«Այսօր արհեստական բանականությունը լրագրողի մրցակիցն է». ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող...

«Այսօր արհեստական բանականությունը լրագրողի մրցակիցն է». ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյան

935

Մուշեղ Հովսեփյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչն է, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր։ Նա երկար տարիներ, համալսարանի հիմնադրումից ի վեր, աշխատում և դասավանդում է ֆակուլտետում։ Պարոն Հովսեփյանի հետ զրուցել ենք ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր սերունդների, արհեստական բանականության և լրագրության կապի, առհասարակ, լրագրողի աշխատանքի մասին։

-Պարոն Հովսեփյան,  ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ֆակուլտետում՝ հիմնադրումից ի վեր:

-Ժուռնալիստիկայի ֆակուլտետը այն ֆակուլտետներից է, որն անընդհատ փոփոխությունների մեջ է: Պետք է անընդմեջ թարմացնել և՛ տեխնիկական բազան, և՛ ուսումնական ծրագրերը, ստեղծել այն պրակտիկ հիմքը, որպեսզի ուսանողները կարողանան շփվել լրատվամիջոցների հետ: Երբ ֆակուլտետը նոր էր հիմնադրվել, մեր ամբիոնը անալոգային էր, և տասը տարի անց անհրաժեշտություն առաջացավ անցում կատարել թվայինի, որն ուներ իր առավելությունները՝ այն աստիճան, որ մենք այժմ ունենք կոնվերգենտ մեդիայի ծրագրային քաղաքականություն ուսումնասիրող առարկաների ցանկ:

-Ո՞ր հատկանիշն է միավորում տարբեր սերունդների ուսանողներին։

-Ով եկել է ժուռնալիստիկայի ֆակուլտետ, եկել է սիրով, և ինչպես ուսանողներն են ասում՝ իրենց մանկության երազանքն է եղել ընդունվել ֆակուլտետ: Փաստորեն՝ այստեղ երազանքներն ու հեքիաթները իրականություն են դառնում: Լրագրողի մասնագիտությունը կենսակերպ է, այն կոչում է, նաև ինքնահաստատման և ինքնադրսևորման ձև: Եթե ուսանողը իրեն տեսել է այս ոլորտում և, եթե եկել է այստեղ, ապա՝ հստակ նպատակով և ասելիքով: Տարբեր սերունդներ են եկել-գնացել, բայց բոլորը եղել են յուրահատուկ և վառ անհատականություններ, այժմ նրանց տեսնում ենք տարբեր լրատվադաշտերում. նշանակում է, որ նրանք կայացել են այս միջավայրում։

-Ինչո՞ւ է հասարկության մեջ ձևավորվել անվստահություն լրագրողի աշխատանքի հանդեպ:

-Այս հարցին կարելի է տարբեր կողմերից դիտարկել: Լրագրողները հնարավոր է տան անհարմար հարցեր, որոնց չցականան պատասխանել մարդիկ: Սակայն մեր ֆակուլտետում լրագրողները անցել են բոլոր մասնագիտական հմտությունները, յուրացրել են էթիկական նորմերը, մատուցման մեջ չեն կարող անպատշաճություն դրսևորել. այդ կարծրատիպը կարող ենք կապել այն հանգամանքի հետ, որ դաշտը բավականին իրարամերժ և հակասական է: Դժվար թե պրոֆեսիոնալ, իր գործում գիտակ, համապատասխան կրթություն ստացած լրագրողը ստեղծի նման իրավիճակ:

-Ո՞վ է լրագրողը։

-Այժմյան լրատվամիջոցները պահանջում են ունիվերսալ լրագրողների: Եվ մենք հենց այդպիսի լրագրողներ ենք պատրաստում, քանի որ մեզ մոտ ամեն բան ճյուղավորված է, և ուսանողը կարող է ընտրել նախընտրելի ոլորտ և հմտություններ ձեռք բերել: Լավ լրագրողը պիտի լինի պրոֆեսիոնալ, քանի որ այժմ լրագրողն ունի նաև մրցակից, որն է արհեստական բանականությունը. այն կարող է շատ արագ ինֆորմացիա հայթայթել և հաղորդել, սակայն չի կարող լրագրողի նման պրոֆեսիոնալ աշխատել, որովհետև լրագրողը մտածող և ստեղծագործող է։ Լրագրողն անպայման պետք է ունենա շփման հմտություններ, կարողանա տիրապետել ժանրային հատկանիշներին, թեմատիկային, լսարանին պետք է կարողանա մատուցել, համոզել, նաև մոտիվացնել:

-Արդյո՞ք այս տարիների ընթացքում խմբագրվել են ուսանող-դասախոս հարաբերությունները:

-Դասախոսն առաջին հերթին պետք է լավ մանկավարժ և հոգեբան լինի, նա պետք է անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուրին: Ճիշտ է, լսարանը որքան մեծ է, այնքան դժվար է անհատական մոտեցում ցուցաբերելը, սակայն, երբ շփվում ես, տեսնում ես, որ յուրաքանչյուրին կարող ես բացահայտել յուրովի: Ուսանող-դասախոս հարաբերությունները պետք է պահպանվեն բոլոր տարիների ընթացքում, ընդարումներ ևս լինում են, բայց այդ ամենը ողջախոհության սահմաններում պետք է հարթել:  Դասախոսի կոչումը կրթելն է, միջավայրի մեջ ուսանողի հետ շփվելը, որ ուսանողը կարողանա դասախոսի հետ դասապրոցեսից դուրս ևս ազատ շփվել, հաղորդակցվել:

Մերի Ալոյան

3-րդ կուրս

Կիսվել