Թիկունքն ամուր պահողները. մեկ օր Թալինի կամավորների հետ

Թիկունքն ամուր պահողները. մեկ օր Թալինի կամավորների հետ

1098

Արցախյան պատերազմի օրերին բանակին քողարկիչ ցանցերով օգնելու նախաձեռնությանը միացել էր նաև Արագածոտնի մարզի քաղաքներից մեկը՝ Թալինը։ Քողարկիչ ցանցեր գործելու նախաձեռնության հեղինակը Անի Սարիբեկյանն է, ով անգլերեն է դասավանդում  Թալինի թիվ 1 հիմնական դպրոցում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից, Անին մտածում էր՝ ինչպես կարող է օգնել զինվորներին։ Անգամ կատակեց՝ ասելով, որ պատերազմի մասին խոսելիս, միշտ մտածել է, որ ինքն էլ է մեկնելու առաջնագիծ որպես դիպուկահար։ Թալինի բնակիչները ռազմաճակատ են ուղարկել սնունդ, դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, բայց ըստ Անիի՝ դա բավական չէր։

Նախաձեռնությունը սկսվել է հոկտեմբերի 28-ին, և, չնայած պատերազմի ավարտին, թալինցիները շարունակել են աշխատել և ավարտին հասցնել կիսատ թողած աշխատանքները.

Անհրաժեշտ պարագաները ձեռք են բերել սկզբում Անի Սարիբեկյանի, ապա նաև այլ անհատների ֆինանսական աջակցության միջոցով։ Քողարկիչ ցանցերը Թալինից հասցրել են Արցախ Պաշտպանության նախարարության հետ համագործակցության միջոցով, Արցախ են  ուղարկել են նաև տարբեր անհատների կողմից գործված գուլպաներ և գլխարկներ։

Կամավորական աշխատանքները տեղի են ունեցել դպրոցի մարզադահլիճում։ Կամավորական աշխատանքները գրեթե միշտ սկսվել են առավոտյան 10։00-ից մինչև ուշ երեկո՝ 22։00, բայց, չնայած դրան, ամենաակտիվ կամավորները հրաժարվում էին տուն գնալ։  «Journalist.am»-ը մեկ օր է անցկացրել դպրոցում, որտեղ էլ հետևել է կամավորների աշխատանքներին։ Այդ առավոտ առաջինը դպրոց են շտապել 8-րդ դասարանի աշակերտները։ Կամավորների թիվը գնալով ավելացել է և դրա հետ մեկտեղ ավելացել է նաև ոգևորվածությունը։ Կամավորները  տարբեր տարիքային խմբերի էին պատկանում՝ երեխաներ, դեռահասներ, երիտասարդներ և նույնիսկ տատիկներ։ Մարզադահլիճի ամեն անկյունում աշխատանքներ էին ընթանում։

«Պետք է միասնական լինենք ու օգնենք մեր բանակին, զինվորներին, կամավորներին և եղբայրներին»,- ասում էր տասնյոթամյա Աննան։ Կամավորների թվում կային նաև ծնողներ ու ուսուցիչներ։ Թալինի տարբեր գյուղերից ուսուցիչներ էին գալիս՝ իրենց հետ բերելով մեծ թվով երեխաների։ Նորեկները ուշադիր հետևում էին աշխատանքներին, լսում խորհուրդներ և մեծ եռանդով սկսում գործել քողարկիչ ցանցեր։

Կամավորները աշխատում էին մեծ եռանդով, օգնում էին մեկը մյուսին։ Դպրոցահասակ տղաները կտրատում էին կտորները՝ կանաչ, դարչնագույն, սև, սպիտակ, մոխրագույն, դասակարգում, յուրաքանչյուրին հասցնում անհրաժեշտ պարագաներ, ջանում սովորել նաև գործել քողարկիչ ցանցեր և նաև դրանով օգնել բանակին ու քողարկիչ ցանցերը գործող աղջիկներին։ Աղջիկները, երբ մի սխալ բան էին անում, կանայք մայրաբար ուղղորդում էին, օգնում։ Չնայած նրան, որ շատերը իրար չէին ճանաչում, միասին նման էին մի մեծ ընտանիքի։

Շուշան Տերտերյան

2-րդ կուրս

Կիսվել