Առաջիկայում Եվրամիությունը նոր քայլեր կձեռնարկի, որպեսզի կանգնեցնի պատերազմը. քաղաքագետ Արմեն Վարդանյան

Առաջիկայում Եվրամիությունը նոր քայլեր կձեռնարկի, որպեսզի կանգնեցնի պատերազմը. քաղաքագետ Արմեն Վարդանյան

560

Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ հիմնական ուղերձ էր պարունակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը։

-Նիկոլ Փաշինյանի հիմնական ուղերձը՝ ազգի կոնսոլիդացիան էր և մոբիլիզացիան: Նա նշեց, որ ըստ էության, իրավիճակը ռազմաճակատում շատ ծանր է և բոլորին կոչ արեց միավորվել և մոբիլիզացվել, տեղափոխվել Արցախ և պայքար մղել զավթիչների դեմ: Սա առաջին ուղերձն էր: Հաջորդ ուղերձն այն էր, որ նա նաև միջազգային խաղացողներին, դերակատարներին կոչ արեց զսպել Թուրքիային, աշխարհաքաղաքական ուժերի կենտրոններին կոչ արեց կանգնեցնել Թուրքիային, այլապես հետո  ուշ կլինի, և բացի դրանից, նա նաև նշեց ռազմաքաղաքական այն պատճառները, որի հետևանքով ստեղծվել է այս իրավիճակը: Կոնկրետ նա մեղադրեց Ադրբեջանին, որ բանակցություններում ապակառուցողական դիրքերից է հանդես եկել, Հայաստանի իշխանություններից պահանջել է իրեն վերադարձնել հինգ շրջանները և դրա դիմաց ոչինչ չտալով, կամ  անորոշության խոստում տալով: Կարճ ասած, հայկական կողմն առաջարկել է քննարկել «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը, իսկ ադրբեջանական կողմը առաջարկել է տարածքներ անորոշության դիմաց կամ տարածքներ չհարձակվելու դիմաց, ինչը, բնականաբար, Հայաստանի համար անընդունելի է եղել:

ԱԳ նախարարների ձեւաչափով հումանիտար հրադադարի որոշումից հետո հրադադար չի պահպանվում։ Ռուսաստանից այս օրերին մի քանի հայտարարություններ արեցին արդեն, բայց ՌԴն, կարծես թե, դիտորդի դերում լինի, ի՞նչն է պատճառը։

-Հիմնվելով Ռուսաստանի (այսպես ասեմ) կրավորական կեցվածքին, երկու պատճառ եմ տեսնում: Նախ՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահ երկիր, փորձում է չեզոքություն պահպանել այս կոնֆլիկտում, հանդես չգալ որպես կողմերից մեկի դաշնակից, և երկրորդ՝ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մասնավորապես՝ Ադրբեջանը ռուսական զենքի կարևորագույն գնորդներից մեկն է, և Ռուսաստանը չի ուզում կորցնել այս շուկան: Չնայած այդ ամենին, ես չեմ ուզում իհարկե արդարացնել Ռուսաստանի պահվածքը: Ռուսաստանի պահվածքը, վարքագիծը այս օրերին անընդունելի և անհասկանալի է ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ ռուս փորձագետների համար, որովհետև այլևս ադրբեջանցիները հարվածներ են հասցնում նաև անմիջապես Հայաստանին, և Ռուսաստանը այս մասով ունի բազմաթիվ պարտավորություններ՝ թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ երկկողմ պայմանագրային շրջանակներում: Խնդիրը նաև Ռուսաստանի հեղինակության հարցն է, և պատահական չէ, որ շատ ռուս փորձագետներ հայտարարում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրթիռակոծումը նաև ինչ-որ տեղ ապտակ է Ռուսաստանի հեղինակությանը: Եվ  նրանք կոչ են անում, որպեսզի Ռուսաստանը համարժեք քայլեր ձեռնարկի:  

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը, ի՞նչ կարող ենք ակնկալել այս այցից։

-Հունաստանի մասով՝ Հայաստանը և Հունաստանը վերջին տարիներին բավականին լուրջ դաշնակցային հարաբերություններ են զարգացնում: Իհարկե, թղթով դաշնակցային չեն այդ հարաբերությունները, բայց գործնականում շատ լուրջ հարաբերություններ ենք զարգացնում Հունաստանի հետ: Դա հասկանալի է. Հայաստանը և Հունաստանը ընդհանուր թշնամի ունեն՝ դա Թուրքիան է, և այստեղ մենք համագործակցության լայն դաշտում ենք: Իհարկե, վաղը շատ բաների մասին չի խոսվի՝ թե ինչ են քննարկել, բայց ես կարծում եմ, որ շատ քննարկումներ կլինեն Թուրքիային հակազդելու և նաև Հունաստանի կողմից որոշ չափով Հայաստանին տարբեր հարցերում օգնություն տրամադրելու համար:

ԱՄՆում նախագահական ընտրությունների են պատրաստվում, եւ հասկանալի է, թե ինչու է Թրամփի վարչակազմը անտարբեր։ Բայց բացառությամբ մի քանի երկրների՝ նույն վարքագիծը տեսնում ենք ԵՄի կողմից, ինչու՞։

-Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա ես կարծում եմ, որ Եվրամիությունում ակտիվ են: Եվրամիության առանցքային երկրներից է Ֆրանսիան, որն էլ հենց առաջին օրից բավականին ակտիվություն է  ցուցաբերում: Մակրոնը բազմիցս հայտարարություններ է արել, ընդ որում ոչ չեզոք, շատ օբյեկտիվ, բացահայտ մեղադրել է Թուրքիային՝ Հայաստանում Ադրբեջան ահակաբեկչներ ներմուծելու մեջ, նաև հայտնել է, որ այս պատերազմը սկսել է Ադրբեջանը: Այնպես որ, ես չէի ասի, թե Եվրամիությունը կրավորական կեցվածք է որդեգրել: Իհարկե,  Եվրամիությունը միշտ էլ շատ հարցերում աչքի է ընկնում իր դանդաղկոտությամբ և ոչ վճռական քայլերով: Կապված այն բանի հետ, որ այստեղ կան 28 երկրներ և մինչև համապատասխան որոշում են ընդունում, տարբեր իստանցիաներով պետք է անցնեն այդ որոշումները,  Եվրոպայում էլ սրա հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան, որ շատ հաճախ ոչ համարժեք և ոչ արագ են արձագանքում շատ խնդիրների: Եվ դա ինչ-որ տեղ հասկանալի է. եթե այլ երկրների դեպքում կենտրոնից է որոշումը կայացվում, ապա Եվրամիության դեպքում բոլոր 28 երկրները պետք է իրենց համաձայնությունը տան, և հաճախ, երբ որ որևէ երկիր վետո է կիրառում կամ դժգոհություն է ունենում, այնտեղ շատ դժվար է որոշումներ ընդունելը: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը նույնպես  բավականին ակտիվ է, և փորձում են այս օրերին թե՛  նախարարների մակարդակով, թե՛  եվրոպական կառույցների մակարդակով բանաձևեր ընդունել, կանգնեցնել պատերազմը և այլն: Եվ ես կարծում եմ ՝ առաջիկայում մենք նոր քայլեր կտենսնենք Եվրամիության կողմից։

Գեղամ Ադյան

3-րդ կուրս

Կիսվել