Իմ կտավներում ծաղիկները երբեք չեն թառամում․ Լիլիթ Տոնականյան

Իմ կտավներում ծաղիկները երբեք չեն թառամում․ Լիլիթ Տոնականյան

2199

Շիրակ աշխարհի Արթիկ քաղաքում է ծնվել երիտասարդ նկարչուհի Լիլիթ Տոնականյանը։ 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, իսկ 2016-ին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը։ Այժմ աշխատում է Փանիկ գյուղի արվեստի դպրոցում՝ որպես նկարչության ուսուցչուհի։ Ունեցել է 4 անհատական ցուցահանդեսներ՝ 2-ը Երևանում, մեկը Գյումրիում և մեկն էլ հայրենի քաղաք Արթիկում։ Լիլիթի նկարներում գերակշռում են ծաղիկները՝ վառ ու բազմագույն։

Ո՞ր տարիքում սկսեցիր նկարել։ Այդ տաղանդն ինչպե՞ս բացահայտվեց քեզ մոտ։

Նկարել սկսել եմ 6 տարեկանից։ Այդ տաղանդն իմ մեջ մայրս է բացահայտել։ Երբ դեռ դպրոց էլ չէի գնում, գրքերից արտանկարներ էի անում, շատ գեղեցիկ էին ստացվում, նա էլ նկատեց ու ինձ տարավ նկարչական դպրոց։

Հիշու՞մ ես առաջին նկարդ, որը քեզ հաջողություն բերեց։

Փոքր էի, հունիսի 1-ին բոլոր երեխաները հավաքվել էին Արթիկի հրապարակում՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման համար։ Պետք է գետնին կավիճներով նկարեինք, ճիշտն ասած, այդքան լավ չեմ հիշում՝ ինչ էի նկարել, ինձ թվում է՝ կենդանիներ։ Միայն հիշում եմ՝ ժյուրիի անդամները եկան նայեցին, հարցեր տվեցին, ու հաղթող աշխատանք իմն ընտրվեց։ Ինձ մոտ տպավորվել է, թե ինչպես հաղորդավարը բարձրախոսով իմ անուն-ազգանունն արտասանեց։ Շատ-շատ էի ուրախացել և նկարչական առաջին պարագաներս այդ օրը որպես մրցանակ ստացա։

Նկարում ես հիմնականում ծաղիկներ, մի՞շտ ես ծաղիկներ նկարել, թե եղել է շրջան, որից հետո ես սկսել նկարել։

Ծաղիկներն ինձ միշտ հետքրքրել են, շատ եմ սիրում նրանց գեղեցկությունն ու բույրը։ Միշտ տխրում էի, երբ նվեր էի ստանում ծաղիկներ, ու շուտ էին թառամում։ Որոշեցի նկարել ծաղիկներ, բացահայտել ամեն մեկի նշանակությունը, դերը։ Միշտ նկարել եմ ու կնկարեմ, քանի որ ամեն մի ծաղիկ յուրովի տարբեր է ու գեղեցիկ։ Թերթը թերթին ո՜նց է հպված (հիացմունքով նայում է սեղանին դրված ծաղիկներին), ո՜նց կարող է Աստված այսքան նուրբ, գեղեցիկ երևութ ստեղծել, ինչպիսին ծաղիկն է։ Իմ կտավներում նրանք երբեք չեն թառամում։

Քո նկարած ծաղիկների բույրը զգում եմ, ո՞րն է գաղտնիքը։

Ինչպես նշեցիր, իմ նկարած ծաղիկները բույր ունեն։ Շատերն են զգում, ես ինքս զգում եմ ու նպատակներիցս մեկը հենց նաև նրանց նուրբ բույրը փոխանցելն է։ Գաղտնիքը երևի այն է, որ ես շատ մեծ հոգի եմ դնում իմ կտավներում։ Միշտ ոգևորությամբ, բարի ժպիտներ փոխանցելու ակնկալիքով եմ նկարում։ Եվ եթե զգում են ծաղիկներիս բույրը, ուրեմն մի լավ կետի հասել եմ արդեն։ Ցուցահանդեսներիս շատ են ասում՝ օ՜, դրանք Լիլիթի ծաղիկներն են։ Ես բոլոր ծաղիներն էլ սիրում եմ, բայց ավելի շատ կակաչը, կարմիր կակաչը։

Ո՞րն է քո ամենասիրելի նկարը, եթե կա այդպիսին, կմեկնաբանե՞ս՝ ինչու՞ է այն քեզ համար առանձնահատուկ։

(Դադար։ Երկար մտածում է։) Իմ բոլոր նկարներն էլ ինձ համար ամենահարազատն ու մտերիմն են, բայց կարող եմ առանձնացնել «Հառիճավանքը», որը դիլոպային աշխատանքս էր, շատ է տպավորել ինձ, գնացել էինք կուրսեցիներով, որ տեղում նկարեինք։ Բայց ես իմ բոլոր նկարներով ապրում եմ, շնչում։ Կարծում եմ՝ նկարելիս նախևառաջ նկարը քեզ պիտի դուր գա, հետո նոր դիմացինին։ Իսկ սովորել միշտ պետք է, փորձի փոխանակում է պետք, նայել վարպետների գործերին, ընկալել, հասկանալ։

Նկարում ես հիմնականում ձեռքերով։ Ինչո՞ւ, ձեռքերն ավելի լա՞վ են զգում գույները։

Նկարում եմ ձեռքերով, վրձին էլ եմ օգտագործում, բայց շատ քիչ։ Այդպես ավելի եմ մտնում իմ արվեստի աշխարհ, կտրվում եմ ամեն ինչից։ Սիրում եմ ոգևորված ու ոգեշնչված աշխատել՝ ձեռքերս ու շորերս ներկոտելով։ Ես անընդհատ խոսում եմ կտավի հետ ձեռքերով։ Ներկերը քսում եմ, խառնում իրար, ու մի գեղեցիկ զրույց է ստացվում։ Այդպես ես մենակ չեմ, կտավն էլ ինձ հետ է խոսում։

Ո՞րն է կամ որո՞նք են քո ոգեշնչման աղբյուրները։

Ես ոգեշնչվում եմ ամեն ինչից՝ ծառից, ծաղկից, մարդուց։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը մի լավ բան է ասում, թեկուզ ինձ չէ, պարզապես կողքից դրական բան եմ տեսնում, դրանից ուրախանում ու ոգեշնչվում եմ։ Իմ էությունն այդպիսին է։ Ուրիշի լավով միշտ պետք է ուրախանաս։ Մանավանդ, վերջերս այսքան շատ դեպքեր եղան։ Ես շատ եմ ցավում մեր երկրի հետ տեղի ունեցածի համար։ Մի պահ գալիս է, որ տրամադրություն չեմ ունենում ստեղծագործելու, բայց երբ կողքից տեսնում եմ մի նոր ծնունդ, մի լավ խոսք, վերաբերմունք, ես շատ եմ ուրախանում և սկսում եմ ստեղծագործել։ Ամեն ինչն ինձ ոգեշնչում է (ժպտում է)։

Ու՞մ կարծիքն է ամենաթանկը քեզ համար։

Ես սիրում եմ կարծիքներ լսել։ Բայց ամենակարևոր ու ամենաթանկ մարդը, որ առաջինը պարտադիր պետք է գա ու նայի նկարս, մայրս է, հետո՝ հայրս։ Առաջինը ծնողներիս կարծիքն եմ լսում։ Գալիս են, հեռվից նայում ու շատ ճիշտ դիտարկումներ են անում, որոնք միշտ հաշվի առնում եմ։

Ունեցել ես թե՛ խմբակային, թե՛ անհատական ցուցահանդեսներ։ Ամենավառ տպավորությունդ ո՞ր ցուցահանդեսից է մնացել։ Արդյո՞ք հետաքրքիր դեպք պատահել է ցուցահանդեսների ժամանակ, որը քեզ շատ է տպավորել։

Ամենավառ տպավորությունս այն էր, երբ ցուցահանդեսիս ժամանակ ֆեյսբուքյան ընկերներիս, որոնք գրեթե բոլորը արվեստի սիրահարներ են և ապրում են Հայաստանի տարբեր շրջաններում, հրավիրել էի Երևան։ Դա առաջին անհատական ցուցահանդեսս էր։ Պատկերացնո՞ւմ եք, այնքան էի հուզվել ու ոգևորվել, երբ տեսա, որ հրավիրածս բոլոր մարդիկ եկել են։ Նույնիսկ չկարողացա երկու բառ ասել, երբ խոսելու իմ հերթը հասավ։ Ցուցահանդեսներս սիրում եմ ինքս կազմակերպել, ամեն մի դետալ շատ կարևոր է ինձ համար։ Ամեն ինչ պետք է տեղը տեղին լինի, ու ներկաները բոլորն ասում են, որ Շիրակի համն ու հոտը զգում ենք քո նկարներից, Արթիկի տուֆն է արտահայտվում իմ նկարներում։ Իսկ ես ուզում եմ, որ իմ փոքրիկ քաղաքը էլ ավելի ճանաչելի լինի բոլորին։

Կին, մայր, ուսուցիչ,  նկարիչ․․․ Ինչպիսի՞ն է Լիլիթ Տոնականյանն այս դերերից յուրաքանչյուրում։ Հե՞շտ է համատեղելը։

Նկարելը միշտ կա իմ կյանքում՝ և՛ տանը, և՛ աշխատանքի վայրում։ Նկարիչ կինը մի քիչ տարբեր է նկարիչ տղամարդուց։ Դե, պիտի հարսնություն անես (ծիծաղում է), փոքրիկ մեծացնես։ Բայց պետք է ասեմ, որ միշտ շրջապատված եմ եղել ինձ սիրող մարդկանցով, որոնք գնահատում են կատարածս աշխատանքը, իսկ դա շատ մեծ նշանակություն ունի կին արվեստագետի, կին նկարչուհու համար։ Վստահեցնում եմ, որ շատ նկարչուհիներ են եղել, ովքեր չեն համատեղել, թողել են նկարչությունը, իսկ ինձ շատ են ոգևորում, որ ստեղծագործեմ։ Փոքրիկիս ծնվելու ժամանակ եմ դադար ունեցել, բայց հետո իմ մեջ ուժ գտա ու շարունակեցի նկարել։

Հայաստանում միայն նկարչությամբ հնարավո՞ր է ապրել։ Մանավանդ, քո հայրենի քաղաք Արթիկում դժվա՞ր չէ միայն նկարչությամբ քեզ ֆինանսապես ապահովելը։

Ճիշտ է, շատ մարդիկ կան այստեղ, ովքեր գնահատում, հասկանում են արվեստը, բայց գնորդներս հիմնականում արտասահմանից են, որովհետև ֆինանսապես նրանց ավելի հասանելի են աշխատանքներս։ Աշխարհի գրեթե բոլոր կետերում իմ գործերից կան։ Բայց այստեղ էլ են գնում, ես աշխատում եմ մատչելի տալ։ Ինձ համար կարևորը այն է, որ մարդիկ տեսնեն իմ արվեստի գործը, որ այն տարածվի, շատերը ծանոթանան, որ ինչ-որ մեկի տանը տեսնեն, ասեն՝ սա Լիլիթի աշխատանքն է։ Ես դրանից հաճույք եմ ստանում։ Ինձ համար առաջնայինը այն երջանկության զգացումն է, որ իմ աշխատանքը հավանում և սիրում են, իսկ հետո նոր այն ընկալում եմ նաև որպես աշխատանք։

Դժվա՞ր ես բաժանվում նկարներիցդ։

Անկեղծ ասած, սկզբից միշտ մտածում էի՝ երևի այնքան եսասեր եմ, որ երբեք չեմ կարողանա իմ աշխատանքներից բաժանվել։ Բայց հետո, երբ տեսա, թե ինչքան են սիրում մարդիկ, ինչ ոգևորությամբ են նկարագրում իմ աշխատանքները, վառ գույները, վրձնահարվածները, սկսեցի սիրով տալ մարդկանց։ Հեշտ չեմ տալիս, բայց սիրով եմ տալիս (ժպտում է)։

Միշտ նկարում ես վառ գույներով։ Երբ վատ հոգեվիճակում ես լինում, նկարներդ կրկին վա՞ռ են ստացվում։

Նկարներիս վառ, պայծառ գույները երևի թե պայմանավորված են Շիրակ աշխարհով, այստեղի կոլորիտով։ Բացի այդ՝ իմ էությունն է այդպիսին, ես սիրում եմ պայծառ, վառ գույները ու փորձում եմ իմ կտավներում պահպանել դրանք։ Նկարելիս, իհարկե, հանգստանում եմ, բայց  եթե շատ վատ վիճակում եմ կամ տրամադրություն չունեմ, չեմ ուզում փչացնել կտավը, այդ պահին չեմ նկարում։ Այդպիսի դեպքեր երբեմն լինում են, բայց ոչ հաճախ։

Իմ նպատակն է մարդկանց հաղորդել միայն բարի, հաճելի զգացողություններ ու ժպիտներ։

Զրուցեց Լուսինե Հակոբյանը

3-րդ կուրս









Կիսվել