունը կատարի, թե որ տարբերակն է ճիշտ:
-Իսկ եթե արդեն նկատելի է սթրես, ագրեսիա և այլ դրսևորումներ, արդյո՞ք հնարավոր է առանց մասնագետի օգնության անհետևանք հաղթահարել դրանք։
-Ագրեսիայի կուտակումը այս իրավիճակում բնական է. նրանք, ովքեր պատերազմի դաշտում են, ռեալիզացնում են այդ ագրեսիան` թշնամուն ոչնչացնելով: Այն անձանց մոտ, ովքեր այդ հնարավորությունը չունեն, երբեմն ապակառուցողական ուղղություն է ստանում այդ ագրեսին: Որպեսզի դա տեղի չունենա, մարդը գիտակցված նպատակաուղղում պետք է տա դրան և սուբլիմացնի. օրինակ ուղղի դեպի օնլայն հարթակ` մասնակցելով տեղեկատվական պատերազմին կամ այլ պիտանի գործունեություն ծավալի` ինչ-որ կերպ օգտակար լինելով ազգին:
-Պատերազմի մասին ինչպե՞ս խոսել երեխաների հետ։
Ասել ճիշտը, բայց նրանց հասանելի լեզվով, որպեսզի տրավմայի չենթարկենք: Հեքիաթներում էլ ներկայացված է բարու և չարի մշտական հակամարտությունը, և երեխան արդեն իսկ պատկերացում ունի հակամարտության, պայքարի, հաղթանակի և պարտության մասին: Հայրենասիրությունը, ազգային արժեքները մանկուց է սերմանվում անձի ներսում, իհարկե, դա չպետք է ֆանատիկ բնույթ կրի:
-Որքանո՞վ է արդյունավետ ռազմական հոգեբանի աշխատանքը այսօր դիրքերում՝ պատերազմին զուգահեռ զինծառայողին աջակցելու և վերջինիս հոգեկան առողջությունը վտանգող սպառնալիքները նվազեցնելու գործում։
-Իհարկե կարևոր և արդյունավետ է, այնտեղ մեր տղաները օր ու գիշեր մարտեր են մղում, ընկեր կորցնում, վիրավորվում, և իրենց հոգեբան-զինակից ընկերոջ աջակցությունը պարզապես անհրաժետ է:
-Հոգեբանական գործոնը որքանո՞վ է կարևոր բանակի բարձր մարտունակության և պատրաստության համար։
-Իհարկե զինամթերքն ու մարդաքանակը կարևոր են, բայց մեր ազգին դարեր շարունակ հաղթանակ են ապահովել մեր անկոտրում կամքն ու քաջությունը: Հոգեբանորեն պատրաստ և մարտունակ լինելու դեպքում հաղթելու հավանականությունն ավելի մեծ է։
Լուսինե Գրիգորյան
2-րդ կուրս