«Սոլիստ» Թաթուլը, որը լավ էր հասկանում տանկի լեզուն

«Սոլիստ» Թաթուլը, որը լավ էր հասկանում տանկի լեզուն

1484

Վայոց Ձորի Խաչիկ գյուղից էր Թաթուլ Աբրահամյանը։ Արցախյան երրորդ՝ 2020թ. պատերազմում նա 6 տանկ է շարքից հանել. հրամանատարներն ասում էին՝ տանկի լեզուն լավ է հասկանում:

Թաթուլը 19 տարեկան էր, չորս երեխա են ընտանիքում՝ երկու քույր, երկու եղբայր։ Քույրը՝ Անին, ասում է, որ Թաթուլը տարբերվում էր մեծ եղբորից, միշտ ասում էր՝ ես համ քեզնից բոյով եմ, համ՝ ուժեղ:

«Միշտ կռվում էինք, չորսով որ խառնվում էինք, բաժանել չէր լինում: Մամաս ասում էր՝ որ մեծանաք, ամուսնանաք ու կարոտեք իրար, էն ժամանակ կխոսեմ ձեզ հետ։ Մեծ եղբայրս երաժշտական դպրոց էր գնում, Թաթուլն էլ կողքից նայում էր ու սովորում: Հետո սկսեց ավելի լավ նվագել: Դպրոց գնալ չէր սիրում: Տատիկս առաջին դասարան էր տանում, սկզբի օրերին տանում հասցնում էր դպրոց, մինչև հետ էր գալիս, արդեն տանն էր լինում»,- հիշում է Անին։

Քրոջ խոսքով՝ Թաթուլը սրտացավ, պատրաստակամ եւ գթասիրտ տղա էր։ «Բոլորին օգնում էր, եթե ճաշելիս լիներ, ու մեկը զանգեր, կանչեր օգնելու, կիսատ էր թողնում ու գնում, ասում էր՝ հետո կուտեմ։ Տարեցների հետ ընկերություն էր անում, իրենից տարիքով փոքրերի հետ՝ նույնպես, իրեն բոլորը սիրում էին։ Ինձ որ հարցնում էին՝ Ռուստամի՞ն ես սիրում, թե Թաթուլին, միշտ ասում էի՝ հավասար, բայց մտքումս ասում էի՝ Թաթուլին։ Շատ գաղտնապահ, անկեղծ, անմիջական էր, ամեն ինչ խոսում, քննարկում էինք, համ քույր էր ինձ, համ ընկերուհի, բայց պետք եղած ժամանակ էլ շատ խիստ էր»,- պատմում է Անին:

Ավագ դասարաններում տարվեց սինթեզով, այդ երաժշտական գործիքն իր ուղեկիցն էր։ Դասընկերուհին՝ Աղավնին պատմում է. «Մի դասարան ու մի Թաթուլ։ Սինթեզը բերում էր դասարանում թողնում, շարունակ նվագում էր, մենք էլ՝ երգում։ Հանգիստ չէինք տալիս։ Ուսուցիչները հաճախ էին նկատողություն անում մեր բարձր ձայների համար, բայց էլի շարունակում էինք։ Որոշել էինք, երբ տարիներ անց ամուսնանամ, ինքը պիտի նվագեր, իսկ ես երգեի: Վերջին զանգին էլ ինքը նվագեց։ Վերջին զանգի վալսը եղավ մեր վերջին պարը»:

Մտերիմներն ասում են, որ Թաթուլի համար հայրենասիրության խորհրդանիշ են եղել Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը։ Նրանց հերոսությունների մասին շատ է կարդացել:

«Փոքր ժամանակ ընկերներով խրամատ էին սարքել, փոքր սառնարան, կասկա, զենքեր, ամբողջ օրը խաղում էին, փոքրուց իր մեջ կար հայրենասիրությունը: Ասում էր՝ պիտի անպայման ծառայի: Պապաս, որ պատմում էր պատերազմից, միշտ հարցնում էր՝ ի՞նչ են արել»,-շարունակում է պատմել Անին:

Թաթուլի դասղեկի՝ Սեդա Հարությունյանի խոսքով՝ այդքան համեստ աշակերտ շատ քիչ է լինում. «Ընկերասեր, բարի, կամեցող, խոսքի կշիռն իմացող տղա էր, հարգալից էր ընկերների, ուսուցիչների ու շրջապատի նկատմամբ»:

Պատերազմի օրերին ամեն օր զանգել է հարազատներին, մինչդեռ խաղաղ ժամանակ՝ 3-4 օրը մեկ:

«Միշտ առաջինը մամային էր զանգում, հետո նոր՝ մեզ: Չէր ասում, որ տեղափոխել են, ասում էի՝ ո՞նց ես, նորմա՞լ է, ասում էր՝ հա, շատ: Էդ վերջին անգամն էր, որ լսեցի իր ծիծաղը: Երանի՜ իմանայի, կձայնագրեի, որ հիմա էլ լսեի»,- ասում է քույրը:

Վերջին անգամ Թաթուլը հոկտեմբերի 12-ին է զանգել ծնողներին, մի քանի րոպե խոսել են և անջատել է: Ոտքից վիրավորվել է, բայց շարունակել է կռվել: Հոսպիտալ տանելու ճանապարհին մեքենան պայթեցրել են:

Հովեյան Վիկտորյա

3-րդ կուրս

Կիսվել