Պուշկին Մարգարյանը արցախյան նոր պատերազմի մասնակից է, Արագածոտն մարզի Կարբի համայնքից։ Անձամբ է դիմավորում ինձ իրենց տան շեմին:
Նախորդ օրն էինք խոսել ու պայմանավորվել, որ չհետաձգենք հանդիպումը, հենց հաջորդ օրն էլ զրուցենք: Մի քանի բառ փոխանակելուց եւ համոզվելուց հետո, որ վնասված ոտքերով նորմալ քայլում է, մտնում ենք տուն:
Պուշկինը սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, հեռակա ուսուցման համակարգով: Այս տարի ավարտելու է, կարատեիստ է՝ սև գոտի: ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է, կրտսեր սերժանտ:
«Առավոտյան պետք է գնայի աշխատանքի, բայց ավելի շուտ զանգ ստացա։ Իմանալով, որ շփման գծում իրավիճակը լարվել է, արագ գնացի զորամաս, այնտեղից շարժվեցինք Արցախ: Սեպտեմբերի 28-ին արդեն հասել էինք Քելբաջար: Մեր անձնակազմը, ինչպես որ գնացել ենք, այդպես էլ, բարեբախտաբար, բոլորս հետ եկանք: Արցախ հասնելուն պես հրամանատարն ասաց, թե որտեղ դիրքավորվենք, հայտնեց մեր մարտական խնդիրը և ասաց, որ սպասենք հրամանի»-, սկսում է պատմել Պուշկինը:
Խոստովանում է, որ սկզբում, երբ լսել է կռվի մասին լուրը, այդքան էլ լուրջ չի վերաբերվել: Մտածել է՝ մի քանի օրից կավարտվի, ինչպես ամեն անգամ: Ասում է, որ ինչքան մոտենում էին Քելբաջարի տարածքին, այդքան ձայները շատանում էին, տեխնիկայի ձայներից են փորձել հասկանալ, թե ինչ զինատեսակներ են օգտագործվում:
«Ես և զինակից ընկերս էինք, առաջին օրը դիրքերում գնացինք, որպեսզի հաց ուտենք, բայց շատ մոտիկից ձայներ լսվեցին, ձեռքիս աղ կար այդ պահին, արագ գցեցի մի կողմ: Փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ոչինչ չտեսանք ու Նարեկին ասացի, որ ծխախոտ տա, ուզում եմ ծխել: Նարեկը զարմացավ, որովհետև ես չեմ ծխում: Պայուսակի մեջ էր, գնացինք, վերցրինք, դեռ չէի հասցրել դոմիկի դուռը փակել, երբ հակառակորդը սկսեց ռմբակոծել: Մի քանի վայրկյան տևեց, հետո դուրս եկա, ծխեցի ու հասկացանք, որ եթե այդ պահին ծխել չուզեի, կզոհվեինք: Այսպես առաջին անգամ փրկվեցինք»,- շարունակում է պատմել:
Ասում է, որ հաջորդ օրը սկսեցին գիտակցել իրադրության լրջությունը և մտածել, թե մյուս դիրքերում ինչ է կատարվում: «Արդեն մեկ շաբաթ էր, ինչ դիրքում էինք: Շատ մոտ արկ ընկավ, ընկերոջս ասացի, որ թաքստոց գտնենք պաշտպանվելու համար: Երբ հերթական արկն ընկավ, տարբեր տեղերում պատսպարվեցինք: Քանի որ անօդաչուներ կային, իրար հետ նույն տեղում չէինք մնում: Երբ ուզում էի թաքնվել, այդ պահին երկու ոտքով հարվածեցի երկաթին: Ընկա ինչ-որ բեռնատարի անվադողի մեջ և մնացի այդտեղ: Խաղաղվելուց հետո դուրս եկա, կարևորը՝ այն մտքով, որ ողջ մնացինք: Կես ժամ արդեն անցել էր, իսկ ես դեռ չէի հասկացել, որ ցատկելիս ոտքերս վնասել եմ: Մի պահ թմրեցին ոտքերս, նայեցի ու տեսա, որ արյուն է, երբ ասացի, որ հարվածել եմ երկաթին, սկսեցինք բարձր ծիծաղել: Նյութեր չունեինք մշակելու համար, նորից շալվարով փակեցի ու վերջ»,- ծիծաղում է՝ ասելով, որ հաջորդ անգամ, երբ նայեց, արդեն վերքեր էին մնացել:
Պատերազմի ժամանակ միայն մեկ անգամ է տուն եկել, 3 օրով, որից երկուսն անցկացրել է ճանապարհին: Հոկտեմբերի 29-ին հարազատներին անակնկալ ձեւով այցելեց:
«Դիրքերում էի, եղբայրս ուշ ժամի զանգեց, ասաց, որ քեռուս տղան զոհվել է: Այնպիսի իրավիճակ էր, որ դիրքս չէի կարող թողնել։ Հասկանալով իրավիճակը՝ չկարողացա գալ հոգեհանգստին: Այդ օրվանից արդեն սկսեցինք տարբեր ընկերների ու հարազատների մահվան լուրեր լսել: Ու արդեն ամեն կերպ ուժերդ փորձում ես գերլարել, պայքարելու քո ու ընկերոջդ փոխարեն»,- վերհիշում է Պուշկինը:
Ասում է, որ թիկունքից ուղարկված նամակները ոգևորում էին իրենց:
Հրադադարի օրերին, Պուշկինի խոսքով, ավելի զգոն էին՝ հասկանալով, որ ավելի ինտենսիվ կրակ են բացելու: «Վերջին օրը, երբ իմացանք, որ կռիվն ավարտվեց, թեև հիասթափության պահեր ապրեցինք, բայց դա միայն սկզբում, չէինք հավատում ու մնացել էինք մեր դիրքում: Օրեր անց արդեն իմացանք, որ զինադադարի լուրը ճիշտ է, և որոշումը եղել է անհրաժեշտաբար: Սպասեցինք այնքան ժամանակ, մինչև եկան ու իջեցրին դիրքերից:
Մենք ողջ մնացինք մեր հրամանատարի ճիշտ ցուցումների շնորհիվ: Նա ամենաթեժ պահերին մեր կողքին է եղել, մեզ հետ կռվել է»,- եզրափակում է Պուշկինը:
Նոյեմբերի 15-ին Քելբաջարը, համաձայն զինադադարի մասին Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության, հանձնվեց Ադրբեջանին։ Պուշկինը ընկերների հետ իջավ դիրքերից։
Սվետլանա Դավթյան
3-րդ կուրս