«ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ՝ «ՀՈԴՎԱԾ 3» ԱԿՈՒՄԲՆ ԱՆՎԱՆԵԼ «ԽՈՀԱՆՈՑ»» . ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ՝ «ՀՈԴՎԱԾ 3» ԱԿՈՒՄԲՆ ԱՆՎԱՆԵԼ «ԽՈՀԱՆՈՑ»» . ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

3296

Շատերը «Հոդված 3» ակումբը անվանում են «մամուլի ակումբ», սակայն այն առավել բազմազան ծրագրերի իրականացման հարթակ է: Այսպես է կարծում Թումանյան 26 հասցեում գտնվող ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը: Մասնագիտությամբ արվեստի քննադատ Գայանեն 16 տարի է` զբաղվում է լրագրությամբ: Գայանեն թղթակցել և այսօր էլ թղթակցում է տեղական և միջազգային մի շարք լրատվամիջոցների («Առավոտ», «The Guardian», «Eurasianet.org», «Երկիր Մեդիա» («Կլոր սեղան» հաղորդաշարի հեղինակն է)): Հիմնելով «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը՝ նա հետամուտ է եղել գլխավորապես մարդու իրավունքների և սոցիալական արդարության արժեքների տարածմանն ու գիտակցության ձևավորմանը: 2016 թվականի հունիսից գործող «Հոդված 3» ակումբի անվանումը կապված է Սահմանադրության 3-րդ հոդվածի հետ, որով ամրագրված են մարդու հիմնական իրավունքները և ազատությունները:

Գայանե, ի՞նչը հիմք հանդիսացավ «Հոդվածակումբը հիմնելու համար:

-Իրականում «Հոդված 3»-ը մամուլի ակումբ չէ, չնայած շատերն են դա այդպես անվանում, քանի որ մեր ընկալումներով ակումբի առավել լայն պատկերացում չունենք, և դրա պատճառը նախադեպի բացակայությունն էր: Սա առավել լայն հարթակ է՝ հանրային և մեդիա քննարկումների, դասընթացների, ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների, մշակութային միջոցառումների, ֆիլմերի դիտումների և դրանց շուրջ քննարկումների և շատ այլ ձևաչափերի հանդիպումների համար, որոնք երիտասարդության համար կստեղծեն այլընտրանքային կրթության հնարավորություններ, իրավագիտակցության, քաղաքացիական դիրքորոշման և ակտիվության ձևավորման կամ բարձրացման նոր պայմաններ կտան:

Նման ակումբի գաղափար առաջին անգամ ունեցա 2008-ին, երբ «Ռոյթերս» գործակալությունում դասընթացների մասնակցելու ընթացքում այցելեցի «London Frontline» ակումբ,  որը հենց լրագրողական ակումբ էր, բայց ոչ այնպիսին, ինչպիսիք մեզ մոտ են՝ ասուլիսների ակումբներ, այլ հենց լրագրողական խնդիրների քննարկման, կրթության, ցուցադրությունների և այլ հանդիպումների վայր: Իհարկե, այն ժամանակ, բացառապես լրագրողական գործունեությամբ զբաղվելով, բոլորովին չէի էլ մտածում, որ ի վերջո նման մի բան ես կնախաձեռնեմ ու կստեղծեմ, բայց երազում էի, որ լիներ այդպիսի հավաքատեղի: Հատկապես նման վայրի անհրաժեշտությունը զգացի բնապահպանական տարբեր ակցիաների կազմակերպիչների քննարկումները լուսաբանելու ընթացքում, երբ տեսնում էի, որ ակտիվիստները պարզապես որևէ այգում են հավաքվում: Չկար մի վստահելի տարածք, որտեղ կկարողանան գեներացնել իրենց մտքերն ու քննարկել պայքարի ռազմավարության հարցերը, սա նաև ընդլայնեց գաղափարը և ակումբն, ի վերջո, դարձավ ոչ միայն լրագրողական, այլ նաև, կամ գուցե առավելապես, հենց երիտասարդական քննարկումների հանրային բաց տարածք:

Ինչու՞ որոշեցիք ակումբի անվանումը կապել հենց Սահմանադրության հետ:

-Ես հավատացած եմ, որ մեր երկրի զարգացման հիմքը կրթությունն է, կրթության իրավունքի գիտակցումն ու քննադատական միտք ունեցող քաղաքացի կրթելը, որևէ երկիր չի զարգանում միայն իշխանական վերնախավի բարի կամքով, այլ՝ իրավագիտակից, պահանջատեր և պատասխանատու քաղաքացու ներքևից տրվող պահանջով: Այս գաղափարական հենքն է կարևոր, իսկ դրա հիմնարար արձանագրումը տրվել է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների կոնվենցիայի և այլ կոնվենցիաների Հոդված 3-ով: Այսինքն`մեր ակումբի անվանումով տրվում է հենց այն արժեքը, որը կրում է ակումբը և պահանջում է նաև մյուսներից՝ հարգել ՀՀ Սահմանադրության Հոդված 3-ը:

Նախապես այլ տարբերակներ մտածե՞լ էիք՝ կապված ակումբի անվան, ձևաչափի հետ:

-Տարբերակները շատ էին: «Հոդված 3»-ի թիմով 3 էջանոց անունների ցանկ էինք գրել: Ի դեպ, այս տարբերակն իմ առաջարկածը չէր, այլ մեր ակումբի՝ Մարդու իրավունքների ծրագրերի համակարգող Մարիա Աբրահամյանինը: Հետաքրքիր անունների տարբերակներ ունեինք, մտածում էինք անգամ դնել «ԽՈՀանոց»՝ որպես մտքերի, խոհերի գեներացման վայր՝ հղում անելով նաև խորհրդային խոհանոցային ընդդիմությանը: Երկար վիճում էինք, կողմ և դեմ քվեարկում, բայց վերջին խոսքի և ընտրության պատասխանատվությունն, այնուամենայնիվ, իմն էր: Հասկանում էինք, որ դժվար է հիշվելու, բայց նաև կարևոր էր մտածելու դրդել, մայր օրենքի գոնե այս մեկ դրույթն այս ձևով հնարավորինս տարածել և, ի վերջո, որոշվեց ակումբն անվանել «Հոդված 3»:

 Ակումբը նախապես եղել է բնակելի տուն: Մի փոքր կպատմե՞ք ակումբ դարձած բնակավայրից:

-Մենք ի սկզբանե փորձում էինք ակումբը հիմնել մայրաքաղաքի հին ու վտանգված շենքերից մեկում: Շրջել եմ քաղաքում, մտել եմ տներ, փորձում էի գտնել մեր քաղաքում մնացած այդ սակավաթիվ հին տների տերերին, որպեսզի տարածքը տան վարձակալության: Դա էլ մեր իրավունքների խախտման մի ոլորտ է՝ մշակութային իրավունքների և հիշողության նկատմամբ հարգանքի խախտում, քանի որ մշակութային ժառանգության իրավունքի պաշտպանությունը գիտենք, թե ինչ սարսափելի վիճակում է: Ուզում էի ցույց տալ և ուղերձ հղել իշխանություններին, որ դուք քանդում եք, իսկ մենք վերցնում և պահպանում ենք, նորն ենք ստեղծում, մեկ մակարդակ ավելի ապահովություն ենք տալիս այդ տարածքին: Սակայն, պարզվեց, որ մեր քաղաքում շատ քիչ են այն տները, որոնք, ասենք, 20-րդ դարասկզբին են կառուցվել և դեռ ունեն տերեր: Դրանք բոլորն արդեն կապալառուների սեփականությունն են: Քանի որ մեր ցանկացած տունն այդպես էլ չգտանք, փոխարենը գտանք քաղաքի սրտում այս գողտրիկ անկյունը: Ամուսինս՝ նկարիչ Արթուր Շարաֆյանը, որոշեց անակնկալ մատուցել ու ակումբի պատերից մեկի վրա այլևս գոյություն չունեցող հին Երևանի տեսարանը պատկերեց։ Այդ տեսարանն այցելուներին մշտապես հիշեցնում է վերացող մշակութային արժեքների և եղածը պահպանելու անհրաժեշտության մասին: Այս տանը մեր արած առաջին փոփոխություններից մեկը հենց այս պատկերն է։ Առհասարակ, շատ մանրակրկիտ քննարկել ենք ակումբի ամեն մի դետալը, պատերի, սեղանների գրառումները, ուղերձները, պատերի վրայի տեքստերը: Սեղանների վրայի գրառումներով փորձում ենք հնարավորինս շատ ուղերձներ հղել, և դա անել ոչ միայն տարածված օտարազգի հեղինակների հայտնի խոսքերի միջոցով, այլ հենց մեր` հայ մեծերի խոսքերից գտնել իրավունքի գերակայությանը, հավասարությանը վերաբերող մտքեր:  Օրինակ, «Սասնա Ծռերից» վերցված այս հատվածը՝ «Առյուծն առյուծ է, էղնի էգ, թե որձ», շատ կարևոր մեսիջ է, և լավ է, որ այն հենց մեր էպոսում է եղել։

Կա՞ն արդյոք կառույցներ, որոնք օժանդակում են  «Հոդվածակումբին:

-Ակումբը հիմնադրվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական, նաև գաղափարական աջակցությամբ՝ կարևորելով հանրային և բաց տարածքների ստեղծումը Հայաստանում, որն, ի դեպ, տարբեր երկրներում արդեն մշակութային առանձին ավանդույթ է դարձել:

 Արդյո՞ք կիրառում եք միջազգային փորձը՝ ակումբում հանդիպումներ կազմակերպելիս:

-Ընդհանուր առմամբ, ակումբի գործունեության ռազմավարությունը մշակել ենք՝ ելնելով մեր երկրում առկա իրավիճակից և երիտասարդների պահանջմունքներից, բայց օգտվելով այն հիմնական գործիքակազմից, որոնք ողջ աշխարհում կիրառում են՝ երիտասարդական բանավեճեր, քննարկումներ, մշակութային տարբեր ակցիաներ և այլն:

Հոդված 3»-ի միակ նպատակը քննարկումներ կազմակերպե՞լն է, թե՞ նաև այլ գործառույթ է իրականացնում (օրինակ՝ բարեգործական):

-Գործունեության ուղղությունները շատ բազմազան են, մենք հաջողությամբ իրականացրել ենք մի քանի բարեգործական ծրագրեր, որոնցից առաջինը «SOS ԱՐԹԻԿ 2016» արշավն էր՝ նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել հունիսին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած ընտանիքների դպրոցահասակ երեխաներին։ Ընդհանուր հավաքվեց 220.920 դրամ, ինչպես նաեւ արկղերով հագուստ, խաղալիքներ եւ գրենական պիտույքներ։ 26 դպրոցահասակ երեխաներ ստացան պայուսակներ եւ գրենական պիտույքներ, 10 մանկապարտեզային տարիքի երեխաներ ստացան իրենց տարիքին համապատասխան պայուսակներ եւ գրենական պիտույքներ։ Հավաքված գումարով, բացի գրենական պիտույքներից, գնվեցին նաեւ մարզագույք թիվ 2 դպրոցի սպորտդահլիճի համար եւ խաղեր ու խաղալիքներ թիվ 2 մանկապարտեզի համար։ Նմանատիպ առավել փոքր ակցիաներ ենք իրականացրել նաև այլ համայնքների համար:

 Հոդված 3»-ում տեղի ունեցած առաջին քննարկումը և նաև ամենատպավորիչ քննարկումը կհիշե՞ք:

 -Մեր ակումբը բացվեց 2016թ.-ի հունիսի 28-ին՝ նորանկախ Հայաստանի քաղաքացիական պատմությունները վավերագրող լուսանկարչական ցուցահանդեսով, և հենց հաջորդ օրը` հունիսի 29-֊ին, մեր առաջին քննարկումն էր։ Այդ շրջանում լրանում էր #ElectricYerevan անվանումը ստացած պայքարի առաջին տարին, և մեր քննարկումը հենց այդպես էլ կոչվում էր՝  #ElectricYerevan-֊ի ֆենոմենը՝ որպես քաղաքական, հասարակական, քաղաքացիական պայքարի գործընթաց, հանրային ընդվզման նոր դրսևորում։ Հետաքրքիր քննարկումներ շատ ենք ունեցել, և  ամեն մեկն էլ կարևոր է եղել  իր նպատակի, թիրախների  հասանելիության և գիտելիք տրամադրելու, նոր դիսկուրս ձևավորելու տեսանկյունից:

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ «Հոդված 3»-ի հավատարիմ այցելուներին առաջիկայում հետաքրքիր միջոցառումներ են սպասվում: Ապրիլի 28-ին կայանալիք՝ «Հայաստանի զարգացման քաղցկեղը. ԿՐԹՈՒԹՅԱՆ չիրացվող ԻՐԱՎՈՒՆՔ» խորագրով ցուցահանդեսին քննարկվելու են Հայաստանի մարզային դպրոցներին և դրանց ներկայիս վիճակին առնչվող խնդիրները. «240 հազարից ավելի երեխա գրեթե զրկված է կրթական նորմալ պայմաններից, իսկ կրթության որակի մասին ավելորդ է անգամ խոսելը»,-ասում է Գայանեն: Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ նույնպես նախատեսում են թեմատիկ քննարկումներ, իսկ մայիսին նպատակ ունեն անցկացնել լրագրողական դասընթաց:

 

Նելլի Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել