«Հեռախոսի մարտկոցն այդպես էլ չլիցքավորվեց»

«Հեռախոսի մարտկոցն այդպես էլ չլիցքավորվեց»

2271

Աբովյանցի Դավոն (չէր սիրում, երբ իրեն Դավիթ էին ասում) սեպտեմբերի 29-ին անցավ այն տղերքի շարքերը, որոնք հանուն հայրենիքի՝ հերոսացան։ Հորոսի պատասխանատվության զգացումն  ու մարդկային արժեքները դրսևորվել են մանկուց։ Դավոյի մորաքրոջ հուշերում դեռ երկար կապրեն զարմիկի մանկության դրվագները. «Դավոս շատ պարտաճանաչ ու պատասխանատու էր։ Պատասխանատու էր անգամ իր խաղերի ու չարաճճիությունների մեջ։ Երբ փոքր էին, ինքն ու աղջիկս շատ անգամներ էին չարություն արել, մեծերին «անհանգստացրել», ու երբ մենք բարկանում էինք, Դավոն հերոսի պես ամբողջ հարվածն իր վրա էր վերցնում ու չէր թողնում, որ քրոջը մի բան ասեինք։ Հիմա էլ այդպես վարվեց, ստանձնեց հայրենիքի պաշտպանության գործն ու ամբողջ հարվածը վերցրեց իր վրա»։

Ինչպես շատ փոքրիկներ, այպես էլ Դավոն իրեն սիրում էր նմանեցնել հերոսներին։ Եթե մյուս երեխաների հերոսները «Սարդ Մարդն» ու «Բեթմենն» էին, ապա Դավոն ցանկանում էր արջի նման ուժեղ ու հզոր լինել, դրա համար էլ անդադար կրկնում էր, որ ինքը Արջ Դավոն է։

Դավոյի հետ վերջին անգամ եղբայրը  սեպտեմբերի 27-ի երեկոյան է խոսել, երբ կռիվը նոր էր սկսվել։ «Զանգեց, ասեց՝ ես լավ եմ։ Արդեն դիրքեր էին հասել, ու ուզում էր տեղեկացներ, որ մարտկոցը դատարկ է, ու խոստացավ լիցքավորելուց հետո զանգի։ Դրանից հետո էլ զանգ չեմ ստացել․․․ մարտկոցը այդպես էլ չլիցքավորվեց»:

Հարազատներն ասում են, որ Դավիթը շատ կամեցող էր, բոլորին օգնում էր, ամեն բան անում էր իր շրջապատի, բարեկամների ու ընկերների համար։ Ընկերները Դավոյի համար շատ կարևոր էին ու թանկ։ Դավոյին վիրավորում ստանալուց հետո, հենց իր ընկերը՝ Հենոն էր դիրքերից իջեցրել, որ տանեին հոսպիտալ։

Դավոյի ամենամոտ ընկերներից Ջիվանը, թեև շատ բաներ ունի պատմելու, բայց ընկերոջ մասին խեսելուց հայացքը  հառում է երկինք ու երկար ժամանակ լռում։ «Ես ու Դավոն ընկերություն էինք անում տասը տարուց ավելի։ Սկզբում ծանոթներ էինք, հետո չգիտեմ ոնց մտերմացանք։ Երբ ծառայում էի, ամեն օր մեր տուն էր գնում, ծնողներիս օգնելու ու մենակ չթողնելու համար։ Նա մեր ընկերներից ամենափոքրն էր, բայց տարիքային տարբերությունը, միևնույն է, չէինք զգում»:

Ջիվանը պատմում է, որ Դավոյի երազանքներից մեկն այն էր, որ ընկերներն իրեն զորամասից տուն տանեին։ «Երազանքներ շատ ուներ, ունեինք երազանքներ, որոնք միասին պետք է իրականացնեինք․․․ հիմա այդ երազանքների մասին խոսել չեմ ուզում, անկարող եմ, բայց ուզում եմ բոլորին վստահեցնել, որ Դավոյի բոլոր երազանքները հատ-հատ իրականացնելու եմ»։ 

Ընկերոջ խնդրանքով, Դավոյի մասին նաև գրվել է բանաստեղծություն, որը կարճ ժամանակում մեծ տարածում գտավ․

2000…2001…2002 թիվ,

Ազգը հերոսներ ծնեց բազմաթիվ,

Որ հերոսացան, երկինք գնացին,

Հրեշտակ դարձած՝ սուրբ պար բռնեցին։

Մեր հերոս Դավոն տանկիստ էր ու քաջ,

Առանց սարսուռի նա գնաց առաջ,

Մի աստղ էլ այսօր վառվեց երկնքում,

Ու մի տան ճրագ մարեց մոր սրտում։

Ցավը դաժան է, կորուստն անդառնալի,

Տեղդ դատարկ է, բաժակներն են լի,

Հայրենիքը քեզ իր սուրբ գիրկն առավ,

Մորդ տաք գրկից քեզ պոկեց տարավ։

Դարձար դու հերոս ու ազգի պարծանք,

Գործդ՝ փառահեղ,արարքդ՝ սխրանք,

Ճախրիր երկնքում, իմ հերոս որդի,

Մայրդ քեզ ծնեց, որպես քաջորդի։

Սեպտեմբերի 28-ին ավարտվեց քո կյանքը,

Մարտունին էր քո ծառայության վայրը,

Բայց Հադրութը դարձավ քո սրբավայրը,

Վրեժդ կառնեն մեր հերոս տղերքը։

Անունդ փառքով կհիշենք հավերժ,

Դու մեզ հետ ես միշտ, կաս ու կլինես…

Աննա Ասմանգուլյան

3-րդ կուրս

Կիսվել