Մանիպուլյացիա՝ ԱՎԾ տվյալները ճիշտ ներկայացնելով

Մանիպուլյացիա՝ ԱՎԾ տվյալները ճիշտ ներկայացնելով

664

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն պարբերաբար հրապարակում է վիճակագրական տվյալներ ՀՀ տարբեր ոլորտների, ճյուղերի վերաբերյալ: Դրանք ակտիվորեն տարածվում են մամուլում եւ որոնց հավաստիության վրա կասկածներ չեն լինում, քանի որ բոլոր տվյալները մշակվում եւ հրապարակվում են նաեւ վիճակագրական կոմիտեի կողմից: Սակայն, արդյո՞ք ինչպես հրապարակվել է, նույնությամբ էլ տարածվում է մամուլում, թե՞ պարբերականները հայեցողական մոտեցում են ցուցաբերում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վերահրապարակելիս:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես են մանիպուլացնում Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, դիտարկենք 1 հոդված։

Դեռեւս սեպտեմբերի 2-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր հոդված «Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով» վերտառությամբ, որտեղ ներկայացվում էր միայն վերջին մեկ ամսում տեղի ունեցած բենզինի եւ դիզելային վառելիքի գնաճը։ Հոդվածում մասնավորապես գրել են․  «Այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.6%-ով: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժե 340 դրամ, իսկ պրեմիումը՝ 360 դրամ, մինչդեռ հուլիսին ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում էր լիտրը 300 դրամով»:

Վերոնշյալ ձեւակերպումը լիովին համապատասխանում է իրականությանը, սակայն գնաճի վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ներկայացնել թվերն ամբողջությամբ։

Այսպիսով՝ 2020 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ բենզինի գինը բարձրացել է 3,9%-ով, սակայն դրանից առաջ 5 ամիս շարունակ նշված ոլորտում եղել է գնանկում։ Օրինակ փետրվարին հունվարի նկատմամբ եղել է 0,3% գնանկում, մարտին՝ 3,7%, ապրիլին՝ 17,1%, մայիսին՝ 9,8%, իսկ հունիսին 0,2%: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այս տարի հուլիսին արձանագրվել է բենզինի 29,1% գնանկում։ 

Նույն պատկերն է նաեւ դիզելային վառելիքի գնաճի հետ կապված․ 2020 թվականի հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է դիզելային վառելիքի 3,6% գնաճ, սակայն դիզելային վառելիքի ոլորտում եւս 5 ամիս շարունակ գրանցվել է գնանկում․ փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 1,5% գնանկում, մարտին՝ 3%, ապրիլին՝ 9,2%, մայիսին՝ 15,4%, հունիսին՝ 1,7%: Այս տարի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 30,6% գնանկում։

Ստացվում է, որ նախորդ ամիսների գնանկումների եւ նախորդ տարվա նույն ամսվա բենզինի 29,1% գնանկման , ինչպես նաեւ նախորդ տարվա նույն ամսվա դիզելային վառելիքի 30.6% գնանկման ֆոնին լրատվամիջոցը ներկայացրել է միայն նախորդ ամսվա համեմատ արձանագրված գնաճը, եւ դա էլ ընտրելով որպես վերնագիր ստեղծել է տպավորություն, թե բենզինի եւ դիզելային վառելիքի ոլորտում արձանագրվում է միայն գնաճ։

Նարեկ Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել