Խաչատրյան Դիանան ինսթագրամյան Your lawyer էջի հիմնադիրն է, որը կարճ ժամանակում մեծ լսարան հավաքեց և արժանացավ հետևորդների ուշադրությանը:
Դիանան սովորում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում,
Իրավաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսում: Իր էջում ինֆորմացիան ներկայացնում է մատչելի տարբերակով, ներկայացված թեմաները ամփոփում է Quiz-ի ձևով, պատմում է հետաքրքիր օրենքների և դատերի մասին:
-Ի՞նչպես ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը:
-Կյանքիս ամենաբարդ ընտրություններից մեկը, եթե ոչ ամենաբարդը եղել է մասնագիտական կողմնորոշումը: Դպրոցական տարիներում տատանվել եմ կենսաբանության և մաթեմատիկայի ուղղությունների մեջ, մինչդեռ ընտրեցի բոլորովին այլ ուղղություն: Դժվար է 17-18 տարեկանում հասկանալ, թե ինչով ես ուզում զբաղվել ամբողջ կյանքում, այն էլ այն դեպքում, երբ նույնիսկ հստակ պատկերացում չունես որոշ մասնագիտությունների մասին: «Ընտանեկան ժողովի» ժամանակ որոշեցինք, որ ընտրելու եմ իրավաբանի մասնագիտությունը, ( ի դեպ հայրիկս և եղբայրս նույնպես այս ոլորտի մասնագետներ են): Դպրոցումս (Անանիա Շիրակացու ճեմարան) հաճախ տարբեր համալսարանների նեկայացուցիչների էինք հյուրընկալում, և հանդիպումներից մեկի ժամանակ էլ որոշեցի, որ դիմելու եմ Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ: Այժմ, ավելի քան համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, և եթե նորից հնարավորություն լիներ ընտրության՝ նորից կդիմեի նույն համալսարանի նույն ֆակուլտետը:
-Ձեր հրապարակումներից մեկում նշել էիք, որ Հայաստանում մարդկանց իրավագիտակցության մակարդակը համեմատաբար ավելի ցածր է: Ի՞նչ միջոցներ պետք է կիրառվեն, որ վիճակը բարելավվի:
-Ամեն ինչ սկսվում է դպրոցից: Միանշանակ այս հարցում մեծ դեր են խաղում նաև ընտանիքը և հասարակությունը, բայց առաջնային խնդիրը դրված է ուսուցչի ուսերին: Դեռևս մանկուց երեխայի մեջ պետք է սերմանել կարգապահություն և բարեխղճություն: Երեխան պետք է կարողանա պատասխանատվություն կրել իր կատարած քայլերի համար, միևնույն ժամանակ խրախուսվի լավ արարքների համար: Այս ձևով երեխան կտարբերակի ճիշտը սխալից, լավը՝ վատից, օրինական արարքը՝ ոչ օրինականից: Իրավագիտակցության մեջ իր ուրույն դերն ունի դպրոցներում դասավանդվող հասարակագիտություն առարկան: Սա առաջին ձեռնարկն է, որի միջոցով երեխան պատկերացում է կազմում իր իրավունքների և պարտականությունների մասին: Այս առարկային շատերը լուրջ չեն վերաբերում, մինչդեռ հետագայում գիտակցում են դրա կարևորությունը և փոշմանում, որ այն անտեսել են: Իրավագիտակցության վրա, որքան էլ զարմանալի թվա, բայց իր ազդեցությունն են ունենում դպրոցի խիստ կանոնները: Դրանք ստիպում են աշակերտին ավելի հետևողական լինել իր արարքների նկատմամբ, հարգել դիմացինին, ունենալ լավ առաջադիմություն: Վերջերս ինստագրամյան էջում անդրադարձա նաև հայկական սերիալներին և անհրաժեշտ եմ համարում նշել, որ իրավագիտակցության վրա իր ազդեցությունն են ունենում նաև սերիալները և հաղորդումները: Դրանց միջոցով կարող ես կրթել մի ողջ հասարակություն, եթե սերիալներում ավազակության փոխարեն խրախուսվեն լավ սովորելն ու կարգապահությունը, համոզված եղեք, որ տարիների ընթացքում մենք կնկատենք զգալի դրական փոփոխություններ կրթական համակարգում:
-Ինսթագրամյան էջի նյութերում անդրադառնում եք մարդկանց իրավունքներին և պարտականություններին. ե՞րբ ծագեց գաղափարը՝ ստեղծել նման էջ:
-Համալսարանում, երբ սովորում էի որևէ օգտակար նյութ, արագ սկսում էի ոչ իրավաբան ընկերներիս շրջանակում տարածել դրանք, քանզի համարում էի, որ դրանք կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու համար: Հետո նկատեցի, որ հետաքրքրությունը մեծ է և անըդհատ հարցնում են՝ հը՞ն նոր բան սովորել ես, որ մեզ պատմես, մեր իրավաբան:
Այդպես ծագեց միտք` բացել էջ, որտեղ կկիսվեմ իմ փորձով, կպատմեմ հետաքրքիր օրենքների, դատերի մասին, կասեմ կայքեր, որտեղ կգտնեն հոդվածներ, օրենքներ, հետաքրքիր նյութեր, կպատասխանեմ շատերին հուզող հարցերին և կիրազեկեմ իմ հետևորդներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին: Ես էլ փորձում եմ որոշ չափով նպաստել իրավագիտակցության զարգացմանը իմ հայրենիքում:
-Ո՞ր թեմաներն են առավել պահանջված, և ո՞ր նյութերն են ամենաընթերցվածները:
-Դժվար է առանձնացնել մի քանիսը, քանի որ նյութերս կազմում եմ հենց իրենց պահանջարկի հիման վրա: Օրինակ` վերջերս, երբ փոստ արեցի, որտեղ պատմում էի դատարան իմ առաջին այցի մասին, բոլորին հուզող հարցը դարձավ datalex-ը և կայքից օգտվելու ձևը (կայք, որի միջոցով կարող ես իմանալ դատական նիստերի օրերը, վայրը և այլն) և հաջորդ փոստս եղավ բնականաբար datalex-ի մասին: Շատ են սիրում, երբ շաբաթվա վերջում (կամ ամսվա) կատարում ենք թեմաների ամփոփում Quizի տեսքով, մեծ արձագանք է լինում, երբ տեղադրում եմ իրավիճակներ, որոնք իրական դեպքեր են, և ասում եմ, որ ներկայացնեն հիմնավոր պատասխան՝ ո՞վ է մեղավոր, արդյո՞ք կենթարկվի քրեական պատասխանատվության, թե բացակայում է հանցակազմի տարրը և այլն:
-Ի՞նչ արձագանքներ եք ստանում ձեր հետևորդների կողմից:
-Նախ ասեմ, որ չէի սպասում, որ այսքան կարճ ժամանակահատվածում էջս այսքան կսիրվի և կստանամ նման դրական արձագանք: Այսքան նվիրված և ոգևորված վարում եմ էջս, որովհետև ստանում եմ դրական էներգիայի աղբյուր հետևորդներից: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով վստահում է ինձ և գնահատում է կատարածս աշխատանքը, որը անկեղծ ասած, բարդ համատեղելի է Ֆրանսիական համալսարանի հետ:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխությունների կարիք կա ՀՀ սահմանադրության մեջ:
Իրականում բարդ հարց է, և ինքս ինձ դեռևս չեմ համարում այնքան հմուտ մասնագետ, որ խոսեմ Սահմանադրության մեջ առկա սխալներից:
Հայկանուշ Հովսեփյան
2-րդ կուրս