Վերջին շրջանում շատ է շահարկվում «Ֆեմինիզմ» տերմինը, սակայն շատերը չգիտեն` ինչ է այն: Ֆեմինիզմը քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների ամբողջություն է, որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների:
Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է։ Նրանք պայքարում են հավասար ընտրական իրավունքի, աշխատելու իրավունքի, աշխատավայրում հավասար իրավունքների, հավասարաչափ վարձատրության և այլ իրավունքների համար:
Սակայն ֆեմինիզմի մասին կան շատ տարակարծիք մտքեր. ոմանք կարծում են, որ ֆեմինիզմը աշխարհին կբերի հավասարություն, շատերը համարում են, որ ֆեմինիստները ձգտում են հասնել մայրիշխանության: Այս կարծիքները համախմբելով` փորձել ենք պարզել, թե ինչպես են Հայաստանում մարդիկ վերաբերվում ֆեմինիստներին: Հայաստանում գործում է ՖեմԳրադարան, որի համահիմնադիր Արփի Բալյանը նշեց, որ այժմ գրադարանը դադարեցրել է իր գործունեությունը և զբաղվում է Արցախից եկած ընտանիքներին հումանիտար օգնություն տրամադրելով։ Իսկ մինչև այս գրադարանը կազմակերպել է տարբեր հանդիպումներ՝ կապված ֆեմինիզմի հետ։ Գրադարանը բաց է եղել բոլորի համար, և ամբողջ գրականությունը ֆեմինիզմի մասին է։
Այսպիսով, կատարելով հարցում մոտ 100 բնակիչների շրջանում, պարզեցինք, որ հարցման մասնակիցներից միայն 26.6%- ն ֆեմինիստ, 37.2 %-ը ծանոթ է ֆեմինիստական շարժմանը, իսկ 30 %-ը միայն լսել է ֆեմինիզմի մասին:
Մարգո Սարյանը, ով արդեն 5 տարի իրեն համարում է ֆեմինիստ, կարծում է, որ բոլորը պետք է լինեն ֆեմինիստ` կանանց և տղամարդկանց հոգեկան ու ֆիզիկական բռնությանը վերջ դնելու, ինչպես նաև ցանկացած այլ խտրականություն վերացնելու համար:
Հարցման մասնակիցների 63.8 %-ը նույնպես կարծում է, որ կանայք պայքարում են հավասարության հասնելու համար, և որ ֆեմինիզմը աշխարհում կվերցնի խտրականությունը։ 18.1 %-ը ընդհանրապես ոչ մի կերպ չի վերաբերվում ֆեմինիզմին, իսկ 21.3 %- ն էլ կարծում է, որ բոլոր տղամարդիկ և կանայք պետք է ֆեմինիստ լինեն:
Հայկը, ով ուսումնասիրել է ֆեմինիստական շարժումը, այժմ այն անիմաստ է համարում.
«Նրանք ձգտում են իրավական, սոցիալական, հասարակական հավասարության, բայց իրավական հավասարությունը արդեն իսկ կա, իսկ մյուս հավասարությունները օրենքով չեն սահմանվում, դրանք հասարակական գիտակցության խնդիրներ են»,- նշում է Հայկը: Նա կարծում է, որ ֆեմինիստական շարժումը հասել է իր նպատակին, քանի որ և’ իրավական, և’ սոցիալական հավասարության կանայք հասել են, իսկ հասարակական հավասարությունը կապված է անձնական, սերնդեսերունդ եկած գաղափարներից և խնդիրներից: Մարգոն նույնպես համարում է, որ կանայք հասել են իրավական և սոցիալական հավասարության, սակայն օրենսդրական դաշտում հավասար իրավունքները հերիք չեն՝ գենդերային հավասարության հասնելու համար։
Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ ֆեմինիզմը նույնականացնում է նույնասեռականության հետ, որ կանայք ձգտում են հասնել մայրիշխանություն և որ նրանք ատում են տղամարդկանց. Մարգոն դա բացատրում է չիմացությամբ.
«Շատ միֆեր կան, որ ֆեմինիստ մարդիկ նույնասեռական են, նրանք ատում են տղամարդկանց, և որ ֆեմինիստ կանայք տգեղ են, նրանց ոչ ոք չի սիրում, դրա համար են դառնում ֆեմինիստ։ Այս ամենը գալիս է անտեղյակությունից, մարդիկ վախենում են նոր գաղափարներից և փորձում են դրանք ծածկել»,-նշում է Մարգոն։
Հարցման մասնակիցների 15%-ը չի հավատում, որ Հայաստանում երբևէ հավասարություն կլինի, 52.1 %-ը համարում է , որ այդ հավասարությունը չի լինի, իսկ եթե լինի, միայն շատ տարիներ հետո, և միայն 23.3%-ն է համարում, որ այժմ Հայաստանում հնարավոր է հասնել բացարձակ հավասարության։
Արծվիկ Դավթյան
2-րդ կուրս