Թուրքիայի իշխանությունները պետք է գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ....

Թուրքիայի իշխանությունները պետք է գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ. Աննա Նաղդալյան

641

Հայաստանի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացման, դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը եւ կոչ անում լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Այս մասին ասել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությունը։

«Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6,3 մլն թուրքական լիրա գին: Բացի այդ, Թուրքիայի արեւմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։

Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել»,- ասել է խոսնակը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի խորհրդին, թե «Հայաստանը պետք է դաս քաղի», Աննա Նաղդալյանն ասել է․

«Որեւէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել եւ պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին:

Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձեւավորմանը»,-նշել է Նաղդալյանը։

Կիսվել