«Մտածում էի, որ մեր տունը ամենաապահով տեղում է, ու մեզ ոչինչ չի...

«Մտածում էի, որ մեր տունը ամենաապահով տեղում է, ու մեզ ոչինչ չի պատահի»

618

Արզումանյանների ընտանիքը Ակսերանի շրջանի Քռասնի գյուղից է։ 90-ականներին՝ արցախյան պատերազմի ժամանակ, ընտանիքի հայրը աղջկան ուղարկել էր Հայաստան, այն մտքով, որ ընտանիքից գոնե մեկը ողջ մնա։ Այդ ժամանակ աղջիկը ժամանակավոր բնակություն էր հաստատել Արագածոտնի մարզի քաղաք Ապարանում` Ալեքսայանների ընտանիքում։

Այդ օրերից շատ տարիներ են անցել, որոնց ընթացքում Արզումանյանների և Ալեքսանյանների բարեկամական հարաբերությունները մշտապես պահպանվել են։

Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին կրկին հարձակվեց Արցախի վրա, արցախցի Արզումանյանները ստիպված էին ժամանակավոր բնակություն հաստատել նույն ընտանիքում։ Այս անգամ ընտանիքի հարսը միայնակ չէ, նրա հետ են երկու աղջիկները, մայրը և սկեսուրը։

«Էստեղ մեզ հարազատի պես են ընդունում, բոլորին շատ ենք սիրում, ու շատ հարազատ են դարձել էս ժամանակահատվածում»,- ասում է մեծ աղջիկը` Սյուզաննան, ու ավելացնում, որ շատ շուտ է հարմարվել նոր միջավայրին։

Սյուզաննայի հայրն ու եղբայրն այժմ պատերազմական դաշտում են (եղբայրը ժամկետային զինծառայող է)։ «Ծնողներս ասում էին, որ պետք է վերադառնան Արցախ, իսկ մենք մենակ պետք է մնայինք էստեղ, ի սկզբանե էդպես է որոշված եղել, բայց էնպես ստացվեց, որ միայն հայրս հետ գնաց»,-ավելացրեց Սյուզաննան։

Այն հարցին` թե ինչ զգացողություններ ուներ Արցախից դուրս գալու ճանապարհին, Սյուզաննան պատասխանեց. «Չէինք ուզում գնալ, հատկապես, որ եղբայրս ծառայում է, իսկ հայրս մեզ բերելուն պես պետք է վերադառնար, շատ էինք վախենում իրենց համար, եղբորս արդեն տասը ամիս է` չեմ տեսել, համ էլ մտածում էի, որ մեր տունը ամենաապահով տեղում է, ու մեզ ոչինչ չի լինի. Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տանն ենք եղել»։

Սյուզաննա նոր է ընդունվել ԱրՊՀ, սովորում է Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՆԶՊ-ի բաժնում, ուզում է համանուն առարկայի ուսուցչուհի դառնալ։ Մասնագիտության հանդեպ սերն առաջացել է այն ժամանակ, երբ մոր առաջարկով ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան։ «Հայրս սկզբում դեմ էր, որ պետք է վարժարան ընդունվեմ, ասում էր` տղաները շատ են, հանկարծ չնեղացնեն»,- ասում է Սյուզաննան ու ավելացնում, որ միշտ փոքր շրջապատում է եղել, իրենց գյուղը փոքր է, բոլորը քույը-եղբոր պես են, իսկ քաղաքում այլ էր լինելու, ահա թե որտեղից է առաջացել հոր անհանգստությունը։

Այն հարցին, թե Արցախ գնալուն պես, որն է լինելու առաջին վայրը, ուր գնալու է, պատասխանեց. «Մամայիս ընկերուհու տուն եմ գնալու, մենք շատ կապված ենք իրար հետ, օր չի եղել, որ չհանդիպենք ու իրար տուն չգնանք, շատ եմ կարոտել իրենց»։

Սյուզաննայի աչքերում Արցախի հանդեպ սերն է ու եղբոր հանդեպ անչափ կարոտը. ասում է` եղբայրն ուրիշ է, նրա հետ կապվածությունը մեծ է։

Արմինե Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել