Արթուր Ջանվելյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի 1-ին կուրսի ուսանող է: 1-ին կիսամյակն ավարտելուց հետո 2020թ. հունվարին զորակոչվել է ազգային բանակ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները: Պատերազմի մասնակից մեր զինվորը Aysor.am-ին պատմել է, թե ինչպես է ընկերների հետ մարտնչել և վիրավորվել: Ապաքինվելուց հետո Արթուրը վերադառնալու է ֆակուլտետ՝ մեծ նվիրումով և հայրենիքը շենացնելու լուսավոր երազանքներով:
Պատերազմն իր հետ ոչ մի լավ բան չի բերում, պատերազմը միայն տանում է, գողանում՝ կյանքեր, առողջություն, հավատ, էմոցիաներ… Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը 44 օրերի ընթացքում բազմաթիվ ճակատագրեր խորտակեց, կյանքեր կուլ տվեց, վիրավոր դարձրեց հայրենի Արցախն ու հազարավոր երիտասարդների։
19-ամյա Արթուր Ջանվելյանը զորակոչվել էր ամիսներ առաջ. 2020 թվականի հունվարի 17-ին զորակոչվեց Եղնիկներ, ու չէր էլ պատկերացնում, որ 8 ամիս անց մասնակիցն է դառնալու 5-րդ սերնդի պատերազմի:
«Սեպտեմբերի 27-ին դիրքերում էի: Իմ հանգստի ժամն էր, քնած էի: Առավոտյան 07:15-07:30-ի միջակայքում դիրքի ավագն արթնացրեց, թե՝ տագնապ է: Արագ վերցրեցի սաղավարտս ու վազեցի դեպի «շել» (թաքստոց, հեղ.): Վազելու ընթացքում տեսա, թե կողքի դիրքերն ինչպես են հրետակոծվում: Վայրկյաններ անց նույնը սկսվեց նաև մեր դիրքերի վրա… Ամբողջ ընթացքում պահ էինք որսում՝ դիտարկում անելու, ու սպասում էինք հրամանի», – Aysor.am-ին պատմեց Արթուրը:
Որոշ ժամանակ անց երկրորդ վաշտի տղաներին օգնության են հասնում առաջին վաշտի զինընկերները: Արթուրն ու ևս 3-4 տղաներ միասնական ուժերով կրակի տակ զենք-զինամթերքը «բլինդաժից» տեղափոխում են առավել ապահով տարածք: Այնուհետև տղաների մի մասը գումարտակի հրամանատարի կարգադրությամբ գնում է այլ դիրք:
«Մեր ջոկը պետք է հանձն առներ մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող դիրքի պաշտպանությունը: Անտառների ու ցեխերի մեջով, «կամիկաձեներից» խուսափելով, 7 ժամկետային զինծառայողներով քայլեցինք դեպի նոր դիրք: Անտառը «վերջանալուց» հետո բաց տարածքով էինք քայլում՝ միմյանցից 15-20 մետր հեռավորության վրա: Դե, եթե հանկարծ սնարյադ, ԱԹՍ ընկնի, բոլորս նույն տեղում չլինենք: Ես առջևից էի գնում, ճանապարհին հանդիպեցի առաջին գումարտակի տղաներից մեկին, ով պատմեց, թե ինչպես հենց առաջին սնարյադից իրենց մոտ «մոլոդոյ» է զոհվել», – մանրամասնում է զրուցակիցս:
27-ի գիշերը Եղնիկներում մառախլապատ էր: Վաշտի հրամանատարի հարցին՝ ո՞վ խրամատից կառաջանա ճանապարհին դիրքավորվելու՝ արձագանքում են Արթուրն ու մեկ սերժանտ: Երկու դիրքապահները կանգնում են ձորի երկայնքով՝ ճանապարհի վրա՝ միմյանցից 100 մետր հեռավորությամբ, որպեսզի թշնամին չկարողանա ձորով բարձրանալ: Թիկունքում էլ տղերքն էին, ովքեր 2 ժամը մեկ փոխարինում էին ընկերներին:
«Մենք այդ տարածքում 4 «շել» ունեինք, որոնցից մեկը սեպտեմբերի 28-ի լուսաբացին տրաքացրեցին: Հետո երկրորդ «շելը» «գնաց».. Այնտեղի տղերքին ներքևի պոստ իջեցրին: Երբ ես ու հետախուզության դասակի հրամանատարը զրուցում էինք (վերջինս զոհվեց սեպտեմբերի 29-ի գիշերը), ասեց. «2016 թվականին, ասում էին՝ «պատռոն» չկա, բա հիմա «պատռոնը» լիքն է, ինչի՞ չեն կռվում»: Բայց ասեմ, որ հիմնականում «պիխոտի բոյ» էդտեղ չկար, հրետանի էր աշխատում: Չեմ թաքցնի, կային տղերք, որ վախենում էին, խուճապի մեջ ընկնում, բայց ընդհանուր վիճակը լավ էր, նույնիսկ կատակում էինք, հումորներ անում: Անգամ վախեցողը փախչելու փորձ չի արել: Ամեն դեպքում, ես «փախնող տղա» չեմ ճանաչել… Երբ տրաքացրած «շելի» տղերքին իջեցրին ներքևի պոստ, մենք էլ մեր սկզբնական դիրքեր գնացինք, որտեղ արդեն ՄՈԲ-ի տղերքից էլ կային: Գյուլիստանից մեր կողմ հիմնականում տանկն էր աշխատում, բայց մեր տղաները շատ ճիշտ ու գրագետ էին գործում», – նշեց մերօրյա հերոսը:
Արթուրը մյուս ընկերների հետ դիտարկում էր իրականացնում՝ շարժը տղերքին փոխանցելու համար: Այդ ընթացքում թշնամու տանկի հարվածից 19-ամա երիտասարդի աչքը վնասվում է:
«Ինձ թվաց՝ հիմա ուշքս կգնա, մեռնում եմ, բայց կարողացա պինդ մնալ», – վերհիշում է զրուցակիցս ու ժպիտով խոստովանում.
«Այդ պահին մենակ տեսքիս մասին էի մտածում»:
«Բեկորի մի կտոր թռավ ու մտավ աջ աչքիս մեջ, մյուսն է՝ թիակիս: Բայց ինձ միայն աչքս էր հետաքրքրում, մեջքիս մասին ոչ մի վայրկյան չեմ մտածել:Մտածում էի՝ տնեցիք չիմանան, մեկ էլ՝ տղերքին հո բան չի՞ եղել: Ինձանից մի քանի մետր հեռավորությամբ կանգնած տղայի գլուխն ու ոտքը վիրավորվեցին: Մեզ շուտ օգնության հասան, աչքս վիրակապեցին ու այդտեղից հանեցին: Քանի որ ճանապարհն անընդհատ հրթիռակոծվում էր, շտապօգնությունը 40 րոպե ուշացումով հասավ, ցավն էլ արդեն նեղում էր…», – պատմեց Արթուր Ջանվելյանը:
Արթուրի աչքերը վիրակապելով ու ցավազրկող ներարկելով՝ տանում են Մարտակերտ, այնուհետև՝ Ստեփանակերտի, հետո էլ՝ Սիսիանի հոսպիտալ: Մերօրյա հերոսը նստելով շտապօգնության մեքենան՝ զգում է, որ ձեռքը թրջվում է, արյան հոտ է առնում: Մի կերպ բացում է չվնասված աչքի վիրակապն ու հասկանում՝ կողքին արնահոսող զինվոր է պառկած: Ցավով ու ափսոսանքով նկատում է՝ այդ պահին շունչը վրեն էր, չգիտեմ՝ ապրեց, թե չէ: Ի դեպ, նրա վիրավորվելուց հետո թշնամին 100 հոգով հարձակվում է իրենց դիրքի վրա: 16 տղաներով նրանց հետ են շպրտում:
Հոսպիտալից առաջին զանգը հորն է անում: Վիրավորվելու մասին ոչինչ չի ասում: Երբ հաջորդ օրը հայրը պնդում է, որ Ղարաբաղ է գնալու, ստիպված խոստովանում է՝ «պապ, վիրավոր եմ, ես արդեն Հայաստանում եմ».
«Ժամեր անց տեղափոխվեցի Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, հաջորդ օրը աչքս վիրահատեցին… Բախտս բերեց, որ հարազատներս վիրահատությունից հետո ինձ մոտ հասան, թե չէ առավել ծանր կլիներ ինձ այդ վիճակում տեսնելը: Դեռ չգիտեմ՝ աչքս որոշ չափով պահպանվել է, թե ոչ (մտածում է, հեղ.)… Եթե չեմ սխալվում՝ չի ստացվել: Բայց ինձ դեռ մեկ վիրահատություն էլ է սպասվում»:
Վիրահատվելուց հետո առաջին մարդն, ում տեսնելու ցանկություն է հայտնել՝ կրտսեր եղբայրն էր: Բժիշկները պատմել են, որ նարկոզից դուրս գալուց հետո անընդհատ եղբոր անունն էր կրկնում:
«Մենք երկու եղբայր ենք: Արտյոմը 17 տարեկան է, ամռանը զորակոչվելու է: Ամենաշատն իրեն էի կարոտել: երբ եկել է, ձեռքը բռնել եմ ու այդպես քնել (ժպտում է, հեղ.): Հիմա արդեն առավել լավ կգիտակցի՝ ո՞ւր է գնալու: Ինքը վախկոտ տղա չի, պատվով կծառայի ու կգա, վստահ եմ: Սահմանում կանգնած յուրաքանչյուր տղա իր տունն է պաշտպանում, իր ծնողներին: Ինչպես ինքն էլ ինձ սպասել, կրկնակի ես եմ իրեն սպասելու», – վստահեցրեց զրուցակիցս:
Արթուր Ջանվելյանն, ով մանկուց տարբերվել է իր վարժ ու գրագետ խոսքով, ապագա գործընկերս է. սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի բաժնում: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել էր, հիմա, քանի որ այլևս չի շարունակելու ծառայությունը, մտածում է ուսումը շարունակելու մասին:
«Ճիշտն ասած՝ 6 տարի ֆուտբոլով եմ զբաղվել, շատ եմ սիրում ֆուտբոլ, ու որոշեցի սպորտային մեկնաբան դառնալ: Գուցե, ստացվի, չգիտեմ», – համեստություն է անում զինվորը:
Մերօրյա հերոսը նաև ընտանիք կազմելու մասին է մտածում. սիրած աղջիկ ունի: Ժպիտով նկատում է՝ ում-ում, բայց նրան տված խոստումը, որ վերադառնալու է՝ պահել է:
«Սա իմ առաջին պատերազմը չէր, ես վաղուց եմ պատերազմներ տեսել ու երևի դեռ նորից կտեսնեմ», – ասում է 19-ամյա տղան ու պարզաբանում. ինքը սահմանամերձ Կոթի գյուղից է (Տավուշի մարզ, հեղ.), 2016-ին ականանետով իրենց տանն են հարվածել: Ճիշտ է՝ այն ժամանակ զուտ ականատես էր, հիմա՝ անմիջական մասնակից, բայց, ամեն դեպքում, վառոդի հոտը զգացել էր:
Հպարտությամբ, մեկտեղ՝ ցավով, նկատում է՝ Եղնիկներն անառիկ են մնացել: Բայց պատերազմը հասցրել է իր արտաքինի ու հոգու վրա դրոշմներ թողնել. մանկության ընկերն, ով Մատաղիսում էր ծառայում, այլևս չկա: Նախկին հանգիստ ու հանդարտ Արթուրն էլ այսօր հաճախ է նյարդայնանում, ամեն մանրուքից ջղաձգվում:
«Հասկացա, որ ինչ ուզում ես՝ պետք է հասցնես անել, որովհետև կյանքը շատ կարճ է: Պատերազմը սովորեցրեց առավել սառանասիրտ լինել: Հնարավորինս վայելել այն մարդկանց ներկայությունը, ովքեր քեզ համար թանկ են: Մի օր կարող ես չհասցնել… Չգիտեմ, դժվար է բառերով արտահայտել այն, ինչ զգացել եմ», – խոստովանեց նա:
Aysor.am-ի եզրափակիչ հարցին՝ սպասո՞ւմ էր պատերազմի այսպիսի հանգուցալուծմանը, թե՞ ոչ՝ պատասխանեց.
«Պատերազմը չի վերջացել, ամեն ինչ այսպես չի մնա: Այսպես չպիտի լիներ, մենք դեռ անելիք ունենք: Ես Արցախի ապագան պայծառ եմ պատկերացնում, իսկ այդպիսին այն մինչև սեպտեմբերի 27-ն էր: Այդպիսին լինելու է նաև հետագայում»: