Անհրաժե՞շտ էր արդյոք նոյեմբերի դպրոցական արձակուրդը

Անհրաժե՞շտ էր արդյոք նոյեմբերի դպրոցական արձակուրդը

843

Այս օրերին շփվելով մեծահասակների հետ և կարդալով նրանց աչքերում եղած տագնապն ու վախը, վերլուծելով սեփական վախերդ ու մտորումներդ՝ հարց ես տալիս՝ իսկ ինչ են զգում այս օրերին փոքրահասակները։  

Նոյեմբերի 11-ին եղա Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցի պատերի ներսում չկար մանկական չարաճճիությունն ու աղմուկը, որը ես պատկերացնում էի։ Միջանցքներում փոշին չէր բարձրացել առաստաղ, ինչը ոչ միայն պատերազմի արդյունքն էր,  այլ նաև կորոնավիրուսային համավարակի։ Երեխաների՝ դիմակով ծածկված դեմքերի արտահայտությունը չկարողացա տեսնել, բայց նրանց աչքերում տագնապ կար։ Երբ փորձում էի հարցեր տալ, նրանք լարվում էին և փորձում հիշել կամ գուցե հորինել պատմություն։ 

12-ամյա Արամն ասաց, որ սիրում է պատմությունը։ Ցանկացա ճշտել՝ պատերազմը փոխել է նրա սերը դեպի պատմության դասագիրքը։ Ասաց, որ հիմա սիրում է ավելի շատ և ուզում է ավելի լավ սովորել, որ հաջորդ անգամ ինքը օգնի զինվորներին  հաղթել։  

Ինձ հետ զրուցեցին նաև Աննան ու Արփինեն: Աննան ևս սիրում է պատմությունը, որովհետև իմանում է մեր նախնիների քաջագործությունները, և թե ինչ հողեր են թողել մեզ․ «Ես ուզում եմ սովորել, որ երբ հետո փորձեն ինձ խաբել, չխաբնվեմ»։ Նա  նաև ասաց, որ այս օրերին շատ է տխրել, իսկ մայրիկն աջակցել է իրեն, բայց ուսուցչի դերը լրացնել չի հաջողվել:

Արփինեն կարծում է, որ մենք հաղթել ենք մեր հայրենիքով, մեր միախմբված ժողովրդով։ Նրա համար ևս արձակուրդի օրերը միապաղաղ են եղել, և կարոտել է դպրոցը։ «Իմ ուսուցիչները մեզ ամեն անգամ պատմում են մեր հայրենիքի և մեր հերոսների սխրանքների մասին։ Եվ երբ լսում եմ այդ պատմությունները, ինձ ավելի համարձակ ու հպարտ եմ զգում»։  

14-ամյա Մարինայի համար հաղթանակը հակառակրրդին իր տեղը ցույց տալն է և ապացուցելը, որ մենք հզոր ենք: Իսկ արձակուրդները Մարինայի համար ձանձրալի էին: Նա ասաց, որ ուսուցիչների հետ ավելի հետաքրքիր է: Իսկ Կոլյայի կարծիքով՝ և’ տանը մնալն էր դժվար, և’ դպրոցում լինելը:

Առանձին զրուցեցի նաև մի աշակերտուհու հետ, որի եղբայրը զինվոր է։ 16-ամյա Ռուզաննան գոհ էր արձակուրդից։ Ասաց, որ ինքը ծնողներին ավելի շատ էր պետք այս օրերին, քան դպրոցին․ «Այս օրերին իսկապես դպրոց գնալ չէի ուզում, չէի կարող կենտրոնանալ ուսմանս վրա, նախընտրում էի մնալ տանը, կարդալ լուրեր և ամեն րոպե սպասել զինվոր եղբորս զանգին։ Ճիշտ է, դպրոց գնալով՝ փոքր-ինչ շեղվում ես, ընկերներդ, ուսուցիչներդ կարող են շեղել, բայց դա կարող է տևել ընդամենը 5 րոպե»։  

Դպրոցում էին նաև անցած տարվա շրջանավարտներից Սիման և Գոհարը․ դպրոց էին եկել մի քանի ամիսների կարոտը առնելու, խոսելու ուսուցիչների հետ և  հույսով, որ տուն կվերադառնան այն հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Գոհարը մեզ հետ զրույցում ցավով ասաց, որ սարսափելի է պատկերացնել, որ մեր այս օրերի ապրումները  մի քանի տարի հետո տեսնելու ենք ուղղակի որպես պատմության դաս, որը կսովորեն գնահատական ստանալու համար:

Իսկ Սիման խոսեց այն մասին, թե ինչպես ենք մենք ընկալում պատմության դասագիրքը․ «Անկեղծ լինեմ ու ասեմ, որ չեմ կարևորել պատմության դասագիրքը, բայց սովորել եմ գնահատական ստանալու համար  ու լավ եմ սովորել լավ գնահատական ստանալու համար: Իսկ հիմա շատ եմ փոշմանում: Եթե մենք ժամանակին քննարկեինք, թե ինչպես են մեր պատմության մեջ գրանցվել դիվանագիտական հաղթանակներ, այսօր գուցե անցյալի սխալները չկրկնվեին»։ Սիման նաև շտապեց տեղեկացնել, որ այս պահին էլ իր ընկերների մեջ կան պատմություն ուսումնասիրողներ, և ինքը կարծում է, որ պատմություն ուսումնասիրողների թիվը գնալով գուցե մեծանա: Հետո ասաց, որ սա պարզապես մեծ դաս էր: Այսուհետ բոլորս պետք է հասկանանք, որ մենք հայոց պատմության կրողներն ենք:

Երբ խոսեցի դպրոցական արձակուրդի մասին, որը համավարակի պատճառով այս տարի շուտ մեկնարկեց, ուսուցիչները տարբեր կարծիքներ հայտնեցին։ Անգլերենի ուսուցչուհի Լ. Սուվարյանն ասաց, որ դեմ է եղել արձակուրդներին այս շրջանում։ Թեև այն տրվել է երեխաների առողջության համար, բայց այս օրերին երեխաները ուսուցչի կարիք շատ են ունեցել։ Անգամ պատմեց դեպքեր, երբ  երեխաները վախեցել են գիշերը քնել, իսկ ուսուցչի հետ խոսելուց հետո ծնողները անձամբ են զանգել և շնորհակալություն հայտնել այդ սթրեսից իրենց երեխային հանելու համար։  «Կարծում եմ՝ այն կապվածությունը, որը երեխաներն ունեն ուսուցչի հետ, շատ ավելի անհրաժեշտ էր  այս օրերին։ Ես փորձել եմ երեխաներին հնարավորինս լավատես դարձնել և բացատրել, որ պատմությունը պատերազմներից և հաղթանակներից է բաղկացած։ Ունեցել եմ աշակերտուհի, որի հայրըկը պատերազմի թեժ կետերում էր և ցավոք սրտի, զոհվել է, բայց նախքան զոհվելը ես և նրա աղջիկը փորձում էինք միասին քննարկել և հասկանալ, թե ինչ է լինելու, եթե հայրիկը վերադառնա, և ինչ է լինելու, եթե չվերադառնա։ Հոր մահից հետո ես բացահայտեցի, որ աղջիկը շատ ուժեղ է։ Այժմ էլ չի մտածում, որ իր հայրը անիմաստ է զոհվել։ Նա հպարտ է, որ հայրենասեր  հայր ունի»։ 

Ուսուցչուհին պատմեց նաև իր նոր մտահղացումների  մասին, որոնք արձակուրդի պատճառով չեն իրականացել, բայց ասաց նաև, որ դեռ ժամանակ կա դրանք իրականացնելու համար․ «Ես դեմ էի արձակուրդին, քանի որ աշակերտներիս հետ որոշել էինք ներկայացում կազմակերպել,  որը նվիրված էր լինելու նախկին և ներկայիս հերոսներին»։ Նախքան արձակուրդը երեխաների հետ միասին փորձել են նաև թարգմանել Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը և արձակուրդի  պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել։ Հիմա շարունակելու են։  

Իսկ գրականության ուսուցչուհի Գ. Հարությունյանը, որը 52 տարի աշխատում է դպրոցում, ասաց. «Թե՛  պատերազմը, թե՛ համավարակը իրենց վատ ազդեցությունն ունեցան աշակերտի և ուսուցչի վրա։ Ուսուցիչը չէր կարողանամ անմիջապես շփվել աշակերտի հետ, և դա իրոք ցավ էր պատճառում նրան, քանի որ չէր կարող իր սրտի խոսքը հաղորդել աշակերտին։   Այդ անորոշությունն ազդում էր տրամադրության վրա։ Բայց արձակուրդը կարևոր էր նրանով, որ այդ ընթացքում բոլորն էլ հարազատներ ունեին պատերազմի դաշտում, այս իսկ պատճառով դպրոց հաճախելու դեպքում, թե՛ աշակերտը և թե՛ ուսուցիչը լիարժեքորեն չէին կարողանա կենտրոնանալ դասի վրա»։

Գ. Հարությունյանը և Լ.Սուվարյանը խոսեցին նաև հետպատերազմյան շրջանում երեխաներին սթրեսից հանելու իրենց տարբերակների մասին։ «Օրինակ բերել ազգային հերոսներին, քաջ  մարտիկներին և նրանց քաջագործությունները, որոնք հույս կներշնչեն աշակերտին», – ասաց Հարությունյանը։  Իսկ  Սուվարյանը պատմեց իր փորձից և ասաց, որ պետք է երեխաներին հնարավորինս կենտրոնացնել դրականի վրա։   

Պատմության և աշխարհագրության ուսուցիչ Վ. Սուվարյանը համակարծիք էր գործընկերների հետ։ Նա հավելեց, որ երեխաներն այդ օրերին լարված էին և վախեցած։ Հասարակ թխկոցը նրանց ստիպում էր ապրել վախի մթնոլորտում, ու չնայած իրենց գործադրած ջանքերին՝ միևնույն է, երեխաները շատ մեծ սթրես են ապրել, և արձակուրդը, անգամ եթե չլիներ համավարակը, այս օրերին անհրաժեշտ էր։

Նա խոսեց նաև պատմություն ուսումնասիրելու կարևորության մասին։ Իմ այն հարցին, թե ինչպես պետք է ավելացնել պատմություն ուսումանսիրողների թիվը, նա պատասխանեց. «Պատմություն ուսումնասիրողների քանակը կարելի է մեծացնել, եթե ուսուցման նոր մեխանիզմներ մշակվեն։ Մեր մշակած պլանն է՝ ստեղծել վավերագրական ֆիլմեր ու դասաժամերին ցույց տալ երեխաներին։ Կարծում եմ՝ այդպես ավելի մեծ հետաքրքրասիրություն կառաջանա պատմության նկատմամբ» ։

Լուսինե Ալեքսանյան

2-րդ կուրս

Կիսվել