«Մենք հաղթելու ենք, այ կտեսնես»

«Մենք հաղթելու ենք, այ կտեսնես»

754

Մալաթիա_Սեբաստիա Վարչական շրջանի Րաֆֆի փողոցում արդեն մի քանի օր է կարող ես գտնել կանաչեղեն վաճառող Լեյլա տատիկին, ով փոխում է փողոցի միապաղաղ առօրյան:

-Կոտեմ ունեմ, նանա, սոխ, խառը կանաչի, հա ու մեկ էլ մառոլ:

Հենց այսպես է սկսվում նրա և բնակիչների առավոտը: Լեյլա տատիկը առավոտյան ժամը 9-ից իր տեղում է լինում ու միշտ հետը շատ կանաչի է բերում: Ասում է՝ մինչև ամբողջը չվաճառեմ, չեմ գնա տուն: Մեկը մոտեցավ տատիկին: Մի քանի բան գնեց, տատիկը՝ թե բա էլ ի՞նչ տամ: Հաճախորդը ժպտաց. «Հերիք ա, տատ ջան»: Մեկ ուրիշը եկավ, գրկեց. «Տա՛տ, գնա տուն, արդեն ցուրտ է»:  «Չէ, չէ, լրիվ վաճառելու եմ, որ վաղը թոռս գումարը փոխանցի զինվորի հիմնադրամին»,- հետո աչքով արեց մյուս կնոջը՝ ասելով՝ մարդ ղրգի էս կողմերը, ինչքան շատ գան էնքան լավ: Մեկ ուրիշը մոտեցավ, առևտուրի վերջում տղան ասաց, որ մանրը չի ուզում, չտա: Տատը բարկացավ, թե «անպայման վերցրո՛ւ»:

Իմ հարցին, թե «տա՛տ, չես կարողանո՞ւմ տանը նստել, թե ուզում ես անպայման մի բանով օգնես զինվորներին ու մեր բանակին», պատասխանեց, որ ինքը աշխատել է սիրում. «Չէ-չէ, ի՞նչ նստեմ տանը, ես շփվել եմ սիրում, մարդամեջ դուրս գալ եմ սիրում: էն վեց տարեկան Վահեն, որ գումար ա մուծել հիմնադրամին  ընկույզ ծախելով, մենք որ փոխանցում չանենք, ամոթ կլինի, բալես»: Ժպտում է ու ասում, որ Վահեն հարյուր դրամովով ա վաճառել մի ընկույզը: Հետո շարունակում. «Ու շատ լավ ա արել, մեռնեմ ես իրա թասիբին»: Ապա զրույցը կիսատ թողնելով՝ մեկ ուրիշին կոտեմ է առաջարկում: Առևտրից հետո շարունակում է. «Թոռներս էլ են մուծել. Գերմանիայից, Լեհաստանից, Չարբախից, ես էլ եմ մուծելու, հա ու լավ եմ անելու»:

«Տա՛տ, բա չե՞ս մրսում»,- հարցնում եմ: «Ժակետս կողս դրած ա, հենց մրսեցի, վրես կգցեմ»: Հետո ժպտում է, հպարտորեն թվում ծոռներին ու թոռներին և ասում, որ մենք առողջ լինենք, մենք լավ լինենք: «Մենք հաղթելու ենք, այ կտեսնես»,- ինձ հաջողություն մաղթելուց առաջ ասաց տատիկը ու ժպիտով ճանապարհեց:

Անի Ղումաշյան

2-րդ կուրս

Կիսվել