«Այսօր մեզ հայրենիքն է կանչում, և մենք պետք է այդ կանչն անպատասխան...

«Այսօր մեզ հայրենիքն է կանչում, և մենք պետք է այդ կանչն անպատասխան չթողնենք». «Կարմիր բերետ» ջոկատի կամավոր Սուրեն Անտոնյան

1102

«Հրամանատա՜ր, հրամանատա՜ր, որ մի քանիսին արանքից հանեմ, ինձ կարմիր բերետ կտա՞ս»․ այս խոսքերի հեղինակը Սուրենն է, ով պատերազմի առաջին օրերից  ռազմադաշտում էր՝ կամավոր է:

«Տանից գործի էի գնում, երբ ավտոբուսում լսեցի, որ պատերազմ է սկսվել և աշխատանքի վայր չհասած՝ իջա և գնացի զինկոմիսարիատ՝ կամավոր գրանցվելու»,- պատմում է Սուրենը: Այդ ժանանակ նա դեռ չգիտեր, որ հայրը իրենից առաջ էր ընկել և կռվի դաշտ էր մեկնում։  

Սուրենը հագավ զինվորական համազգեստը ու ձեռքը վերցրեց սիրելի զենքը. «Ես եկել եմ իմ և շատերի արժանապատիվ, առանց վախի ու տագնապի ապրելու իրավունքը նվաճելու համար: Ադրբեջանական քարոզչամեքենան անընդհատ պնդում է, որ դա իրենց տարածքն է, բայց չեն հասկանում, որ սա մեր տունն է, և նույնիսկ կենդանին իր բույնն ուղղակի չի տա ուրիշի, չի թողնի, որ գիշատիչը վնասի իր ընտանիքը, թշնամին ինչպե՞ս է պատկերացնում՝ մենք թույլ կտա՞նք իրենց մտնել մեր տուն, իհարկե՝ ոչ։ Այստեղ բոլորս էլ պայքարում ենք և պայքարելու ենք ինչքան պետք լինի»,- ասում է Սուրենը:

Մարիան, ով «Կարմիր բերետների ջոկատ»-ում առաջին օգնություն է ցույց տվել և Սուրենին դեռ Երևանից է հիշում, պատմում է, որ առաջին անգամ տեսել է տղային Երևանում. «Նստարանին մենակ նստած էր, ուզում էի մոտենալ, հարցնել՝ արդյոք կամավորական գործ կա անելու, բայց դեմքի արտահայտությունից վախեցա և այդպես էլ չմոտեցա»,-նշում է Մարիան:

Սուրենը վեբ դիզայներ է՝ մայորի կոչումով: Մանկության ընկերոջ հետ է եկել: Խաղալիք հրացանը փոխարինել են իսկական զենքով: Կռվելիս՝ մեկն առանց մյուսի տեղից չի շարժվում:

«Երբ իմացանք, որ արդեն գնում ենք, Սուրենը հրաժարվեց իր նախագծերից, որ պետք է սկսեր մի քանի օրից: Նա շատ անհանգիստ էր, և այդ անհանգստությունը ոչ թե չեղարկած պրոյեկտն էր, այլ՝ հայրը, ով ևս ռազմադաշտում է՝ տղայից հեռու։

«Երեք օր շուտ գնաց։ Երբ գնացել էի նրան ճանապարհելու, հասկացա, թե երկու տարի առաջ ինքն ինչ էր զգացել, երբ ինձ էր ճանապարհել բանակ՝ չնայած մի տարբերություն կար՝ ինքն ինձ ուղարկում էր խաղաղ պայմաններում բանակ, իսկ ես իրեն՝ պատերազմ։ Չեմ կարող նկարագրել զգացածս»,-պատմում է Սուրենը:

Արկերի անընդհատ պայթյունների տակ տղաները մտածում էին իրենց կողքին կռվող ընկերների մասին, որ ոչ-ոքի բան չպատահի: Մեծ հպարտությամբ է պատմում, որ ոչ մի զոհ չունեցան։ 20 օր անց հետ են եկել Երևան, հանգստանալուց հետո նորից կվերադառնան:

Գնդապետ Միշա Թադևոսյանը ՝ «Կարմիր բերետների ջոկատ»-ի հրամանատարը, հրճվանքով է խոսում իր զինվորի մասին, պատմում է, որ շատ արագ է կողմնորոշվում: Սուրենին բոլոր ընկերներն են սպասում. «Պատերազմը մեզ համար սկսվում և վերջանում է Սուրենով, բոլորս աղոթում ենք ու սպասում, թե երբ է հետ գալու»:

Սերինե Աղաբեկյան

3-րդ կուրս

Կիսվել