Գեղագիտության ազգային կենտրոնում հոկտեմբերի 30-ին հատուկ ցուցադրությամբ ներկայացվեց հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը՝ 29 լուսանկարչական աշխատանքով: Ցուցադրությունը նախաձեռնել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ:
Ներկայացված արցախյան շարքը հանդիսատեսը հնարավորություն է ունեցել տեսնել 2017 թվականին Նկարիչների միությունում։ Այդ ժամանակ ցուցադրվել է լուսանկարչի 182 աշխատանք: Այժմ Գագիկ Հարությունյանի 29 լուսանկարները ներկայացվել են վաճառքի։ «Ցուցադրության նախաձեռնողների նպատակը թիկունքի ամրապնդման գործում արվեստի միջոցով ներդրում կատարելն ու առաջնագծում գտնվող հայ զինվորին հնարավոր օժանդակություն ու աջակցություն ցուցաբերելն է: Ցուցադրության պատկերագրքերի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,-նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ Սոնա Հարությունյանը:
1970-ականներից սկսած՝ Գագիկ Հարությունյանի լուսանկարկները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական և համամիութեանական պարբերական մամուլում, որոնք տարածվել են նաև արտասահմանում: Այս տարիներին լուսանկարիչը բազմիցս գործուղվել է եվրոպական և աֆրիկյան երկրներ՝ ստեղծելով և հանրությանը ներկայացնելով իր յուրատեսակ պատմությունների շարքերը: Լուսանկարչին հետաքրքրել են ոչ միայն այցելած երկրները կամ առհասարակ ճամփորդական թեմաները։ «Ես ամենուրեք փնտրել եմ առավելապես մարդուն, ձգտել եմ բացահայտել մարդու և բնության հարաբերությունը, մարդու և տիեզերքի անտեսանելի կապը, ինչն ակնհայտորեն երևում է նաև իմ «Ղարաբաղ» շարքի յուրաքանչյուր լուսանկարի մեջ»,-ասաց Գագիկ Հարությունյանը:
Շարքը ստեղծվել է 1992-1997 թթ.-ին՝ ղարաբաղյան պատերազմի առաջնագծում, Արցախի տարբեր շրջաններում: Խորագրի անունն էլ կապվում է հենց Արցախի հետ, որը պարզաբանեց ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Վիգեն Գալստյանը. «Պատմությունը միշտ կրկնվում է: Վերնագիրն առնչվում է հենց Արցախին՝ որպես տարածք, որտեղ մենք անվերջ վերադառնում ենք: Արցախը մեզ համար մագնիսական շրջանակ է, որը մեզ միշտ կանչում է»:
Ցուցահանդեսը այցելության համար բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը:
Վիկտորյա Հովեյան, Նորա Ղազարյան
3-րդ կուրս