ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2020 թ. ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում հայկական լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է գերիների փոխանակման թեմային: SHANTNEWS-ի թղթակիցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքրվեց, թե ինչ է անում այդ հարցի ուղղությամբ ռուսական կողմը։
«Ռազմագերիների հարցը քննարկվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված համաձայնագրերում։ Հարցն այնուհետև քննարկվել է ՌԴ նախագահի՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, իմ՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ։
Եթե ամփոփենք այն, ինչ կատարվել է՝ սկզբում իսկապես ավելի շատ խնդիրներ ունեին հայերը, որովհետև անհրաժեշտ էր ձևավորրել մարդկանց ցուցակները, որոնք կորած էին, և որոնց նրանք ցանկանում էին ետ բերել գերությունից։ Ադրբեջանն այդ ցուցակները տվել էր, և ադրբեջանական ցուցակում նշվածները ոչ միանգամից, բայց վերադարձվել էին։ Այլևս ոչ մի իրավիճակ կորածների, գերիների և պահվող մարդկանց մասին ադրբեջանական կողմից չի առաջացել։
Հայկական կողմը ցուցակները ներկայացրել է ոչ միանգամից և ոչ ամբողջությամբ։ Տեղի ունեցավ այն մարդկանց փոխանակումը, որոնք նոյեմբերի 9-ին ավարտված գործընթացների մաս էին»,- ասել է Լավրովը։
Ըստ նրա՝ այժմ կարևորը այն հարցն է, որը ծագել է դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ հայ զինծառայողների մեծ խումբը (62 հոգի) ուղարկվել էր այնտեղ։ Նրանք գերեվարվել էին դեկտեմբերի սկզբին։
«Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ քանի որ այդ մարդիկ հայտնվել էին շրջանում հրադադարի և ռազմական գործողությունների ավարտից հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին։ Այնուամենայնիվ, նախագահ Պուտինն իր շփումների ժամանակ առաջ է քաշում այդ հարցը քննարկելու անհրաժեշտությունը։
Ես խոսել եմ Հայաստանի ԱԳ նախաարարի հետ՝ փորձելով ճշտել վերջնական ցուցակները, որոնք այժմ բացակա են. պարզվել է, որ մարդկանց թիվը շատ մեծ է 62-ից։
Այժմ մեր զինվորականները հայ զինվորականների հետ կապի մեջ են և փորձում են գտնել այդ մարդկանց գտնվելու վայրը։ Եթե չլինեին մեր խաղաղապահները, այդ հարցը թերևս ավելի դժվար լուծվեր»,-ընդգծել է Լավրովը։