«Ամեն օր ուշ արթնանալիս հիշում էի, որ եղբայրս վաղուց սկսել է իր...

«Ամեն օր ուշ արթնանալիս հիշում էի, որ եղբայրս վաղուց սկսել է իր օրը». զինվորի քույր

727

Կռիվը դեռ բոլորիս ուշադրության կենտրոնում է։  Ռազմաճակատում իրավիճակը մնում է կայուն լարված։ Հայ քաջերն իրենց սրբազան պարտքն են կատարում՝ պաշտպանելով հայրենիքի անգամ մի թիզ հողը։ Ընտանիքներն էլ անհամբեր սպասում են իրենց զինվորի՝ այդքան սպասված զանգին։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բնակվող Նանեի եղբայրը ժամկետային զինծառայող է։ Որդու մոտ գտնվելու և նրան սատար կանգնելու համար ռազմաճակատ է մեկնել նաև ընտանիքի հայրը՝ Սեյրան Սարգսյանը։ Զրույց ունեցանք զինվորի քույր ու դուստր Նանեի հետ։

-Գիտեմ, որ եղբայրդ համարյա մեկ ու կես տարվա զինծառայող է։ Կպատմե՞ս ձեր փոխհարաբերություններից, ինչպե՞ս էիք շփվում մինչև բանակ գնալը և հիմա։

-Իմ ու եղբորս հարաբերությունները վերին աստիճանի ջերմ են։ Մեր արկածների մասին կարելի է անվերջ պատմել։ Ես և եղբայրս զույգերի նման կապված ենք, և ինձ թվում է՝ դա պայմանավորված է նրանով, որ մենք նույն տարում ենք ծնվել։ Եղբայրս ավելի զգացմունքային է, և երբ ամառային արձակուրդներին գնում էի ինչ-որ տեղ հանգստանալու,  մեկ շաբաթը չլրացած՝ գալիս էր, որ ինձ բերեր տուն՝ պատճառաբանելով, թե երկար ժամանակ է, ինչ ես հանգստանում եմ։ Եվ ինչպես ասում են, սերը ամենավերին աստիճանի է, եթե մեկ րոպեի ընթացքում  մարդու հետ պատերազմում ես ու հաշտվում։ Ես ու եղբայրս էլ ենք այդպիսին․ ինչքան էլ կռվենք, միևնույն է, երկար կռված մնալ չենք կարող։ Եթե ես որոշեմ, որ չեմ բարիշելու, ապա նա կանի առաջին քայլը…

Բանակ գնալուց հետո մեր հարաբերություններն ավելի ջերմացան։ Ես դադարեցի մտածել, որ եղբայրս երբևէ սխալ է եղել։ Վերլուծում էի իմ քայլերն ու վերջում ինձ էի սխալ համարում, որ եղբայրս միշտ անմեղ լինի։ Ամեն հացից առաջ մտածում էի՝ եղբայրս հաց կերե՞լ է, թե՞ ոչ, ամեն օր ուշ արթնանալիս հիշում էի, որ եղբայրս վաղուց սկսել է իր օրը։ Հաշվում եմ օրերը, որոնք կարծես տարիներ են դարձել, ու ամեն օր 731 օրից մեկ օր հանում եմ՝ անհամբեր սպասելով, թե երբ եմ  ասելու, որ մնացել է մեկ օր…

-Հավանաբար եղբայրդ նախկինում ավելի հաճախ էր զանգում ձեզ։ Թե՞ հիմա էլ է կարողանում ժամանակ գտնել և զրուցել հարազատների հետ։

-Առաջ ավելի հաճախ էր զանգում, որովհետև պատերազմ չկար, իսկ հիմա, երբ ամեն վայրկյան սպասում եմ, որ զանգի ու գոնե ասի, որ լավ է, ու անջատի, շատ հազվադեպ է զանգում։ Երբ մեկ օր չի զանգում, կարելի է ասել,  որ իմ ու ընտանիքիս համար կյանքը կանգնում է։ Երբ եղբայրս լարված է լինում, մենք զգում ենք, որ նա դիտմամբ չի զանգում, որպեսզի այդ լարվածությունը չփոխանցի մեզ։ Նա նույնիսկ վիրավորվել է և մեզ մի բառ անգամ չի ասել՝ մինչև չի հասել հիվանդանոց ու օգնություն ստացել։ Երբ իրավիճակն անվերահսկելի էր, նա մեզ հույս էր տալիս, որ ամեն ինչ լավ կլինի, իսկ մեզ համար նրա խոսքը  Աստծո խոսքի պես է․ միանգամից վստահում ենք։

-Իսկ հայրիկն ինչպե՞ս գնաց։

-Մեր տարածաշրջանում օր-օրի աճում է կամավորական ջոկատների թիվը։ Մարդիկ մեկնում են կռվի դաշտ՝ իրենց պապենական հողը պաշտպանելու, շատ դեպքերում էլ նաև իրենց զավակների, մտերիմների կողքին լինելու և ոգևորելու համար։ Հայրս նույնպես մեկնել է հենց կռվի հաջորդ օրը և դեռ չի վերադարձել։ Սպասում ենք․․․

Ալվարդ Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել