«Վերադառնալ բնականոն կյանքին դեռ չի ստացվում, բայց մենք պետք է հստակ ընտրություն...

«Վերադառնալ բնականոն կյանքին դեռ չի ստացվում, բայց մենք պետք է հստակ ընտրություն կատարենք՝ ապրել կամ մեռնել». զոհված զինծառայողի մայր

724

Արցախյան երկրորդ պատերազմում զոհված շարքային Արամ Սվարյանի մայրը՝ Նարինեն, որդու զոհվելուց 54 օր անց որոշել է վերադառնալ խոհանոց և պատրաստել ձմռան նախաշեմի ավանդական թթուն: Թեև ամեն առավոտ էլ շուտ է արթնանում և աղոթում նոր բացված օրվա բարի լինելու համար, բայց այսօր ավելի շուտ է արթնացել.

«Ծաղկակաղամբն ու մյուս բանջարեղենները երկար մշակում են պահանջում, իսկ առավոտյան որքան վաղ սկսես, այնքան հաջողված կլինի գործը»,- ասում է հերոսածին մայրն ու արագ գործի անցնում:

Բանջարեղենը տեսակավորում, առանձին ամանների մեջ է դասավորում, հետո սկսում է մեկ առ մեկ մաքրել, խնամքով դասավորել տարայի մեջ:

«Արամս ամենաշատը սա էր սիրում»,- կաղամբը մաքրելիս ժպիտով հիշում է, հետո ավելացնում .«Այս տարի էլ շատ կլցնեմ , հաստատ գիտեմ իր ընկերները ձմռանը շատ են գալու մեր տուն, տղաները կուտեն, շատ են սիրում»: Փորձում է առավելագույնն անել, որպեսզի չլացի, որովհետև ինչպես ինքն է ասում՝ այդպիսի կարևոր ուտելիք պատրաստելիս չի կարելի լացել, թե չէ լավ չի ստացվի:

Երբ արդեն օրը կիսվում է, և փողոցից եկող ձայները սկսում են ուժեղանալ, Նարինեն դասավորում է բանջարեղենը հատուկ թթվի համար նախատեսված դույլի մեջ ու բարձրաձայնում. «Խաղաղություն լինի, ձմեռը բարի լինի, չարը վերանա»:

Հարցիս, թե ե՞րբ պիտի բացի դույլը, քիչ հուզված պատասխանում է. «Երբ ձյունը գա ու մեր երկիրը մաքրվի ամեն տեսակ արյուն-արցունքից»:

Առաջին ձյան հետ պետք է բացի թթուն, որպեսզի և՛ հաջորդ տարին առատ լինի, և՛ բոլորն այդ օրը հավաքվեն մի տանիքի տակ, նստեն շիկացած վառարանի կողքը և համտեսեն ավանդական թթվի առաջին պատառները:

«Որդուս ամենասիրելի ուտելիքներից էր սա և չէի կարող չպատրաստել, հաստատ կնեղանար, ոնց լացելիս եմ հիշում, որ հիմա այստեղ լիներ՝ կնեղանար, այդպես էլ հիմա, նրան նեղացնել չեմ կարող»:

«Իսկ ի՞նչ պիտի անենք, որ չնեղացնենք նրանց՝ բոլոր զոհվածներին» հարցին շատ միանշանակ պատասխան է տալիս. «Պիտի ապրենք, ճիշտ է՝ կյանքն այլևս առաջվանը չի լինելու, բայց բոլորս պետք է հստակ ընտրություն անենք՝ ապրել կամ մեռնել, և եթե ապրում ենք, պետք է մեզ բաժին հասած կյանքը արժանապատիվ ապրենք, թե չէ՝ կնեղանան»:

Թթուն պատրաստելուց հետո տեղափոխում է մութ տեղ ու ինքն իրեն հիշեցնում. «Առաջին ձյան հետ բացելու եմ»:

Անահիտ Սվարյան

2-րդ կուրս

Կիսվել