Ղարաբաղյան խնդրի կարգավորման լավագույն ձևաչափը եղել և մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը....

Ղարաբաղյան խնդրի կարգավորման լավագույն ձևաչափը եղել և մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. ԱՄՆ փոխպետքարտուղար

649

Պաշտոնական Վաշինգտոնը ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը անհրաժեշտ է լուծել բանակցությունների ճանապարհով․ վերջին ռազմական բախումները չեն կարող տևական կարգավորում ապահովել։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում։

«Տպավորություն է, որ Վաշինգտոնը այս խնդրում առաջնորդությունը հանձնեց Ռուսաստանին և Թուրքիային», – հարց է բարձրացրել հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, սենատոր Բեն Քարդինը։

«Վաշինգտոնը ողջունել է արյունահեղության դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում և շարունակում է պնդել, որ այս խնդիրը չունի ռազմական լուծում», – ասել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան՝ պնդելով, թե դրա լավագույն ձևաչափը եղել և մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Մենք աշխատում ենք համանախագահող մյուս երկրների հետ, և դեռևս բազմաթիվ հարցեր ունենք Ռուսաստանի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի, Թուրքիայի դերակատարության, օտարերկրյա զինյալների ներգրավման և տրամադրված զինատեսակների վերաբերյալ։ Մենք շարունակում ենք քննարկել այս հարցերը թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ», – ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Ռիքերը նշել է, որ այս շաբաթավերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Երևան և Բաքու՝ քննարկելու խնդրի դիվանագիտական լուծմանը վերադառնալու հնարավորությունները։

Կիսվել