Քրիստինան 18 տարեկան է: Ապրում է Սևանում, սկսնակ քանդակագործ է: Մանկուց շատ ինքնուրույն է եղել, կռվարար, ըմբոստ։ Միշտ շտապում է ու միշտ ամեն ինչ հասցնում: Օր օրի համոզվում է, որ ճիշտ որոշում է կայացրել: Ասում է՝ քանդակագործությունն իր մեջ շատ հետաքրքիր կողմեր ունի, որից չի կարելի հոգնել: «Այն ուժ ու կռիվ է պահանջում, ու շատ սեր դեպի նյութը»,- պատմում է նա։
Չի հիշում՝ երբ ու ինչպես է արել ընտրությունը, ինչն է գրավել, բայց հիմա, երբ արդեն դրա մեջ է, կարծում է, որ ավելի լավ ընտրություն չէր կարող լինել. «Ընտրությունս բարդ է եղել, քանի որ շատ նախասիրություններ ունեի ու բոլորն էլ շատ էի սիրում. թե´ նկարչությունը, թե´ երաժշտությունը, թե′ սպորտը»,- պատմում է նա:
Ասում է, որ սիրում է կավը: Իր խոսքով՝ կյանքում գոնե մեկ անգամ անհրաժեշտ է, որ մարդ մի բան ստեղծի կամ գոնե զգա իր ձեռքերի մեջ: Օրինակ՝ մինչև կավի հետ աշխատելը, տարբեր գույների լեգոներով էր ֆիգուրներ պատրաստում: Կավը կախարդական ձգող հատկություն ունի: Եվ դեռ շարունակում է մնալ չբացահայտված: Քանդակագործությունն առաջնային տեղում է. այստեղ ավելի հանգիստ ու խաղաղ է զգում. «Ուղղակի քանդակում եմ և վերջ: Անգամ անուններ էլ չեմ դնում քանդակներիս, թողնում եմ, որ նայողն ինքն հասկանա, ինքը վերնագրի քանդակներս»,-ասում է Քրիստինան:
Ժամանակին ալերգիա է ունեցել կավից ու ներկերից, բժիշկը խորհուրդ է տվել որոշ ժամանակ հրաժարվել դրանցով աշխատելուց, բայց նա գիտեր, որ դա անհնար է, շարունակում էր, քանի որ շատ է սիրում և մի օր չի պատկերացնում առանց քանդակագործության:
«Երբեք չեմ մտածել ,որ այն լեգոներն ու երկաթները որոնցով փոքր ժամանակ ռոբոտներ էի կառուցում, կարող են մի օր կավի վերածվել, ու խաղից դառնալ ապրեակերպ»,-հիշում է քանդակագործը:
Քանդակագործությունից բացի նաև զբաղվում է լեռնագնացությամբ:Համատեղում է շատ հեշտ: Արշավներն օգնում են լիցքաթափվել: Բացի այդ, արշավների ժամանակ նոր, թարմ մտքեր են գալիս, որոնք հնարավոր է քանդակների կամ նկարների վերածել: Սարերում իրեն ազատ է զգում. «Դա իմ տեղն է: Արշավների ժամանակ, երբ տեղ էինք հասնում, միշտ ինձ մոտ հաղթողի զգացողություն էր»,-ասում է Քրիստինան:
«Ավարտելուց հետո, հնարավոր է, հմտանամ գծանկարչության մեջ: Իրականում, դրանք երկուսն էլ իրար լրացնում են, քանի որ առանց նկարչության, կարծում եմ, լավ քանդակ չի լինի»,-հավելեց նա:
Քանդակները դեռ որևէ տեղ չի ցուցադրում: Նկարներ մեկ-երկու անգամ ցուցադրել է, բայց քանդակների համար կարծում է՝ դեռ վաղ է. շատ պետք է աշխատի այդ ուղղությամբ: Հնարավոր է՝ կյանքում լինի այնպիսի դեպք, որ ստիպված լինի վաճառել: Բայց քանի որ շատ է կապված աշխատանքների հետ, կարծում է, որ ինչ էլ լինի՝ չի վաճառի:
Էլիզա Գրիգորյան
3-րդ կուրս