«Արցախցու աղ դրածը». Արցախցի կանայք Երևանում աշխատանք են գտել

«Արցախցու աղ դրածը». Արցախցի կանայք Երևանում աշխատանք են գտել

1303

Նոյեմբերի 23-ին Երևանի Մալաթիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի «Մեր տուն» ռեստորանում Արցախից Երևան ժամանած կանայք պատրաստում էին հայրենի երկրի ավանդական ուտեստները: Ռեստորանի և «Տերյան մշակութային կենտրոն»-ի  աջակցությամբ արցախցի կանանց այստեղ տրամադրել են աշխատատեղեր: Նախագիծը մեկնարկել է դեռևս մեկ ամիս առաջ և ունի «Պատրաստում են արցախի կանայք» խորագիրը:

Երևանում ապաստան գտած արցախցիները, հավաքվելով մեկ տանիքի տակ, ողջ խոհանոցում տարածում են արցախյան ճաշատեսակների՝ մասնավորապես թթվի բույրը: Նրանք պատրաստում են կաղամբի, վարունգի, լոլիկի և ճակնդեղի թթուներ:

Մեր այցելության պահին ռեստորանի խոհանոցում տիրում էր դրական մթնոլորտ: Կանանցից երկուսը սերկևիլ և արցախից բերված նուռն էին կեղևազրկում, մյուսները պատրաստվում էին նոր տեսակի թթու դնելուն: Արցախցիները միմյանց հետ ջերմ զրուցում էին, կատակում, նաև օգնում և ոգեշնչում են խորհուրդներով: Բոլորը շատ աշխույժ էին և կենսուրախ: 

Շահումյանի շրջանից տեղափոխված Քրիստինե Բաղդասարյանն էլ մեծ ոգևորությամբ և ժպիտը դեմքին պատրաստում էր իր սիրելի թխվածքները` գաթան և փախլավան: «Journalist.am»-ի հետ զրույցում նա նշեց, որ խոհանոցում իր համար ժամանակը շատ արագ է անցնում և թվում է, թե գտնվում է «իր Արցախում»:

Ճիշտ է` բոլորի ընտանիքներում կան խնդիրներ, բայց խոհանոցում իրենց բացասական մտքերը մի կողմ դնելով` 

արցախցի տիկնայք մեծ պատրաստակամությամբ կատարում են իրենց աշխատանքը: Նրանք պատրաստ են առանց դադարի աշխատելու, վաստակելու և միմյանց օգնելու: 

«Կարծես մենք մեր տանը լինենք: Սթրեսից դուրս ենք եկել: Աշխատում ենք, որ ամեն ինչ համեղ լինի: Այստեղ պատրաստում ենք արցախյան ճաշատեսակներ, մեր լեզվով ասած՝ աղ դրածներ: Անում ենք մուրաբաներ, կուրկուտ ենք եփել, թափան, հարիսա: Այսօր նաև բրոկոլիի թթու ենք դրել, իմացել ենք, որ այն իր մեջ պարունակում է կորոնավիուսից պաշտպանող բաղադրիչներ»,- «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց Շոշ գյուղից Նինա Հովակիմյանը՝ հավելելով, որ մարդիկ գնում են և գոհ են լինում։ Սկզբնական շրջանում աղի հետ կապված խնդիրներ են եղել, բայց այն ընթացքում կարգավորել  են:

Եվ քանի որ շուտով մոտենում է ձմեռը, արցախցիները արդեն պատրաստում են ամանորյա ճաշատեսակները: Առաջինը սկսել են նրբաբլիթներից (բլինչիկ):

«Նախաձեռնության մասին իմացել եմ համացանցով: Այս ընթացքում բոլորը աշխատանք են փնտրում, նույնն էլ ես, քանի որ Հայաստան ընտանիքիս հետ եմ եկել: Մինչև հիմա մեր փոխարեն վճարել են ուրիշները: Հիմա ցանկանում ենք մենք աշխատենք, որ մեր հոգսերը հոգանք, չխնդրենք ուրիշներից: Ես այսօր առաջին օրն է, որ այստեղ եմ, և տպավորություն  է` մի քանի ամիս այստեղ եմ աշխատում»,- լրագրողների հետ զրույցում նրբաբլիթ պատրաստելով նշեց Ստեփանակերտից Երևան եկած Նունե Հարությունյանը՝ հավելելով, որ այնտեղ ևս նրբաբլիթ պատրաստելով էր գումար վաստակում:  

Կանայք մեծ սիրով և հաճույքով աշխատում են առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 18:00-ն: Նրանց պատրաստածը առաքվում է Երևանի ամբողջ տարածքով: Արցախյան համն ու հոտը մտադրություն կա նաև Ռուսաստանի Դաշնություն մատակարարելու:

Արցախցի տիկնայք հեռվում են թողել իրենց հայրենիքը, բայց ապրում են այնտեղի շնչով և կարոտով: Բոլորը կրում էին արցախյան խորհդանիշ տարազի կարմիր և սպիտակ նախշերով կարված գոգնոցը: Նրանք իրենց սրտում փայփայում են տուն վերադառնալու ձգտումը և շարունակում են պահածոներին փակցնել «Հաղթելու ենք», նաև «Արցախցու աղ դրածը» և «Մեր տունը» խորագրերով պաստառները:

Խոհանոցում պատրաստած ուտեստները վաճառվում են նաև «Դալմա գարդեն մոլ»-ի տոնավաճառում՝ արցախցի կանանց գլխավորությամբ: Գնորդները հետաքրքրասիրությամբ գնում են և գոհանում: Շատ աշխատատեղեր ստեղծելու մտադրությամբ՝ ամեն օր նոր ճաշատեսակներ են ավելանում: Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ` օգնելով բազում արցախցիների:

«Սեպտեմբերի 28-ից Արցախից Երևան  մարդկանց հոսքը ժամ առ ժամ ավելանում էր: Նրանց բնակության վայրերով ապահովելուց հետո առաջացավ երկրորդ խնդիրը ` ինչպե՞ս ենք այս մարդկանց կերակրելու:Եվ որոշեցինք իրականացնել այս նախագիծը, որի հիմնական նպատակն էր արցախցի կանանց աշխատանքով ապահովելը: Հիմնականում նրանք են զանգահարում և ցանկություն են  հայտնում նախագծին միանալու:Մինչև այսօր ծրագրին մասնակցել են 50-ից ավելի կանայք»,- «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց «Տերյան մշակութային կենտրոն»-ի տնօրեն և նախագծի կազմակերպիչ Լիլիթ Մելիքյանը, հավելելով, որ  մտադրություն կա նույն գործունեությունը Արցախի սրտում` Ստեփանակերտում շարունակելու:

Արևիկ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել