ԻՆՉՊԻՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ

ԻՆՉՊԻՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ

1635

Կասկածներ, թերահավատ հայացքներ, անորոշ պատկերացումներ․․․ահա այսպիսին են հիմնականում լինում արձագանքները «Univesity tour» նախագծի թրեյնինգների ընթացքում։ Այս անգամ կասկածում էին ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի ուսանողները։

«University Tour» նախագծի էությունը գերհագեցած, արդի ուսանողական խնդիրները լուծող ինտենսիվ թրեյնինգի միջոցով լավագույն 10 համալսարանների բոլոր ուսանողներին տրամադրել 2017 թվականի պահանջներին համապատասխան անձնական և կարիերայի աճին նպաստող օգտակար և անհրաժեշտ հմտություններ:

Սեմինարը վարում էին`

Թերեզա Գրիգորյանը՝ Global Media Lab ընկերության կոմունիկացիոն մենեջեր,

Սերգեյ Ուսնունցը` skill.am հարթակի հիմնադիր տնօրեն,

Սեդա Վարդանյանը՝  Global Media Lab ընկերության հիմնադիր  տնօրեն:

«Այս տարբերակները մեր իրականության մեջ ինտեգրված չեն, եթե դրանք ուղարկենք որևէ լուրջ կազմակերպության, մեզ անլուրջի տեղ կդնեն», «Դրանք հարիր չեն հայկական մենթալիտետին»,- այսպիսի կարծիքներ էին հնչում մասնակիցների կողմից, երբ Թերեզա Գրիգորյանը ներկայացնում էր  վիդեո, անիմացիոն, ինֆորգրաֆիկ CV-ի ժամանակակից տարբերակները։ Մինչդեռ Թերեզան ասում էր՝ ընդամենը պետք է գտնել ճիշտ և համապատասխան կրեատիվ CV-ի տարբերակը։ «Բայց միայն յուրօրինակ ռեզյումե գրելով չպետք է սահմանափակվել։ Գոյություն ունի այսպես կոչված 2/7/10 կանոնը․ երբ CV ուղարկելուց անցնում է երկու օր ու պատասխան չկա, նամակ գրեք նրանց ու ևս մեկ անգամ հիշեցրեք ձեր մասին, էլի չկա՝ յոթ օր հետո զանգահարեք, իսկ տասը օր հետո ուղղակի այցելեք նրանց ընկերություն։ Դա կոչվում է հետամուտ լինել սեփական ցանկություններին»,- պատմում էր Թերեզան։

Իսկ Սերգեյ Ուսնունցը լսարանի թերահավատությունը ընդհանրացրեց մեկ նախադասությամբ․ «Երբ մենք ինչ-որ բան ենք անում, մտածում ենք ոչ թե մեր մասին, այլ թե ինչ կմտածեն ուրիշները։ Ես ինքս որպես գործատու կարող եմ ասել, որ նրանք էլ են ձանձրանում ու հոգնում շարունակ նույն, ստանդարտ բառերը լսելուց։ Պետք չի գծել ինչ-որ կարծրատիպեր ու սահմանափակվել դրանցով։ Եթե դուք հետաքրքիր աշխատանք եք փնտրում, ապա փորձեք գտնել հետաքրքիր մարդկանց։ Թե՞ ձեզ համար մեկ է որտեղ կաշխատեք․․․»։

Թե ինչպես գտնել այդպիսի աշխատանք, օգնեց բացահայտել մյուս խոսնակը՝ Սեդա Վարդանյանը․ «Ամենակարևորը ինքդ քեզ ճիշտ ներկայացնելն է, հենց դա է անձի մարքետինգը, այն ձեր հեղինակությունն է։ Այսօր բոլորս գրանցված ենք սոց. ցանցերում, ունենք բազմաթիվ էջեր, բայց քչերն են ճիշտ օգտագործում դրանք։ Իրականում դրանք հիանալի հարթակ են քեզ` որպես մասնագետ դիրքորոշելու։ Կիսվեք ձեր պատմություններով, առանձնահատուկ ինչ-որ նյութեր գրեք, ունեցեք բանալի բառեր, որով ձեզ կտարբերեն։ Անձի մարքեթինգը ազդում է նաև ձեր հետագա աշխատավայրի ընտրության վրա»։

Այդ պահին մասնակիցներից մեկը թեև արդեն ոգևորված, այնուամենայնիվ կասկածեց․ «Դե, եթե մատուցող ես, հաստատ շքեղ աշխատավայրի մասին չես կարող երազել»։

«Բայց չէ՞ որ հնարավոր է լինել համար մեկ մատուցողը քո երկրում և ուղղակի հաճույք ստանալ այդ աշխատանքից։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դուք որ կողմից կնայեք հարցին»,- ավելի ու ավելի ոգևորելով մասնակիցներին՝ ասաց Սեդան։

Այնուհետև, երբ կարծես թե թերահավատության շունչը չքացել էր դահլիճից, ներկաները իրենց սմարտֆոնների միջոցով մասնակցեցին ինտերակտիվ խաղին։ Նրանք պատասխանում էին այն բոլոր հարցերին, որոնք հնչել էին թրեյներների ելույթների ժամանակ։ Ամենաուշադիր ու ճկուն խաղացողը մագիստրատուրայի առաջին կուրսից հոգեբան Վարդուհի Ջանոյանն էր, ում էլ շնորհվեց մրցանակը՝ Տիմատիի հայաստանյան համերգի տոմս։ «Տպավորված եմ այսքան ջերմ միջավայրից ու հիանալի սեմինարից։ Իսկապես ինձ շատ նոր գիտելիքներ ու գաղափարներ տվեցին»,- իր տպավորություններով կիսվեց Վարդուհին։

Մյուս հաղթողներն էին Անուշն ու Արսենը, ովքեր ստացան համապատասխանաբար Կինոպարկի ֆիլմի տոմս և ականջակալներ։

Հիշեցնենք, որ սա «University Tour» ծրագրի չորրորդ սեմինարն էր էր։ Այն  մեկնարկել է մարտի 15-ին  Ագրարային համալսարանում «Global Media Lab» ընկերության և  skill.am կայքի նախաձեռնությամբ։

Աննա Կոստանյան

2-րդ կուրս

Կիսվել