«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը Աշտարակում

«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը Աշտարակում

1010

«Բոլորիս տներում էլ կան թղթեր, գրքեր, որոնք պիտանի չեն և չեն օգտագործվում: Մտածեցի, որ կարելի է այնպիսի մի նախաձեռնություն իրականացնել, որ կարողանանք դրանք ճիշտ նպատակին ծառայեցնել: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսել ենք նախաձեռնությունը»,- պատմում է «Թուղթը վերածենք զենքի» ակցիայի հեղինակ Արթուր Օհանյանը:

Արթուրը եւ իր համախոհները հավաքում են ամեն տեսակի թուղթ՝ ամսագրեր, թերթեր ու գրքեր: Զտում են, տեսակավորում և ուղարկում թղթի վերամշակման գործարան: Մեկ շաբաթվա ընթացքում 10 տոննայից ավելի թուղթ է վերամշակվել: Ստացված եկամուտը փոխանցվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Նախաձեռնությունը սկիզբ է առել Երևանում, բայց ինտերնետ տիրույթում լայն արձագանք գտնելու շնորհիվ մարզերը նույնպես միացել են աշխատանքներին:

«Ընթացքում մեզ հետ կապ հաստատեցին նաև մարզերի երիտասարդները և սկսեցինք միասին համակարգված աշխատել»,- հավելում է Արթուրը:

Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքում աշխատանքները համակարգող Մարիամ Գրիգորյանը պատմում է, որ նախաձեռնության մասին տեղեկացել է սոցիալական հարթակի միջոցով և ընկերների հետ ցանկություն է հայտնել միանալ ակցիային:

«Ուզում էինք մեր մասնակցությունն ունենալ, բայց իմացանք, որ Աշտարակում չկա նման կենտրոն: Կապվեցի Արթուրի հետ, ասաց, որ կազմակերպչական բոլոր հարցերով պետք է մենք զբաղվենք, հավաքելուց հետո թղթերը կուղարկվեն ընդհանուր կենտրոն, ապա՝ վերամշակման»,- նշում է Մարիամը:  

Հիմնականում աշխատում են տասը կամավորներով, բայց բոլոր ցանկացողները կարող են միանալ աշխատանքներին: Աշտարակում նախաձեռնությունը մեկնարկել է հոկտեմբերի 26-ից և, ըստ նախնական համաձայնության, կավարտվի հոկտեմբերի 29-ին։ Մարիամն ասում է, որ այդ օրը հստակ չէ, գուցե կշարունակեն այնքան ժամանակ, ինչքան կարող են:  

Նշենք, որ Աշտարակ քաղաքում հոկտեմբերի 26-ից սկսած՝ թղթերը կարելի է բերել Աշտարակ քաղաքի հրապարակ, ժամը 11:30-13:30 սկսած, իսկ 14:00-16:00՝ ոստիկանության շենքի դիմաց: Բարվոք վիճակում գտնվող գրքերը նույնպես ընդունվում են, դրանք կվաճառվեն:

Սվետլանա Դավթյան

3-րդ կուրս

Կիսվել