Ողջունում ենք Ֆրանսիայի ԱԺ-ի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին...

Ողջունում ենք Ֆրանսիայի ԱԺ-ի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը. ԱԳՆ

667

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի առնչությամբ․

«Ողջունում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին՝ նշված է Արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում։

Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության։

Կարևոր ենք համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը։

Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծման և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչման, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը»,-գրված է հայտարարության մեջ։

Կիսվել