ՏՊԱԳԻՐ ԳՐՔԵՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆՆԵՐԻՆ

ՏՊԱԳԻՐ ԳՐՔԵՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆՆԵՐԻՆ

2004

Էլեկտրոնային գրքերի ի հայտ գալը չի նվազեցրել տպագիր գրքերի հանդեպ հետաքրքրությունը: Չնայած տարեցտարի ավելանում են էլեկտրոնային գրքերի բեռնումները, այնուամենայնիվ տպագիր գրքերի սպառումը ևս չի նվազում:

«Անտարես» մեդիա հոլդինգի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը իր խոսքում նշեց, որ վերջին 5 տարվա կտրվածքով տպագրել են մոտ 700 անուն գիրք՝ միջինը 200-300 տպաքանակով: Հայաստանը այդքան էլ մեծ շուկա չէ գրքի սպառման համար, սակայն վերջին 2-3 տարիների ընթացքում կա դրական միտում. գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ու հետևաբար սպառումը ևս: Չնայած գլոբալ թվեր չեն, բայց աճ այնուամենայնիվ կա: «Մի պահ միտում նկատվեց, որ մարդիկ հակվեցին դեպի էլեկտրոնային գիրքը, բայց հիմա ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, էլի հետաքրքրություն կա թղթե գրքի նկատմամբ և դա օրեցօր աճում է»,- նշում է Արքմենիկ Նիկողոսյանը: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ ինչպես յուրաքանչյուր նորամուծություն և դրա առաջարկած հեշտ լուծումներն ի վերջո հոգեբանորեն ձանձրացնում են մարդուն: Բացի այդ, մարդիկ հասկացան, որ էլեկտրոնային տարբերակները կարող են հանկարծ ու էլ չլինել, կամ որևէ խնդրի պատռառով բոլոր ներբեռնած գրքերը ջնջվեն: Եվ վերջիվերջո կա նաև հարցի դասական կողմը՝ գիրքը ձեռքն առնել, շոշափել, գրքի հոտը զգալ: «Շատ կարևոր է, որ հրատարկիչները գնացին ընթերցողների միտումներին ընդառաջ և սկսեցին տպագրել հարմարավետ գրքեր, թեթև գրքեր, գրքեր, որ հարմար է պահել ձեռքում, գրպանում: Գիրքն էլ է հարմարեցվում ժամանակակից ընթերցողի պահանջներին»:

«Հայ Գիրք» և «Բուկինիստ» գրախանութներում ևս փաստեցին, որ տպագիր գրքերի սպառումը չի նվազել: «Մինչ աշխատելս, ես մտածում էի, որ Հայաստանում ընթերցանությունը, գրքի հանդեպ հետաքրքրությունը շատ քիչ է, սակայն այստեղ հայտնվելով, հասկացա, որ ոչ: Հատկապես երիտասարդների շրջանում պարբերաբար աճ ենք նկատում»,-փաստում է «Հայ Գրքի» աշխատակցուհի Ազնիվ Մանուկյանը: «Բուկինիստ» գրախանութից էլ մեզ հայտնեցին, որ գրքերի ներմուծումը ևս չի նվազում. Անգլիայից գրքեր ներմուծվում են տարին 2-3 անգամ, իսկ Ռուսաստանից ավելի հաճախ՝ ամիսը 1-2 անգամ:

«Հիմնականում գրքեր կարդում եմ տպագիր, որովհետև էլեկտրոանյին գրքեր կարդալիս աչքերը լարվում են»-,նշում է ԵՊՀ ուսանողուհի Նոռա Գրիգորյանը: «Բացի այդ էլ գիրք կարդալի սիրում եմ մատիտով նշումներ անել, ինչի հնարավորությունը համակարգիչը չի տալիս: Վոլոդյա Մուշեղյանն էլ փաստում է, որ չնայած նախընտրում է կարդալ տպագիր, սակայն կան գրքեր, որոնք տպագիր տարբերակով չի գտնում ու կարդում է օնլայն: Դրանք, որպես կանոն, մասնագիտական գրքերն են:

Ազգային գրադարանը, որը 2012 թվականից ազգային ակադեմիայի գրադարանի հետ համատեղ զբաղվում է գրքերի թվայնացմամբ, արդեն իսկ թվայնացրել է 3 ու կես միլիոն էջի չափով գիրք ու մամուլ: Թվանացված գրքերը հնատիպ գրքեր են, որոնք տպագրվել են մինչև 1850 թվականը: «Գրքերի թվայնացումը և առցանց գրադարանի ստեղծումը երկու նպատակ է հետապնդում ՝ հայատառ գրականության երկարաժամկետ պահպանություն և սպասարկման կազմակերպում թվային տարբերակով»,-նշում է Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկուշ Ղազարյանը: Թվայնացման գործում ազգային գրադարանին միացել և որպես մանկական ամսագրերի մատակարար է հանդես գալիս «Խնկո-Ապոր» անվան գրադարանը: «Գրքերի թվայնացումը դեռևս չի նվազեցրել ավանդական կրիչների հանդեպ հետաքրքրությունը: Համենայն դեպս մեր ընթերցողների թվի վրա դա չի ազդել»,- նշում է գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը:

Գրքամոլ.am-ի տնօրեն Համլետ Մուրադյանը նշում է, որ էլեկտրոնային գրքերի հանդեպ հետաքրքրություն կա ու դրա ապացույցներից մեկն այն է, որ թվայնացված 60 գրքերից օրական միջինում 100 էլ. գիրք է բեռնվում: Եթե 2014 թվականին կայքից բեռնվել է 56 հազար 598 գիրք, ապա 2015-ին բեռնումների թիվը հասել է 84 հազար 255-ի: Սակայն, ըստ Համլետ Մուրադյանի, տպագիր գիրք կարդացողը այսպես թե այնպես կնախընտրի գնել տպագիրը. էլեկտրոնայինը հնարավորություն է նրանց համար, ովքեր չեն կարողանում տպագիրը գտնել: Կայքը գրքեր թվայնացնելիս շեշտը դնում է սովետական տպագրությունների, հիմնականում՝ բուկինիստական գրքերի վրա:

Հայ ժամանակակից հեղինակների հեղինակած տպագիր գրքերի սպառման հետ կապված կարծիքները հասկասական են: «Արտասահմանյան ժամանակակից գրականության հանդեպ ուշադրությունն ավելի մեծ է, քան հայ ժամանակից գրականության նկատմամբ»,-նշում է «Բուկինիստ»-ի աշխատակցուհի Արև Մասխուդյանը: Սրան հակառակ «Հայ գրքից» հայտնում են, որ մատենաշարային թարգմանական գրականության կողքին հայ ժամանակակից գրականության հանդեպ հետաքրքությունը ևս մեծ է: «Օրինակ Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ»-ն արդեն չկա. 2 անգամ 500-ական օրինակով լույս է տեսել և արդեն սպառվել է»,- նշում է Ազնիվ Մանուկյանը: Անտարես մեդիա հոլդինգի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը ևս չի կարծում, որ հայ ժամանակակից գրականության հանդեպ հետաքրքրությունը քիչ է: Ըստ նրա՝վերջին շրջանում հետաքրքրությունը ժամանակակից գրականության հանդեպ մեծացել է և դրա վկայությունը նրանց գրքերի վաճառքը, շնորհանդեսներին մարդկանց մեծաթիվ լինելն է: «Ժամանակին, երբ մենք ցանկանում էինք հետաքրքրությունը մեծացնել հայ ժամանակակից գրողների հանդեպ, սկսեցին թվայնացումից: Եվ այո. դա բերեց հետաքրքրության մեծացման, ինչը այսօր մենք տեսնում ենք թղթե գրքերի պահանջարկի մեծացման մեջ»,-նշում է Արքմենիկ Նիկողոսյանը:

 

Լիանա Անդրեյան

4-րդ կուրս

Կիսվել