«Երբ առաջնագծում էի, միայն ու միայն հաղթանակի մասին էի մտածում»

«Երբ առաջնագծում էի, միայն ու միայն հաղթանակի մասին էի մտածում»

1038

«Չէի կարող հանգիստ նստել ու տեսնել` ինչպես են հրթիռակոծում Արցախը, այն դեպքում, երբ ես կարող եմ թշնամու դեմ դուրս գալ»։

Սրանք 24-ամյա կամավոր, «Արծիվ-30 Արարատ» մահապարտների ջոկատի անդամ, ԵՊԲՀ ուսանող Արթուր Գինոսյանի խոսքերն են։ Եթե այս օրերին բժիշկները թիկունքում են կռիվ տալիս, ապա Արթուր Գինոսյանը սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, կամավորագրվել է եւ մեկնել է առաջնագիծ։   

Արթուր Գինոսյանը պատերազմի իններորդ օրը թուրքական ԱԹՍ-ի հարվածից թեթեւ վիրավորվել է, բայց չի պատրաստվում տանը երկար մնալ․ ապաքինվելուց անմիջապես հետո կրկին կգնա առաջնագիծ՝ ընկերների մոտ։ Ի տարբերություն այս պատերազմի՝ Արթուրը քառօրյա պատերազմի ժամանակ զինծառայող էր և պահի պարտադրանքով է մասնակցել պատերազմին։

«Այս անգամ ավելի շատ ցավ ապրեցի, երբ Ստեփանակերտն այդ վիճակում տեսա, բայց կրկնակի վրեժ է արթնանում, երբ խաղաղ բնակչության վրա են կրակում ու անմեղ  զոհեր են լինում»,- մեզ հետ զրույցում պատմեց Արթուրը և ավելացրեց․

«Պատերազմի դաշտում բոլորիս տրամադրությունը բարձր էր, մարտական, եւ ամեն ընկնող թշնամու հետ էլ ավելի էինք ոգեւորվում։  Իհարկե, ամեն հայի արյան կանչն է ապահովում մեր սահմանների ամրությունը, հետո էլ մեր ընկած հերոսների հիշատակը, իրենք իրենց արյամբ այդ սահմանը գծել են, եւ մեր պարտքն է պահել այդ սահմանը»։

Արթուրի խոսքով, երբ առաջնագծում էր, միայն ու միայն հաղթանակի մասին էր մտածում, եւ իր պատկերացմամբ հաղթանակը կլինի, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի․ «Արցախը լինի կա՛մ Հայաստանի մարզ, կա՛մ ճանաչվի անկախ եւ իր սահմանները ամբողջովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքներով։ Ամեն դեպքում մի բան է լսել թշնամու զոհերի մասին թիվ, մեկ այլ բան, երբ քո աչքերով ես տեսնում ու հասկանում, որ թշնամին արդեն պարտվել է»,- նշում է նա։

Հարցին, թե նա ի՞նչ ասելիք ունի համայն հայությանը, Արթուրը պատասխանեց․ «Ամբողջ աշխարհի հայությանը և արցախահայությանը կմաղթեմ, որ զինվեն համբերությամբ։ Ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ արդեն լավ է այնքանով, որ տապալվել է  թուրք-ադրբեջանաահաբեկչական բլից-կրիգը։ Այսինքն՝ 2-3 օրում նրանք հույս ունեին գրավել ամբողջ Արցախը, ինչպես նաև Հայաստանի որոշ շրջաններ, բայց ինչպես տեսանք, տապալվեց և մինչև վերջ էլ թուրքական այդ, այսպես ասած, նենգ գործողությունը, տապալվելու է»։

Գեղամ Ադյան

3-րդ կուրս

Կիսվել