ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ամուսնու՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է «Markarian» բրենդի զգեստով և վերարկուով: Բացի այդ, քաղաքական գործչի կինը կրել է նույն գույնի ձեռնոցներ և դիմակ։
Առաջին տիկնոջ վերարկուն զարդարված է եղել մուգ կապույտ թավշյա օձիքով և ճարմանդներով.
«Կապույտ գույնը խորհրդանշում է վստահություն, համարձակություն և կայունություն»,-ասվում է նորաձևության տան հայտարարության մեջ: «Markarian» բրենդը նոր ասելիքով նոր անուն է ամերիկյան նորաձևության աշխարհում:
Բրենդի հիմնադիրը Կոլորադոյի դիզայներ Ալեքսանդրա Օ´Նեիլն է: Այն հիմնադրվել է 2017 թվականին և անվանվել է ի պատիվ հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի կողմից 1963 թվականին հայտնաբերված «Մարգարյան գալակտիկաների»: Այս գալակտիկաները պատկանում են այն դասին, որոնք ունեն ուլտրամանուշակագույն արտանետումների չափազանց մեծ քանակություն՝ համեմատած այլ գալակտիկաների հետ:
Դիզայները մանկուց սիրել է հիանալ անծայրածիր երկնքի գեղեցկությամբ, աստղերով և տիեզերքով: Բրենդի հիմնադրումը խորհրդանշում է Օ’Նեյլի սերը երկնային ռոմանտիզմի նկատմամբ։
Օ’Նեյլի զգեստները հիմնականում շքեղ կտորներով, տարբերվող ձևածքներով զգեստներ են, որոնք մեծամասամբ պատկանում են հագուստի վինտաժային ոճին: Գերակշռում են ծաղկավոր տպագրությունները, փայլերը, ուռած թևերը:
Բրենդի ներկայացրած հավաքածուները մեծամասամբ երեկոյան զգեստներ են, քանի որ դիզայների հիմնական մասնագիտացումը հարսանեկան հյուրերի համար նախատեսված զգեստների ստեղծումն է:
Արուս Միրզոյան