Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց, որ ինչպես նախորդ երկու դեպքերում, Ադրբեջանն այս անգամ նույնպես ի զորու չգտնվեց կամ չկարողացավ կատարել հրադադարի ռեժիմի իր ստանձնած պարտավորությունը և շարունակեց ագրեսիան։
«Այսօր արդեն մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ թիրախավորվում են Արցախի բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքները»,-ընդգծեց Նաղդալյանը։
ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Իսկ այս պահին, տեղի է ունենում ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հետ:
«Ժնևի վաղվա հանդիպումը միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին ես այս պահին տեղեկություն ունեմ: Օրվա փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով: Ինչ վերաբերում է օրակարգին, մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին: Եվ մեզ համար առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմամբ: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։