ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ԿԱՆԱՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ԱՅՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ԶԳԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԵՆՑ ԿՐՈՆԱԿԱՆ...

ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ԿԱՆԱՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ԱՅՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ, ԹԵ ԱՐԴՅՈՔ ԶԳԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԵՆՑ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ, ԹԵ ՈՉ

7334

Դարեր շարունակ կանայք տարբեր մշակույթներում ավանդաբար կրել են բազմաթիվ հագուստներ, շպար, զարդեր, աքսեսուարներ, որոնք խորհրդանշել են այս կամ այն հատկանիշը:

Այսօր ողջ Եվրոպայում, և ոչ միայն այնտեղ, բնական երևույթ է տեսնել հիջաբով կանանց ամենուր՝ փողոցներում, խանութներում և այլ հասարակական վայրերում: Մուսուլմանների մեծ մասը հիջաբը համարում է և՛ կրոնական, և՛ կանացիության խորհրդանիշ։
Այն դեպքում, երբ Արևմուտքում հիջաբը համարվում է կնոջ ազատությունների ոտնահարման, կնոջ իրավունքների նսեմացման և ճնշված լինելու խորհրդանիշ, իսլամը, ընդհակառակը, այն համարում է կնոջ պաշտպանվածության խորհրդանիշ։ Հիջաբ կրելը մուսուլման կնոջ համար, ըստ Ղուրանի ` համարվում է Ալլահին և նրա մարգարեին հնազանդության նշան. «Ո՛վ Մարգարե, ասա՛ քո կանանց և դուստրերին և հավատացյալների կանանց` իրենց քողերը հագնեն, երբ դրսում են. այդպիսով նրանք անճանաչելի կլինեն և հետապնդումներից զերծ» (Ղուրան, 33:59)։ Հիջաբ կրելը  օրենքով ամրագրված և կնոջ կողմից այն կրելը իսլամական օրենսդրության՝ շարիաթի գլխավոր դրույթներից մեկն է, որի խախտման դեպքում կանայք կարող են պատժվել` արժանանալով մտրակի հարվածների և նույնիսկ ազատազրկման:

Մուսուլման կանանց գլխաշորերի ու հագուստների տեսակները.  դրանց պահանջվածությունը, կանանց կողմից ընդունված լինել-չլինելը  և կիրառումը:

Մուսուլման կանանց գլխաշորերից և ավանդական հագուստներից են հիջաբը, նիկաբը, փարանջան, չադրան և աբայան:

Իսլամում գլխաշոր կրելու (հիջաբ) ավանդույթը գալիս է 7-րդ դարից, այսինքն իսլամի տարածումից հետո: Նախապես գլխաշոր կրել են միայն Մուհամեդ մարգարեի կանայք: Հիջաբը լայն տարածում գտավ հիմնականում քաղաքներում, իսկ գյուղերում կանայք գերադասում էին այն չկրել: Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Հիջաբը միայն գլխաշոր չէ, այլ հագուստ է, որը ամբողջովին համապատասխանում է Շարիաթի պահանջներին: Այն կարվում է չձգվող կտորից և երկար է:
Թուրք կանայք գերադասում են «տյուրբանը», որը զարդարված է տարբեր աքսեսուարներով, երբեմն ծաղիկներով:
Նիկաբը նույնպես գլխաշորի տեսակ է. այն կապելիս բաց է թողնվում միայն աչքերի հատվածը: Որպես կանոն լինում են սև գույնի: Նիկաբի հետ կարելի է նաև ձեռնոց կրել: Մուսուլմանական ևս մեկ հագուստի տեսակ է փարանջան կամ բուրքան: Այն տարածված է Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում: Փարանջան երկարաթև զգեստ է, որը ոտքից գլուխ ծածկում է կնոջ մարմինը:  Մուսուլմանական երկրներում հաճախ կարելի է տեսնել ամբողջությամբ սպիտակ հագած ամուսնուն՝ բուրքա հագած իր սևազգեստ կնոջ հետ:  Չադրան ևս  մուսուլման կնոջ զգեստի տեսակ է, այն հիմնականում լինում է սպիտակ, երկնագույն կամ սև և ամբողջությամբ ծածկում է կնոջ մարմինը: Չադրայով կանանց հաճախ կարելի է տեսնել Աֆղանստանում և Պակիստանում:

Արաբական թերակղզում կանայք կրում են աբայա: Այն հիմնականում սև, նուրբ զգեստ է: Կանայք իրենց զգեստները հետաքրքիր դարձնելու համար շատ հաճախ ասեղնագործում են դրանց վրա:
Մալազիայում կանայք կրում են բաջու կեբայա և բաջու կուրունգ: Այն լրացնում են երկար շալով:  Մալազիայում ավանդական զգեստ են հագցնում նաև երեխաներին:

Արդյո՞ք զգեստավորումն  իրենց կրոնական համոզմունքներից է բխում, թե ոչ:
Շատ երկրում կան կանայք, ովքեր չեն համակերպվում կանանց թելադրվող օրենքներին` կապված հագուստի, վարվեցողության, ընտանեկան կարգավիճակի հետ: Նրանք ձգտում են ազատության, ցանկանում են լողափ գնալ լողազգեստով, ոչ թե աբայայով, ցանկանում են առանց կաշկանդվելու և քննադատվելու շփվել հակառակ սեռի հետ: Բայց միևնույն է, կանանց հարցում շարունակվում է պահպանել ավանդական մոտեցումները:

Հիջաբի (գլխաշորի և մարմնի ծածկոցի) մասին Ղուրանում ասվում է. «Ասա հավատացյալ կանանց, որ ներքև սևեռեն իրենց հայացքը եւ պաշտպանեն իրենց սեռական օրգանները: Նրանք չպետք է ցույց տան իրենց զարդարանքները, բացառությամբ  նրա, ինչն ակնհայտ է, եւ թող ծածկեն իրենց ծածկոցներով կրծքավանդակի բացվածքը եւ չբացահայտեն իրենց գեղեցկությունը բացի իրենց ամուսինների եւ նրանց հայրերից կամ նրանց որդիներից կամ քույրերից և  ստրուկներից, չափահասության չհասած երեխաներից… », իսկ, գլուխը ծածկելու մասին, Նոր Կտակարանում հետևյալն է ասված. “Ամեն մարդ, երբ աղոթք է անում կամ մարգարեանում, և գլուխը ծածկած է լինում, անպատվում է իր գլուխը: Եվ ամեն կին երբ աղոթք է անում կամ մարգարեանում գլխաբաց, անպատվում է իր գլուխը ” (Ա Կորնթ. 11:4-10):       Բացի Ղուրանից, Հիջաբի վերաբերյալ բազմաթիվ հադեսներ կան, որոնցում նշվում են դրսում՝  կնոջ քողարկված լինելու պատճառներն ու առավելությունները, ինչպես, օրինակ. «Յուրաքանչյուր մուսուլման կին, որը բացի իր ամուսնու տանից որևէ այլ տեղ կհանի իր հագուստը, կկորցնի Աստծու պաշտպանությունը», կամ, ասենք` «Յուրաքանչյուր կրոն ունի իր բարոյականությունը, իսլամի բարոյականությունը համեստությունը, ամոթխածությունն են» և այլն։

Եզրահանգումներ:

Իսլամի մեջ կնոջ դերը և առհասարակ կին և տղամարդ հարաբերությունները դրված են ավելի շատ սահմանափակումների, սահմանների մեջ և ավելի չոր են, ի տարբերություն քրիստոնեության, որտեղ հարաբերությունների հիմքում առաջնայինը սերն է: Այն տեսակետի հետևորդները, որոնք ասում են, թե մուսուլման կանայք ավելի բարոյական են, ավելի համեստ են և ավելի նվիրված, պետք է նաև ի նկատի ունենան, որ ճիշտ չեն այս ամենը և, մարմինը շորի տակ թաքցնելը, դեռ չի նշանակում լինել բարոյական կամ համեստ:
Հասարակության առողջությունը պահպանելու համար իսլամը կոչ է անում կանանց ծածկվել, իսկ տղամարդկանց՝ դրսևորել ինքնատիրապետում և ազնվություն:  Իսլամի տեսանկյունից արժանի հագուստը նպաստում է նրան, որ կանայք և տղամարդիկ միասին կարողանան ապրել առողջ միջավայրում՝ չտրվելով սեռական հակումներին և կրքերին: Այլ կերպ ասած, հիջաբը իսլամում հիմնված է կանանց և տղամարդկանց ինքնատիրապետման ուժեղացման վրա: Հիջաբը չի թույլատրում, որպեսզի կինը զրկվի իր մարդկային կոչումից և վերածվի ապրանքի: Իսլամում հիջաբ կրելու քարոզումը չի նշանակում, որ կինը պետք է գտնվի տնային կալանքի տակ և զրկվի հասարակության սոցիալ-տնտեսական կյանքին մասնակցելու իրավունքից:

Ի դեպ. . .

Վերջերս մի նյութ կարդացի, որից հետո եկա մի  համոզման՝  մուսուլման կանայք ևս ցանկանում են լինել հավասար բոլոր կանանց նման: Նյութում մասնավորապես ասվում էր, որ վերջին շրջանում լողազգեստներն սկսել են մեծ պահանջարկ վայելել մուսուլման կանանց շրջանում, և Թաթարստանում վաճառքի են հանվել հատուկ լողազգեստներ` մուսուլման կանաց համար: Նման «մահմեդական» լողազգեստները բաղկացած են տաբատներից, երկար բլուզից և գլխարկից, որը ծածկում է մազերը և պարանոցը: Այսինքն մարմնի հատվածում բաց է լինում ձեռքերի և ոտքերի թաթերը, ինչպես նաև դեմքը: Ճիշտ է` այս պարագայում լողազգեստ ասելը հարաբերական է, քանի որ այս լողազգեստներն ավելի շուտ հիշեցնում են իրենց ավանդական հագուստը՝ երկարաթև բլուզ, երկար տաբատ և գլխաշոր, սակայն ի տարբերություն այդ զգեստների, սրանով լողանում են մուսուլման կանայք և այս լողազգեստների համար մուսուլմանուհիները պարտական են ավստրալացի ոճաբան Ախեդա Զանետիին:

Մի քանի փաստեր այն մասին,  որ որոշ կանայք   հագուստները կրում են սահմանված օրենքներից ելնելով.

Շրի Լանկայում Իսլամական խորհուրդը մուսուլման կանանց շրջանում գունավոր հագուստ տարածելու ընկերություն է ստեղծել: Նախագծի հեղնիակն ասում էր, որ այս ամենը դրական արձագանքներ է առաջ բերել մուսուլման կանանց մոտ, ովքեր ուրախությամբ սև գույնի աբային փոխում են գույնզգույն աբայիներով: Բավականին կարճ ժամակամիջոցում նրանք փոխանակել ենք արդեն 1200 գունավոր աբայիներ:

2014 թվականի մայիսին էլ ֆեյսբուքում բացվել է մի խումբ, որ կոչվում է «Իրանցի կանանց գաղտնի ազատություն»: Խումբը  հիմնել է իրանցի լրագրողուհի Մասի Ալինեջադը, ով այդ ժամանակ բնակվում էր Լոնդոնում: Խմբի ստեղծման հիմքում ընկած է այն գաղափարը, որ բոլոր ցանկացողները կարողանան իրենց լուսանկարները խմբում հրապարակել առանց հիջաբի, քանի որ դա նրանց համար լսելի լինելու միակ միջոցն է: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Մեծ Բրիտանիայում ապրող այդ  իրանցի լրագրողը տեղադրել է առանց հիջաբի իր նկարն ու  գրել,  որ ափսոսում է ,  որ այս նույնը չի կարող անել իր հարազատ Իրանում և նույնը չեն կարող անել բազմաթիվ իրանցի կանայք:  Նա այնքան մեկնաբանություն է ստացել այդ նկարի հետ կապված,  որ որոշել է խումբ ստեղծել,  որպեսզի այլ կանայք ևս կարողանան իրենց նկարները տեղադրել առանց հիաջբի: Մի քանի օրերի ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ ընդգրկվել են այդ խմբում ու մի ամսվա ընթացքում արդեն կես միլիոն մարդու շեմն անցել է:  Ու ոչ միայն  ընդգրկվել են,  այլև Իրանի ամենատարբեր քաղաքներում ու գյուղերում ապրող կանայք իրենք իրենց նկարները առանց հիջաբի տեղադրել  են այդ խմբում ու իրենց ցանկություններն ու երազանքն են արտահայտել այդ նկարներում՝ ասելով,  որ իրենց պահանջն ու ցանկությունն է, որ իրավունք ունենան լինել առանց հիջաբի:

Այս շարժումը ցույց տվեց, որ այդ հագուստից ազատվելը շատ էլ զանգվածային ու տարածված ցանկություն է:
Ճիշտ է, պատմության ընթացքում կինը սեփական արժանապատվությունը ձեռք բերելու համար մշտապես ձգտել է պահպանել սեփական մարմինը տղամարդու հասանելիությունից ՝  կրելով այդ հագուստը,  բայց ամեն ինչ մի շորով չի սահմանափակվում:  Մուսուլման կանայք ևս կարող են չկրել նմանատիպ հագուստներ, բայց իրենց ազնվությունը պահել այլ կերպ, լինել  պատշաճ և հեռու  մնալ օտար տղամաարդկանցից՝  ձեռք բերելով հարգանք:

Հ.Գ  Համաձայն եմ այն մտքի հետ , որ կախված նրանից, թե ով է նյութի  հեղինակը (քրիստոնյա, թե մուսուլման), այն կրում է սեփականի գովերգման և մյուսի փնովման բնույթը, սակայն փորձել եմ մոտենալ հարցին  հնարավորինս առանց վերապահումների, առանց կրոնական պատկանելիության:

Հ.Գ  Հարցադրումս, հիջաբ կրել եւ չկրելու վերաբերյալ, ուղղված չէ բացառապես բոլոր մուսուլման կանանց,  քանի որ, այսօր էլ,  շատ են այն կանայք,  ովքեր կողմ են իրենց հագուստների կիրառությանը:  Ներկայումս եւս, գրեթե բոլոր երկրներում, որտեղ հիջաբ կրելու պաշտպանության համար կազմակերպվում են բողոքի ակցիաներ, կարելի է տեսնել հիջաբավոր բազմաթիվ երիտասարդ մուսուլման աղջիկների,  որոնց հիջաբները տվյալ եվրոպական երկրի դրոշներն են,  եւ նրանք կոչ են անում պահպանել սովորույթներն ու
ավանդույթները և լինել դրանց հավատարիմ :

Օգտագործված աղբյուրներ՝

1.      http://nashasreda.ru/zhenshchina-v-islame-i-khristianstve/
2.      http://www.irates.am/hy/1352794476
3.      http://life.panorama.am/hy/news/2013/11/14/hijab-muslim-islam-women/36415
4. http://www.religions.am/arm/articles/%D4%BB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A8-%D4%B5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4/

 

Լուիզիտա Մելքոնյան

4-րդ կուրս

Կիսվել