ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԱՐՏ-ԱՓ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԱՐՏ-ԱՓ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻՆ

1892

Մեկ տարին դեռևս չբոլորած Velopark-ը հայկական հավելված է բոլոր հեծանվասերների համար: Հավելվածը ստեղծող «Ափարգ» ընկերության հինգ հոգանոց թիմի անդամների մոտ Velopark-ը ստեղծելու միտքն առաջացել է հեծանվորդ ընկերների հետ զրույցի ժամանակ: Ծանոթանալով հեծանվորդների խնդիրներին՝ երիտասարդները հասկացան, որ իրենց ուժերի սահմաններում է ստեղծել մի հավելված, որտեղից  ցանկացած հեծանվորդ համակարգված կերպով կստանա իր փնտրած ինֆորմացիան: Այն ամփոփ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանով մեկ գտնվող հեծանվային կայանատեղիների, խանութների վարձակալության կետերի և պահեստամասերի/հեծանիվ վերանորոգելու հանարավորությունների մասին: Velopark-ը անվճար է և հասանելի է Android և iOS  օպերացիոն համակարգերի համար: Հավելվածի բեռնումների թիվն արդեն իսկ հատել է 400-ի սահմանը, ինչը, ըստ հավելվածը ստեղծողների, մեծ թիվ է  Հայաստանի համար, որտեղ հեծանվորդները այդքան էլ շատ չեն, իսկ հեծանիվ վարելը մեծ մասամբ ժամանց է: Հավելվածը ներբեռնելուց հետո յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում ավելացնել նոր վայրեր քարտեզի վրա: Հայաստանի բոլոր խոշոր և տուրիստական քաղաքներում արդեն իսկ կա ավելացված շուրջ 127 կետ, որոնց մեծ մասն ավելացրել են հենց օգտատերերը: «Վերջին ամիսներին հավելվածի օգտագործոմը դուրս եկավ Հայաստանի սահմաններից և մի շարք Եվրոպական երկրներում նույնպես ավելացվեցին տարբեր կետեր»,-փաստեց  «Ափարգ» ընկերության PR պատասխանատու  Գայանե Հարությունյանը: Ըստ հավելվածը ստեղծողների՝ միջազգային շուկայում velopark-ի մրցունակ դառնալու շանսերը նույնիսկ ավելի մեծ են, քան Հայաստանում: Պատճառն այն է, որ Հայաստանում հեծանվորդները անհամեմատ քիչ են  ու  հեծանիվն այստեղ այլ նշանակություն ունի, ինչ Եվրոպական երկրներում, որտեղ այն հիմնական փոխադրամիջոց է:

Օֆլայն ռեժիմով աշխատող հավելվածը ունի գործառույթներ, որոնք հատկապես օգտակար են ճանապարհորդելու դեպքում.«Հավելվածի միջոցով հեծանիվը կայանելիս կարող եք ամրագրել դրա գտնվելու վայրը քարտեզի վրա: Հավելվածի այս գործառույթի շնորհիվ այլևս անհանգստանալու կարիք չի լինի, որ հեծանիվի կայանման վայրը չեք գտնի, քանի որ հավելվածի մեկ հպումով կտեսնեք, թե որտեղ եք այն թողել»,- նշում է Գայանե Հարությունյանը:

 

Լիանա Անդրեյան

4-րդ կուրս

Կիսվել