Ոսկու գինը՝ առողջություն. թուխմանուկի հանքավայրը կարող է վերաբացվել

Ոսկու գինը՝ առողջություն. թուխմանուկի հանքավայրը կարող է վերաբացվել

1267

2006թ-ից շահագործվող Թուխմանուկի բացահանքը հենց սկզբից առաջացրել է մի շարք խնդիրներ։ Այն Արագածոտնի մարզում շահագործվող ոսկու միակ հանքավայրն էր, շահագործվում էր «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից։ Գտնվում է Մելիքգյուղ համայնքի վարչական տարածքում։ 2000թ. Հիմնադրված ընկերության հիմնադիր է նշվում Հրայր Թովմասյանը, որի մասնակցությունը դադարեցված է։ Որպես բաժնետեր նշվում են ամերիկահայ Վան Գրիգորյանը և  «Ջի-Ջի-Սի-Ար – Մայնինգ» ՍՊԸ-ն։

Թուխմանուկի հանքավայրի շահագործումը մշտապես առաջացրել է մելիքգյուղացիների դժգոհությունը։ Թեև 2008թ. Բնապահպանության նախարարությունը որոշում էր կայացրել հանքի փակ շահագործման մասին և դրա համար վերջնաժամկետ էր սահմանվել 2010թ. Նոյեմբերի 10-ը(դրանից հետո կսկսվեր «Մեգո-Գոլդ» – ի աշխատանքների դադարեցման գործընթացը) ՝ փակ շահագործման պահանջը չկատարվեց, սակայն 2012թ. Դեկտեմբերի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, առանց հաշվի առնելու ընկերության թույլ տված խախտումները, վերաձևակերպում է «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի հանքային իրավունքը և կնքում ընդերքօգտագործման պայմանագիր։

Թուխմանուկի հանքավայրի  երեք պոչամբարները

2012թ ընկերությունը հայտարարեց, որ նախատեսում են կառուցել 3-րդ պոչամբարը, այնինչ նախորդ երկուսը լցված էին և չռեկուլտիվացված։ Համայնքում տեղի ունեցած լսումների ժամանակ համայնքի բնակիչները և բնապահպանները բազմիցս դեմ են արտահայտվել ինչպես այս որոշմանը, այնպես էլ հանքի շահագործմանը։ Երրորդ պոչամբարը ի վերջո կառուցվեց։ Հարցում ուղարկելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (հարցումը վերահասցեագրվեց ԱԻՆ) ի պատասխան պարզվեց, որ հանքավայրը գտնվում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։ Բացահանքի երրորդ՝ ամենամեծ պոչամբարում 2014թ. Փլուզումներ են եղել և պոչամբարի պատը այդպես էլ չի ամրացվել, ինչը բնապահպանական լուրջ վտանգ է ներկայացնում համայնքի համար։ Մելիքգյուղը 9 բալ սեյսմիկ գոտում է և երկրաշարժի կամ սողանքի դեպքում, եթե պոչամբարը քանդվի՝պոչանքները կարող են աղտոտել խմելու ջուրը։

Նախորդ հարցման պատասխանից հետո 6 ամիսը լրացած չլինելու պատճառով տեղադրում ենք վերջին հարցման պատասխանը

Գյուղացիները միշտ նշել են, որ հանքի շահագործման ընթացքում մշակվող բերքի որակը վատացել է, քանի որ հանքի պոչանքները լցվում են պոչամբարի հարակից Գետիկ գետը, որը ոռոգման նպատակով է օգտագործվում։ Բնակիչները բողոքում են նաև առողջությունից, սա կապելով բացահանքի տարածքում եղած մշտական քամիների հետ, որոնք գյուղի ուղղությամբ են փչում փոշին, ինչն էլ դառնում էր օդի աղտոտման պատճառ։ Բայց, հաշվի չառնելով գյուղացիների և բնապահպանների մշտական բողոքները, «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը տեղեկացրել էր, որ ցանկանում են նոր պոչամբար կառուցել և ընդլայնել հարստացուցիչ ֆաբրիկան։ Ըստ նրա պատճառաբանության ՝ նախորդ երեք պոչամբարները չէին ռեկուլտիվացվել, քանի որ դրանց պոչանքներում դեռևս անմշակ հումք կար, որը վերամշակվելու էր շուտով։ Չորրորդ պոչամբարը չկառուցվեց։ 2016թ. Նոյեմբերին դատարանը «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ին սնանկ է ճանաչել։ Ընկերության լուծարման որոշում դեռ չի կայացվել։ 2019թ. Հոկտեմբերի տվյալներով ընկերությունը ուներ 6 աշխատակից։ Թեև ընկերությունը Թուխմանուկի բացահանքը շահագործել է գրեթե 10 տարի, բայց վեճեր ու բողոքներ միշտ եղել են։

Հանքի հեռավորությունը գյուղից

Բացի վերը նշված խնդիրներից, ընկերությունը նաև ֆինանսական խնդիրներ ունի Մելիքգյուղ համայնքի հետ։ Ընկերությունը տարեկան 226հա Հող է վարձակալում համայնքից և մի քանի տարի չվճարված պարտքը մի քանի միլիոն դրամ է։ «Մեգո-Գոլդ» ընկերության աշխատակիցները հիմնականում մելիքգյուղացիներ էին, ովքեր մեկ տարի աշխատավարձ չէին ստանում։ Նրանք հստակ թիվ չեն նշում, բայց ասում են, որ ընկերությունը շուրջ 1մլն. դրամ պարտք է ունեցել յուրաքանչյուրին։ Մեզ հետ զրույցում աշխատակիցները նշեցին, ստիպված դիմել են դատարան, դատական գործի ավարտին ընկերությունը փոխհատուցել է 10 ամսվա աշխատավարձը։ Մյուս 2 ամիսների համար աշխատանքային պայմանագրի ժամկետը սպառված և առանց նոր պայմանագրի աշխատած աշխատակիցները չվարձատրվեցին։ Ընկերությունը ձգձգել էր նոր պայմանագիր կնքելու ժամկետը և երկու ամիս աշխատած մարդիկ չէին համարվում ընկերության աշխատակից, ուստի չէին կարող գումար ստանալ։ Այնուամենայնիվ ՝2019թ. Դեկտեմբերի 30-ին «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջով՝ չեղարկել 2019թ դեկտեմբերի 13-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի որոշումը, որի համաձայն ընկերությունը զրկվել էր ընդերքօգտագործման իրավունքից։ Դատական նիստի օր էր նշանակվել 2020թ. Հունիսի 9-ը։ Դատարանի կայացած վճռի մասին որևէ բան պարզել չհաջողվեց։

Կիսվել