ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍՎԻ ԴԱՐԵՐՈՎ

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍՎԻ ԴԱՐԵՐՈՎ

3399

«Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»,-ասել է Գարեգին Նժդեհը:

Ապրիլյան պատերազմում հերոսներ դարձած տղաները չսպասեցին որևէ մեկի օգնությանը: Անձնվիրաբար դուրս եկան թշնամու դեմ, արյուն թափեցին հանուն հայրենիքի, հանուն իրենց ընտանիքների ու ապագայի:

Այդ հերոսներից մեկն էլ Ռոբերտ Աբաջյանն է, ով զոհվեց Մարտակերտի ուղղությամբ մարտական դիրքը պաշտպանելիս: Հերոսը հետմահու պարգևատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումով, «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

Մարտի 31-ին տեղի ունեցավ Ռոբերտ Աբաջյանին նվիրված ֆիլմի ցուցադրումը, որում ներկայացված էր նրա կյանքի պատմությունը: Ծնողները, հարազատները, դասախոսները պատմում էին հերոսի մասին ու հպարտանում, որ ճանաչել են նրան: Կադրերում երևում էր այն դիրքը, որում Աբաջյանը վերջին նռնակով իր հետ պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի:

Հուշ-ցերեկույթի ընթացքում անուն առ անուն հիշեցին քառօրյա պատերազմում զոհված տղաներին, լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Այդ լռության մեջ լսվում էր ներկաների երախտագիտության խոսքն ուղղված հերոսներին ու հերոս ծնած մայրերին:

Ֆիլմի ցուցադրմանը ներկա էր նաև ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նույնպես շնորհակալություն հայտնեց Աբաջյանների ընտանիքին` նման հերոս մեծացնելու համար: Վիգեն Սարգսյանը, իրենց որդու անձնազոհության ու խիզախության համար, Ռոբերտ Աբաջյանի ծնողներին հանձնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» հատուկ մրցանակը:

Ռոբերտն ու իր մարտական ընկերները չգիտեին էլ, որ րոպեներ հետո դառնալու էին  հերոսներ: Հայոց պատմության մեջ ավելացան նոր Վարդաններ, Մոնթեներ ու Թաթուլներ, որոնց մասին սերունդները կխոսեն դարերով:

 

Լիանա Բրյան

2-րդ կուրս

Կիսվել