Թշնամին միշտ անսպասելիորեն հարձակվել է, բայց պատասխան ստանալով` հետ շպրտվել. Վերոնիկա Աջամյան

Թշնամին միշտ անսպասելիորեն հարձակվել է, բայց պատասխան ստանալով` հետ շպրտվել. Վերոնիկա Աջամյան

495

Զրույց լոնդոնաբնակ քաղաքացիական ակտիվիստ Վերոնիկա Աջամյանի հետ։

-Երբ իմացաք որ Արցախում պատերազմ է սկսվել, ի՞նչ զգացողություններ ունեցաք։    

-Շատ անսպասելի ժամանակահատվածում սկսվեց այս պատերազմը։ Բոլորս գիտեինք, որ մեր թշնամին շատ անգամներ անսպասելիորեն հարձակվել է, բայց միևնույն ժամանակ արժանի պատասխան ստանալով` հետ  է շպրտվել։ Մտքովս չէր անցնում, որ այս  անգամ պատերազմն այսքան կերկարի։ Կարծում էի` ապրիլյանի նման քառօրյա կլինի բայց, ցավոք, այս անգամ ավելի երկար տևեց ու դեռ շարունակվում է։

Լոնդոնի հայ համայնքը որևէ քայլ ձեռնարկե՞լ է Արցախին օգնելու համար։

-Մեր ազգը դժվարին պահերին միշտ համախմբվում է ու դառնում մեկ բռունցք։ Այս անգամն էլ բացառություն չէր։ Այս օրերին մենք խաղաղ ցույցեր ենք կազմակերպում, կոչեր անում՝ Մեծ Բրիտանիան պետք է ընդունի Արցախի անկախությունը և նաև թշնամուն դատապարտի իր անարդար ու անմարդկային քայլերի համար։ Ցույցեր ենք արել  վարչապետի գրասենյակի առջև։ Նաեւ՝ ի հիշատակ մեր նահատակված հերոսների,  մեքենաներով երթ էինք կազմակերպել ու փակել  Լոնդոնի գլխավոր փողոցներից մեկը։ Չնայած վարորդների մեծամասնությանը տուգանեցին, սակայն դա մեզ չկանգնեցրեց։

Լոնդոնում ունենք հայկական մեծ կենտրուն, որտեղ հավաքվում են ամենաանհրաժեշտ իրերը թե° զինվորների համար, թե° Արցախից եկած հայրենակիցների։ Նաև իրականացրել ենք  դեղորայքային օգնություն,  եւ բարերարը ցանկացել է անանուն մնալ։ Այս մասին լրատվականները խոսել են: Ասեմ նաեւ, որ դրամահավաքները մինչև հիմա շարունակվում են։

Գիտեմ, որ տեղեկատվական հարթակում երիտասարդները ակտիվ գործունեություն են ծավալում։ Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել։

Օրինակ Ադրբեջանին զենք մատակարարող կազմակերպություններին տեղեկացրել ենք, որ իրենց արտադրած զենքերը օգտագործվում են մեր խաղաղ բնակչության դեմ։ Նշեմ, որ անտարբեր չեն անցել և պատասխանել են մեր դիմում-նամակին։

Լոնդոնում լրատվականների աշխատանքն ինչպիսի՞նն է այս օրերին։

-Մի քանի օր առաջ բողոքի ցույցեր էինք անում լրատվականներից մեկի  գլխավոր գրասենյակի դեմ՝ կողմնապահ ռեպորտաժների համար։ Իրենց տրամադրած լուրերից մարդիկ կարող են կարծիք կազմել, որ հայերն են մեղավոր։ Օրինակ` օրերս մի ռեպորտաժ էին ցուցադրել, որտեղ ադրբեջանցի կինը լաց լինելով ասում էր, որ  բոլոր հայերին մահ է ցանկանում։ Եթե հիմա ինչ-որ մեկը, չիմանալով իրականությունը, տեսնի այդ ռեպորտաժը, կարծիք կկազմի, որ հայերն են սկսել ամեն ինչ, այն դեպքում, երբ Ադրբեջանն այս պատերազմը վաղուց էր պլանավորել։

Գիտեմ, որ կայք եք ստեղծել, որն է նպատակը։

-Երիտասարդներով քննարկեցինք և հասկացանք, որ ավելի ճիշտ կլինի կայք ստեղծել։ Կայքում արդեն տեղադրել ենք հիմնադրամի հղումը, որ մարդիկ կարողանան նվիրատվություններ անել, նաեւ խնդրագիրների հղումները, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն ստորագրել։ Իմ ընկերների ու ծանոթների օգնությամբ կայքի նյութերը կարողացել ենք թարգմանել մի քանի լեզուներով՝ արաբերեն, ֆրանսերեն։  

Կայքում, ի թիվս այլնի, տեղադրում ենք ռմբակոծված քաղաքների, վիրավորված քաղաքացիների և զինծառայողների լուսանկարները։ Կարծում ենք` նկարների օգնությամբ մարդիկ ավելի հեշտ կկարողանան պատկերացնել իրականությունը։

-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին և մեր զինվորներին։

-Աստված թող իրենց հետ լինի և նրանց տա ավելի զորեղ ուժ, որ վերջնականապես հասնենք մեր հաղթանակին։ Ճիշտ է` ֆիզիկապես մենք նրանց կողքին չենք, բայց հոգեպես և մեր աղոթքներով միշտ կանգնած ենք նրանց կողքին։

Անուշ Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել