«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

2204

2017թ.-ի ապրիլի 12-ից մեկնարկվեց «Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որն անցկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը և «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոը: Ըստ ստացված հայտերի՝ մրցույթ-փառատոնին մասնակցելու է ավելի քան 3000 անհատ կատարող և համույթ՝ շուրջ 35 երկրից, ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից: Ժյուրիների կազմում ընդգրկված են 72 նշանավոր արվեստագետներ 14 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ավստրիայից, ՉԺՀ-ից, Իտալիայից, Արաբական Էմիրություններից և այլն:

Փառատոն, որտեղ կներկայանան ժամանակակից հայ կոմպոզիտորները:

Իրականացրած աշխատանքների արդյունքում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը դարձել է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների ամենասիրված, ամենամասսայական մշակութային իրադարձություններից մեկը, որը նպաստում է արվեստի գործիչների միջոցով երկրների միջև միջազգային մշակութային երկխոսության և ընդհանուր մշակութային տարածքի զարգացմանը, բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, հայ դասական երաժշտության քարոզչությանը:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, կրթական ու մշակութային նշանակությանը զուգընթաց, նաև կարևոր կոչ է ուղղում աշխարհին՝ ոչ ասելու ահաբեկչություններին ու պատերազմներին, որոնք տակավին շարունակում են ալեկոծել մարդկային կյանքերը՝ պատճառ դառնալով անհամար կորուստների:

Ավանդական դարձած այս փառատոնի կազմակերպումը հատուկ արժևորում է ստանում այս տարի, երբ նշվում է ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Իտալիայի և մի շարք այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Վերածնունդ» փառատոնը սկիզբ է առել 2007թ.: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ այս՝ իր նախադեպը չունեցող երաժշտական ֆորումը վերածվեց յուրօրինակ դասական արվեստի տոնախմբության և մեծապես նպաստեց Գյումրու մշակութային կյանքի զարթոնքին: Փառատոնը կայացավ ոչ միայն կազմակերպիչների գերազանց աշխատանքի շնորհիվ, այլ նաև մասնակիցների աննախադեպ և, ինչ-որ առումով անսպասելի մեծաքանակությամբ: Շուրջ 400 պատանի ու երիտասարդ երաժիշտներ էին ժամանել Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Առաջին փառատոնը, որն իր մասշտաբներով հանրապետական էր, ոչ միայն հաջողությամբ մեկնարկեց, այլև արժանացավ հանրապետության մի շարք երաժշտական կրթօջախների մանկավարժների ու սաների ուշադրությանն ու համակրանքին:

Փառատոնը խորհրդանշում էր Կոմիտասի ծննդյան 140-ամյա հոբելյանը: Հետևաբար, իբրև կարևոր ծրագրային պայման, յուրաքանչյուր մասնակից պարտադիր նվագելու էր մեծն վարպետի ստեղծագործություններից մեկը: Փառատոնի եզրափակիչ Գալա-համերգի ընթացքում ծնվեց մշակութային այս ինքնօրինակ ֆորումի դեպի ապագան միտված հեռանկարը: 2010թ-ի մայիսի 5-13 մրցույթ-փառատոնը անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված «Մշակույթների մերձեցման միջազգային տարվա» շրջանակներում և նվիրվեց Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն էին ՀՀ Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունները, Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական «Փյունիկ» հիմնադրամը, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղը և «Շիրակ» բարեգործական հիմնադրամը: Մրցույթ-փառատոնին մասնակցեցին 10-28տարեկան շուրջ 1000 երաժիշտ-կատարողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԼՂՀ-ից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Բելառուսից: 2011թ-ի մայիսի 5-16-ը Գյումրիում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել 1200 երաժիշտ-կատարողներ՝ աշխարհի 22 երկրներից, Երևանից և մարզերից:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել