«Տիգրանը մեզ փրկեց, եթե Տիգրանին չտանեինք, մենք էլ չէինք լինի»

«Տիգրանը մեզ փրկեց, եթե Տիգրանին չտանեինք, մենք էլ չէինք լինի»

1461

Տիգրան Արշակյանը ծնվել է 2000 թ․ դեկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում:   Սովորել է տեղի թիվ 1 դպրոցում։ 2019 թ․ հուլիսի 25-ին զորակոչվել է բանակ: Տիգրանի փոքր քույրը` Էլենը պատմեց, որ Տիգրանը  շատ ուրախ էր, որ բանակ էր գնալու, նույնիսկ շտապում էր ծառայության: Հարազատները մեծ շուքով քեֆ էին արել՝ Տիգրանին բանակ ճանապարհելու համար։  Տիգրանը ծառայում էր Մեղրիում, ընտանիքի խոսքով` ծառայությունը շատ լավ էր անցնում: Զորամասում  ծաղիկներ էր աճեցնում և այդ փաստը ընտանիքին շատ էր զարմացրել, քանի որ իրենց տան ծաղիկներին Տիգրանը երբևէ ուշադրություն չի դարձնել:  

«Տիգրանը  2 տարեկանում սարից մինչև Սուրբ  ոտքով  գնացել ա, ու ասեմ` բավականին երկար ճանապարհ էր: Մանկուց  շատ աշխույժ ու ժպտերես երեխա է եղել։ Մեր ընտանիքի ավագ զավակն էր»,- պատմում էր Տիգրանի մայրը:

Մարտական ընկերոջ` Արայի խոսքով՝ հոկտեմբերի 10-ի մարտերի ընթացքում  Տիգրանը վիրավորվում է։ Այդ ժամանակ 4 ընկերները նրան մեքենայով արագ դուրս են բերել մարտի դաշտից: «Տիգրանը մեզ փրկեց, եթե Տիգրանին մենք  չտանեինք մարտի դաշտից  էդ  ժամանակ, մենք էլ չէինք լինի»,- շեշտեց ընկերը: Տիգրանը, ծանր վիրավորում  ստանալով,  տեղափոխվում է  Գորիսի  հոսպիտալ,  իսկ հետո` Երևան: Այդ ընթացքում նա եղել է կոմայի մեջ, իսկ հոկտեմբերի 14-ին, ցավոք, Տիգրանը մահանում է․․․

Տիգրանի անգլերենի ուսուցչուհին` Ալիտա Սահակյանը, պատմում էր, որ Տիգրանը շատ ընկերասեր էր, օգնող և շատ ընդունակ, բայց կարդալ չէր սիրում. «Մի օր դասը բացատրեցի, հետո Տիգրանին կանչեցի գրատախտակի մոտ։ Ինչ առաջադրանք տվեցի` ճիշտ գրեց, ինքն իր պատասխանի վրա զարմացավ»:

Տիգրանի դասընկերուհին` Գայանեն, հիշում է, որ  Տիգրանը բոլորի կողմից շատ սիրված էր, շատերի լավագույն ընկերը. «Ամեն անգամ նրա անունը տալիս՝ մտովի տեղափոխվում եմ մանկություն։ Տիգրանի հետ 12 տարի նստելով նույն նստարանին անչափ շատ դպրոցական հուշեր ունեմ: Լինելով Տիգրանի և´ դասընկերուհին, և´ զարմուհին՝ իմ հուշերում չեմ գտնում այնպիսի պահ, որ նա նեղացներ որևէ մեկին, նա միշտ ուրախություն ու դրական էներգիա էր շռայլում բոլորիս։ Ավարտական վերջին քննության օրը ամենամտերիմ հինգ ընկերներով որոշեցինք որպես դպրոցական վերջին հուշ մեր այգում պահել  մեկ շիշ կոնյակ՝ ուխտով։ Որոշել էինք երբ բոլորս ընտանիք կազմեինք, նորից հավաքվեինք, և Տիգրանը հաներ իր անաղարտ ձեռքով պահած հուշը։ Բայց ավաղ, կյանքը մեզ չպարգևեց այդ հաճույքը։ Տարիներ հետո գուցե կկատարենք այդ երազանքը ու կմտածենք, որ Տիգրանը երկնքում ուրախ է՝ մեր ուխտը չդրժելու համար․․․»:

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել