Հետպատեազմյան տրավմաների հաղթահարման ուղիներն ըստ հոգեբան Լիլիթ Ղահրամանյանի

Հետպատեազմյան տրավմաների հաղթահարման ուղիներն ըստ հոգեբան Լիլիթ Ղահրամանյանի

2463

Նոյեմբերի 25-ին «Լիբրա հոգեբանական աջակցության կենտրոնի» ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով տեղի ունեցավ հանդիպում՝ կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Լիլիթ Ղահրամանյանի հետ, ով այս օրերին աշխատում է վիրավորում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ։ Օգտատերերն իրենց հարցերն ուղարկել էին նախապես, նաև  հնարավորություն ունեին ուղղել դրանք եթերի ընթացքում։

Առաջին հարցն էր՝ արդյոք բուժվում է կանտուզիան, թե՞ ոչ՝ դա իրականացնում է բժիշկը, թե՞ հոգեբանը։ Ըստ Լիլիթ Ղահրամանյանի, այն ուղեղի ցնցումն է, որը նեյրոբուժական խնդիր է համարվում.  «Նեյրովիրաբույժին և նյարդաբանին զուգահեռ՝ կարող է աշխատել նաև հոգեբանը։ Շատ կարևոր է վիրավորին տեղեկացնել և կրթել իր կարգավիճակի մասին։ Սկզբնական շրջանում նախընտրելի է մտավոր և ֆիզիկական ակտիվությունը չցուցաբերել»,-նշեց հոգեբանը։

Այն հարցին, որ զինվորը կորցրել է ոտքը, ունի բեկոր գլխում, իրեն պահում է այնպես կարծես ոչինչ չի պատահել, հոգեբանը պատասխանեց. «Ոտքի կորուստը՝ ամպուտացիան,կարող է առաջացնել ինքնագնահատականի խնդիրներ, մարմնի ընկալման դժվարություններ։ Այն լրացուցիչ բժշկական տրավմա է. մարդիկ առավել հեշտ են հարմարվում, երբ դա տեղի է ունենաում քրոնիկ հիվանդության հետևանքով, այս պարագայում ամեն բան շոկային և հանկարծակի է»։ Ղահրամանյանը ասաց, որ ցուցված է հոգեբանական աշխատանքը տվյալ պարագայում, քանի որ, երբ զինվորը ցույց է տալիս, որ ամեն բան կարգին է, դեռ չի նշանակում, որ որևէ հետևանք չի թողել այդ ամենն իր հոգեվիճակի վրա։

Կարևորագույն և հաճախակի հնչող հարցերից էր նաև՝ արդյոք կարելի է վիրավորում ստացած զինվորին ապաքինվելուց հետո նորից սահման տանել։ Ըստ հոգեբանի՝ առաջին հերթին պետք է տեսնել մարտունակ է զինվորը, թե ոչ, կկարողանա իր հոգեվիճակում շարունակել ծառայությունը, և արդյոք իր սահմանին գտնվելը չի վնասի իրեն և ծառայությանը, քանի որ շատ են դեպքերը, երբ ֆիզիկական գանգատներ չկան, սակայն   վախի զգացողությունը և տագնապային իրավիճակը կարող են հանգիստ չտալ նրան։ Տվյալ պարագայում հոգեբույժի գնահատականն է կարևորագույնը։

Հաճախ ենք հանդիպում դեպքերի,երբ վիրավոր զինվորը իրեն չի ներում և չի կարողանում համակերպվել, որ չկարողացավ փրկել  ընկերոջ կյանքը, կամ հայտնել ընկերոջ մահվան լուրը նրա հարազատներին։ Այս իրավիճակին անդրադառնալիս հոգեբանը նշեց. «Վիրավորված զինվորների մոտ հաճախ է արտահայտվում «ողջ մնացածի մեղքի զգացողությունը», իրենք իրենց մեղավոր կարող են զգալ, որ ողջ են մնացել, բայց ընկերները զոհվել են։ Մյուս պատճառը կիսատության զգացումն է, որ եթե աներ այս կամ այն բանը, տեղի չէր ունենա մյուսը. մեղքի զգացումը կարող է տանջել նրան, որ չկարողացավ փրկել ընկերջը»։ Ղահրամանյանը նշեց կարևորագույնը՝ չբերել օրինակներ, չհամեմատել, չամրապնդել միտքը, որը կարող է սրել մեղքի զգացումը, քանի որ հարազատը պիտի չսրի իրավիճակը, այլ դիմի մասնագետի օգնությանը։

Իսկ ինչպե՞ս ճիշտ ընտրել բառերն ու արտահայտությունները զինվորի հետ խոսելիս. «Կարևորը չվնասել զինվորին. սխալ է, երբ ասում են՝պիտի խոսել, որ դուրս գա իր մեջ կուտակվածը։ Խոսել, իհարկե, կարելի է, բայց միայն այն ժամանակ, երբ վիրավորն ինքն է ուզում խոսել։ Հետաքրքրասիրությունից դրդված չպետք է հարցախեղդ անել նրան։ Պիտի լինել հոգատար և նրբանկատ»։ Հոգեբանը ասաց նաև, որ կարիք չկա տալ հարցեր և խորանալ մանրամասների մեջ, քանի որ հարցեր տալիս մարդը կարող է վերապրել իր հետ կատարվածը. օրինակ՝ բարձր ձայներ, բռնության տեսարաններ. «Խոսել իմաստ ունի, երբ աշխատում ես զինվորի հետ։ Կարևոր է համամետականներ չանցկացնելը՝ (դու եկել ես, դու փրկվել ես, ինչդ է պակաս)։ Պետք է նաև չվախենալ շփվել։ Շփվել բնական, առանց արհեստական  արտահայտությունների»։

Իսկ ինչ անել, երբ զինվորն ունի հոգեբանական խնդիր և հրաժարվում է մասնագիտական օգնությունից.  «Մեկ անգամ դիմելով մասնագետին՝ անհատը կհասկանա՝ արդյոք ուզում է տվյալ օգնությունը, թե ոչ։ Հաճախ անտեղյակ լինելը,կամ թյուր կարծիք ունենալը ստիպում են մարդկանց չդիմել մասնագետին. խորհուրդ եմ տալիս մեկ անգամ դիմել և որոշում կայացնել»,-հավելեց հոգեբանը։

Մերի Ալոյան

3-րդ կուրս

Կիսվել