«Պետք չէ ստեղծել հրեշների, հետո սկսել իրենցից պաշտպանվել»․ հոգեբույժ Արմեն Սողոյան

«Պետք չէ ստեղծել հրեշների, հետո սկսել իրենցից պաշտպանվել»․ հոգեբույժ Արմեն Սողոյան

901

Արդեն երրորդ անգամն է «Մեդիա կենտրոնը» կազմակերպում է «Ամեն ինչ լավ կլինի» խորագրով օնլայն վեբինարների շարքը։ Վեբինարների ընթացում նախապես ընտրված թեմայի շուրջ քննարկումներ են իրականացվում։ Հարցերն ուղարկվում են նախօրոք, նաև հնարավոր է դրանք ուղղել վեբինարի ժամանակ։ Միջոցառումն իրականացնում է «Հանրային լրագրության ակումբը», Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի աջակցությամբ։ Այն կայանում է zoom հարթակում, հեռարձակվում է նաև Մեդիա կենտրոնի սոցիալական կայքերի գրեթե բոլոր հարթակներում՝ Instagram,, Facebook, Telegram, Twitter, նաև կարող են դիտել յութուբյան ալիքում։

Այս անգամ վեբինարը վարեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանը։ Նա նշեց, որ և՛ սովորական կյանքում, և՛ պատերազմական իրավիճակում շատ կարևոր է չտրվել տարատեսակ ապատեղեկատվությունների, փորձել զսպել հուզական արձագանքը, ներարկել սեփական ես-ի մեջ լավատեսություն, որն էլ շատ օգտակար է նման իրավիճակում։ Չտրվել նեգատիվ ինֆորմացիայի՝ պրովոկացիաների և սադրանքների։

Օգտատերերից մեկի հարցին՝ ինչպե՞ս կառավարել վախերը, պարոն Սողոյանը պատասխանեց․ «Շատ կարևոր է սեփական հույզերն ընկալել այնպիսին, ինչպիսին կան և լրացուցիչ չվախենալ դրանցից»։

«Մենք չենք կարող չվախենալ, ընդամենը պիտի կարողանանք կառավարել դրանք։ Կառավարելու գործիքը մեր գիտակցությունն ու մտքերն են, որոնք կարող են արդեն մեր հույզերի վրա անդրադառնալ։ Մարդը պիտի կարողանա կառավարել մտքերը՝ կենտրոնացնելով դրանք  օգտակարի կամ հաճելիի վրա»․ պատասխանեց հոգեբույժը։

Այս օրերին շատ կարևոր է իմանալ՝ ինչպես շփվել վիրավորում ստացած զինվորների հետ։ Հոգեբույժը նշեց, որ վիրավորում ստացած զինվորների հետ աշխատում են համապատասխան մասնագետներ՝ տրամադրելով անհրաժեշտ հոգեբանական աջակցություն․ «Երբ որ մարդն արդեն դուրս է գրվում հիվանդանոցից, հոգեբանն այլևս չի  այցելում նրան։ Կարևոր է հասկանալ՝ ինչ իրավիճակում է գտնվում տվյալ անհատը, ուզո՞ւմ է վերհիշել կատարվածը, խոսե՞լ դրա մասին, թե՞ ոչ»։

Սողոյանը նշեց, որ եթե մարդը զբաղվում է օգտակար գործով՝ թիկունքում օգնելով, դա բարոյական աջակցություն է նախ ինքն իր համար, և մարդու խիղճը, նույնպես հանգստանում է, քանի որ մեղքի զգացում է շատերի մոտ առաջանում այս օրերին։ Հոգեբույժը նշեց, որ մարդն իր հոգեվիճակը կարգավորելու համար, վատ մտքերից ազատվելու համար՝ պիտի որևէ օգտակար գործ կատարի թիկունքում։

 Վեբինարի վերջում հոգեբույժը նշեց․ «Ծայրահեղությունների մեջ պետք չէ ընկնել, երբ որ մարդը մենակ է մնում իր վախերի հետ, շատ դեպքերում դժվար է լինում, որն էլ պիտի փորձի հաղթահարել՝ կյանքի ընթացքում ձեռքբերված փորձով, մասնագետների կողմից ներկայացված խորհուրդներով»։ Բայց, ըստ պարոն Սողոյանի,  եթե այդ ամենը  հաղթահարելը չի ստացվում, և մարդը զգում է, որ տվյալ հույզերն ազդում են իր վարքի վրա, անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետների օգնությանը։

Արմեն Սողոյանն ասաց, որ հիմնականում շատ քիչ են այն բաները, որոնցից իմաստ ունի վախենալ․ «Ավելի շատ մենք ինքներս ենք ստեղծում հրեշներին, որոնք փորձում են ուտել մեզ։ Պետք չէ ստեղծել հրեշների, հետո սկսել պաշտպանվել իրենցից։ Պետք չէ ընկնել երևակայական վախերի հետևից»։

Մերի Ալոյան

3-րդ կուրս

Կիսվել