«Երբեք չէի մտածի, որ կարող եմ իմ բանակն ունենալ»

«Երբեք չէի մտածի, որ կարող եմ իմ բանակն ունենալ»

3291

Անսպասելի պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախը պարենի, դեղորայքի եւ անհրաժեշտ պարագաների պակաս չունի։ Թիկունքային աշխատանքին միացել են ոչ միայն բարերարներ ու բարեգործական կազմակերպություններ, այլեւ առանձին անհատներ, ովքեր պատերազմի առաջին իսկ օրվանից ինքնակազմակերպման միջոցով օգնել ու մինչ այժմ էլ շարունակում են օգնել ոչ միայն Արցախից ժամանած ընտանիքներին, այլեւ սահմանն ամուր պահող հայ զինվորին:                            

Ինստագրամում մոտ 24.000 հետեւորդ ունեցող Սոնա Հարությունյանն էլ նրանցից մեկն է, ով պատերազմի լուրը լսելուն պես սկսել է քայլեր ձեռնարկել` իր լուման ունենալու արցախցիներին օգնելու գործի մեջ. «Հոկտեմբերի 27֊ին լուրը լսեցի, ու որոշեցի ինստագրամյան էջումս սթորի տեղադրել։ Նշեցի, որ մեծ սիրով պատրաստ եմ մեր Արցախից եկած հայրենակիցներին տուն տրամադրել, ու անկեղծ, չէի պատկերացնի, որ այդքան շատ են լինելու արձագանքները։ Մի քանի ժամ հետո, երկու արցախցի ընտանիք զանգահարեցին ու ասացին, որ ուզում են գալ Երեւան։ Ես ու ամուսինս շատ արագ ամեն ինչ պատրաստեցինք ու մեր երկու բնակարանները հատկացրինք իրենց»։

Արձագանքները, սակայն, չսահմանափակվեցին միայն այս երկուսով, օր օրի Երեւան տեղափոխվող ընտանիքների թիվը մեծանում էր. «Հաջորդ օրը, երբ արդեն մեզ դիմող ընտանիքների թիվը հասավ 30-40-ի, ինձ ու ամուսնուս միացան մեր ընկերները եւ մենք միասին կարողացանք հյուրատներում ու բնակարաններում տեղավորել մոտ 2000 մարդու, նշեմ նաեւ, որ շատերը, ցավոք, բնակարանները անվճար չէին տրամադրում, եւ վարձը տալիս էինք մենք` ընկերներով։ Իսկ երբ ընտանիքներում բալիկ է ծնվում, իր առաջին մանկասայլակը, փափուկ անկողինն ու  եւս մի քանի իրեր հատկացնում ենք»։

Սոնան ու ամուսինը, սակայն, չսահմանափակվեցին միայն արցախցիներին կացարան տրամադրելով, նրանք սկսեցին զբաղվել նաեւ սննդի հավաքագրմամբ. «Սննդի հավաքագրումն ու բաշխումն իրականացնում ենք ես, ամուսինս ու մեր կամավորները (նրանք կորոնավիրուսով պայմանավորված 1-2-ն են), որոնք օգնում են մինչեւ օրվա վերջ դասավորել հավաքված սնունդը, իսկ հետո արդեն իրականացնում եմ սննդի բաշխումը»։

Արցախցիներն իրենք են Սոնայի մասին տեղեկանում սոցցանցերից ու ստանում անհրաժեշտ օգնությունը, իսկ այ զինվորներին գտնում է հենց ինքը` Սոնան, այցելելում զինվորական հոսպիտալ, իր հետ տանում դեղորայք, սնունդ, դե իսկ քաղցրն էլ` անպակաս. «Մեր հերոսները շատ են ուրախանում, երբ այցելում ենք իրենց, բայց հիմա, կորոնավիրուսով պայմանավորված, խստացրել են հանդիպումների մասով, բայց դա մեզ չի խանգարում, մենք առանց տեսակցության էլ ենք շարունակում մեր գործը»։

Սոնայի փոխանցմամբ իր 24.000 հետեւորդներից իրեն բոլորն են օգնում, տարածում իր սթորիներն ու մի մարդու պես կանգնում իր կողքին, Սոնան վստահորեն է նշում. «Երբեք չէի մտածի, որ կարող եմ ես էլ իմ բանակն ունենալ ու էսպես թիկունք լինել մեր տղաներին»: Ինստագրամյան հետեւորդներն էլ հաճախ գումարով են օգնում. «Երբ հետեւորդներս գումար են փոխանցում` գնումների համար, դրանք ավարտելուն պես պարտավորվում եմ տեղադրել անդորրագրերը, որպեսզի մարդիկ վստահ լինեն ինչի վրա ենք ծախսում գումարը»։ Իսկ իրենց ընտանեկան բյուջեից արված հատկացումները, դուրս են մնում ինստագրամյան սթորիներից ու հրապարակումներից: Փոխանցեց, որ դրա մասին չի սիրում բարձրաձայնել, իր գործը լուռ է անում։ Չթաքցրեց նաեւ, որ եղել են օրեր, երբ օգնությունն ուշացել կամ պարզապես չի եղել. «Էդ օրերին ընկերուհիս` Մարին Աբելյան, ամեն Աստծո օր, օգնություն ա բերել, որ ոչ մի երեխա սոված չմնա։ Արդեն 36 օր, առավոտյան ժամը 10։00֊ից օգնել ու ճանապարհել ենք մոտ 2000֊3000 ընտանիքի»:

Աննա Չիբուխչյան

4-րդ կուրս

Կիսվել