«Մայր Հայաստան» թանգարանը նոր հաղթանակին է սպասում

«Մայր Հայաստան» թանգարանը նոր հաղթանակին է սպասում

1208

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից քաղաքը հսկող Մայր Հայաստանի հուշահամալիրը երկրի խորհրդանիշներից մեկն է դարձել: Հյուրընկալվեցինք հուշահամալիրում՝ անցյալ ու ներկա հաղթանակների շունչը կրող ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանում: 

Ջերմ մթնոլորտը զգում ես հենց մուտքի մոտ: Մեզ դիմավորեցին թանգարանի աշխատակիցները և սիրով ուղեկցեցին առաջին՝ «Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին» ցուցասրահ: Ընթացքում մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին, կորոնավիրուսով պայմանավորված, թանգարանը շատ այցելուներ չի ունեցել, սակայն սովորաբար հետաքրքիր ու հետաքրքրված հյուրերը թանգարանում անպակաս են լինում: 

Մինչ թանգարանի էքսկուրսավարը մեզ կմիանար, աշխատակիցներից մեկը հիշեց, որ մի քանի օր առաջ ռուս լրագրողներ են եղել թանգարանում, որոնք տեղյակ են եղել հայ ժողովրդի մղած պայքարից: Աշխատակցի խոսքերով՝ նրանք Արցախից էին վերադարձել, որտեղ ընթացող պատերազական գործողություններից, ադրբեջանական զորքերի կողմից խաղաղ բնակչությանը հասցված վնասներից ապշած էին:   

Ժպիտով, մեզ ուղեկցելու պատրաստակամությամբ սրահ եկավ թանգարանի էքսկուրսավարը՝ Սրբուհի Ղազարյանը, որի հետ էլ բացահայտեցինք «Մայր Հայաստանը»: 

Թանգարանի ամեն փոքր անկյունում մի մեծ պատմություն կա: Օրինակ, այս փոքրիկ փամփուշտի դեպքում: 

409-րդ դիվիզիայի մարտիկներից Մկրտիչ Մակարյանը Բելառուսում 1944 թվականին գլխի շրջանում ծանր վիրավորվում է և 1-2 ամիս բուժում ստանալուց  հետո կրկին վերադառնում  է մարտի դաշտ: Արդեն 1988 թվականին Վանաձորում բժիշկները արտառոց դեպքի են հանդիպում. դիահերձման ժամանակ Մ. Մակարյանի  գլխուղեղում գտնում են  7սմ -անոց փամփուշտ: 

Էքսկուրսավարի խոսքով՝ թանգարանի մշտական այցելուներից է եղել Խորհրդային միության հերոս Աշոտ Ամատունին, որը եղել է նաև թանգարանի տնօրենը: Սրբուհի Ղազարյանը նշեց, որ Աշոտ Ամատունին հերոսի կոչման է արժանացել 22 տարեկանում, և ցավով ավելացրեց, որ անցած տարի հերոսը հեռացել է կյանքից: 

Անցնում ենք Արցախյան ազատամարտի սրահ, որտեղ ներկայացված են գոյամարտի հետաքրքիր դրվագները, հերոսները, մեր ռազմական տեխնիկան: 

Թանգարանը հատուկ անկյուն ունի՝ նվիրված Ապրիլյան պատերազմին, որը, թանգարանի էքսկուրսավար Սրբուհի Ղազարյանի խոսքով, դեռևս ավարտուն տեսքի չէ: Այն հարցին, թե ինչպես են իրականացնում թանգարանում ցուցադրվող նյութերի հավաքագրումը, Ս. Ղազարյանը պատասխանեց. «Կապ ենք պահում Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների ընտանիքների հետ, անձնական իրերի հավաքագրում  կատարում, հետաքրքիր պատմություններ իմանում նրանցից, որոնք գրի են առնվում, որ հետագայում ներկայացվեն թանգարանում»:

Թանգարանում ամեն ոք բացահայտելու անկյուններ ունի, որովհետև այն ամփոփում է դրվագներ մի ողջ ժողովրդի պայքարից:  «Մայր Հայաստան»-ում Սրբուհի Ղազարյանի ջերմ ուղեկցությամբ շրջելուց հետո հարուստ տպավորություններով վերադարձանք նախասրահ, որտեղ էլ պարզեցինք, որ թանգարանը պատրաստվում է Տավուշում 2020 թվականին տեղի ունեցած հուլիսյան դեպքերին նվիրված ցուցադրությանը: Թանգարանի էքսկուրսավարը վստահորեն նշեց, որ Արցախյան նոր պատերազմի հաղթական ավարտից հետո հատուկ անկյուն կտրամադրվի նաև այս շրջանի հերոսներին ու հերոսական դեպքերին: 

Հաղթական տրամադրությամբ էլ հեռացանք թանգարանից: 

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել