71-ամյա արցախցի Լաուրա Պողոսյանը երեք պատերազմ է տեսել՝ առաջին ազատագրականը, 2016-ի քառօրյան եւ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված թուրք-ադրբեջանականը, որը տեւեց 44 օր։ Որդու և երկու թոռնուհիների հետ նա, հարազատ Մարտունի քաղաքում թողնելով իր տունը, եկել է Հայաստան։ Ամուսինը մնացել է Արցախում, չէր ուզում լքել իր հողը։ Միայն ռազմական գործողությունների 30-րդ օրն է եկել Հայաստան, երբ ադրբեջանական զորքը մոտեցել է Մարտունի քաղաքին։ Իսկ որդին առաջնագիծ չէր մեկնել վիրահատված ոտքի պատճառով, օգնում էր բանակին թիկունքում։
Այժմ Պողոսյանների ընտանիքը բնակվում է Լաուրայի դստեր տանը՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, թեև Երևանում ունեն բնակարան, որը գնել են ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ «Ամեն դեպքում, այդ վախը մեր մեջ կար, քանի որ գիտեինք, որ կռիվը չի ավարտվել, գոնե էս էրեխեքը ապահով լինեն և Աստված չանի, եթե մեզ այնտեղից հանեն՝ ապրելու տեղ լինի»,- Երեւանում բնակարան գնելը բացատրում է Լաուրա Պողոսյանը։
Նա լավատես է, ասում է՝ հույսը չի կորցնում, ինչպես առաջին պատերազմի ժամանակ, այս անգամ էլ չի պատրաստվում Արցախը լքել և պատրաստ է թշնամու հարևանությամբ ապրել ու պայքարել նրանց դեմ։ Նրա խոսքով՝ այժմ իրենք շրջափակման մեջ են՝ շրջապատված ադրբեջանցիներով։ «Հայն ու թուրքը մեկ տեղում կարո՞ղ են ապրել, իհարկե՝ ոչ»,- ասես ինքն իրեն հարցնում ու պատասխանում է Լաուրան։
«Այդ զորքի դեմ հնարավոր չէր պայքարել, ոչ մեկը չէր պատկերացնում, որ այս իրավիճակը կլինի: Թուրքիան շատ զորքեր բերեց, աշխարհում արգելված բազմաթիվ զինատեսակներ կիրառեց. այդպես արդար չէ, ինչպե՞ս է կարելի այդքան ինքնաթիռների դեմ կռվել»,- հուզվելով ասում է նա և հավելում, որ նույնիսկ պատերազմում պետք է արդար կռվել թշնամու դեմ։
Զրույցի ընթացքում ընտանիքի անդամները վերհիշում են պատերազմի առաջին օրը և թե ինչպես Արցախից հասան Հայաստան։ «Սեպտեմբերի 27-ի առավոտն էր, ժամը 7:05-ի սահմաններում, մենք քնած էինք, հանկարծ լսվեցին ուժեղ ձայներ։ Արթնացանք, շատ արագ հագնվեցինք և իջանք շենքի տակ գտնվող նկուղը, որտեղ մնացինք մոտ 6-7 ժամ»,- ասում է Լաուրայի կրտսեր թոռնուհին՝ 16-ամյա Լաուրա Պողոսյանը։ Ասում է, որ ձայները շատ բարձր էին լսվում, անընդհատ հրթիռակոծում էին, բոլորը լարված էին, խուճապի մեջ. տարբեր թաղամասերից հարեւանները գալիս էին իրենց նկուղ, քանի որ այնտեղ այլ նկուղների համեմատ ավելի ապահով էր։ «Մեզ 2 օրով տարհանում էին Արցախի գյուղերը, ասացին՝ պատրաստվել մոտ 15 րոպեում և նախնական 2 օրվա համար նախատեսված իրեր վերցնել»,- պատմում է Լաուրան։
«Երբ ասացին՝ դուրս եկեք, մեզ համար տհաճ էր, շատ ազդվեցինք, որովհետև գիտեինք, որ լավ բան չի սպասվում, բայց որքան էլ դժվար էր տնից հեռանալը, այդ պահին այլ տարբերակ չկար»,- ափսոսանքով ասում է տիկին Լաուրան։
Երբ հասել են Մարտունու շրջանի Ննգի գյուղ, մտածել են, որ Հայաստանում առավել անվտանգ կլինի։ Լաուրան որոշել է թոռնուհիներին ապահով Հայաստան հասցնել և վերադառնալ, սակայն գնալով իրավիճակը լարվել է, և ինքն էլ է մնացել։
«Ճանապարհին կարմիր ծուխ էր, որը առաջացել էր հրթիռակոծության հետևանքով, ամբողջ ճանապարհին մեքենաներ էին, զենք-զինամթերք էին տեղափոխում, զինվորներ տանում, չնայած ամբողջ ճանապարհին վախ և անհանգստություն կար, բայց մենք բարեհաջող տեղ հասանք»,- ասում է 18-ամյա Մերի Պողոսյանը՝ Լաուրայի ավագ թոռնուհին։ Վստահ է՝ երբ վերադառնան Մարտունի, այդ վախը միշտ ուղեկցելու է, սակայն կփորձեն հարմարվել, որ թշնամին հարեւանությամբ է լինելու։
«Մենք, իհարկե, կապրենք, պետք լինի՝ նորից կկռվենք, որ մեր տներից դուրս չգանք, չնայած ռուս խաղաղապահներին վստահում եմ, նրանք շատ լավ կվերահսկեն իրավիճակը և չեն թողնի, որ այն նորից լարվի, չէ՞ որ այդքան զորք են բերել և տեղակայել Արցախում»,- ասում է ավագ Լաուրան։
Պողոսյանների բնակարանը պատերազմի հետևանքով շատ չի վնասվել, միայն դուռն ու պատուհանները, սակայն Լաուրայի որդին արդեն մոտ մեկ շաբաթ է վերադարձել է և զբաղվում է տան վերանորոգմամբ, որպեսզի վերադառնան։ Նրանց խոսքով՝ երբ վերադառնան, բոլորը կանցնեն իրենց բնականոն կյանքին։ Լաուրա Պողոսյանը դեղագործ է՝ 51 տարվա փորձով, աշխատում է դեղատանը, իսկ թոռնուհիները դպրոց են հաճախում։ Երբ ավարտեն, ասում են՝ տատիկի նման դեղագործ են դառնալու։
Փարպիում աղջիկները ժամանակավոր տեղի դպրոցն են հաճախում։ Թեպետ դժվար հոգեվիճակում էին, մտահոգ, բայց կրթությունն աչքաթող չէին արել։ Աղջիկները կարճ ժամանակում հարմարվեցին նոր միջավայրին, դպրոցին և դասընկերներին, թեև շատ էին կարոտում իրենց հարազատ քաղաքն ու դպրոցը։
«Կարոտել ենք, անհամբեր սպասում ենք, թե երբ կլինեն բոլոր պայմանները, որ վերադառնանք»,- ասում է թոռնուհի Լաուրան։
«Այստեղ բոլոր պայմաններն ունենք ապրելու համար, բայց ով որ հողի վրա ծնվում է, այդ հողն էլ իր համար հարազատ է, և մենք, ի հեճուկս բոլորի, գնալու ենք մեր Արցախը, ապրենք մեր տանը, վերակառուցենք, շենացնենք և բազմանանք»,- եզրափակում է տիկին Լաուրան։
Մերի Մաթևոսյան
3-րդ կուրս