«Քոուչինգ և ժուռնալիստիկա» թեմայով հանդիպում-դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

«Քոուչինգ և ժուռնալիստիկա» թեմայով հանդիպում-դասընթաց՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

983

ԶԼՄ ներկայացուցիչներին քոուչինգի արդյունավետ տեխնիկաներին և ժուռնալիստիկայում դրանց կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով՝ տեղի է ունեցել «Քոուչինգ և ժուռնալիստիկա» թեմայով հանդիպումդասընթաց:

Դասընթացը վարում էր Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված քոուչ (PCC), բիզնեսի կառավարման խորհրդատու, աշխարհի առաջատար` «ERICKSON INTERNATIONAL» քոուչինգ- դպրոցի Հայաստանի ներկայացուցիչ Նանա Հովհաննիսյանը:

Բանախոս Նանա Հովհաննիսյանը  մասնակիցներին ներկայացրեց՝  ինչ է քոուչինգը, ինչով է այն տարբերվում օգնող այլ մասնագիտություններից, օրինակ՝ հոգեբանությունից:  Հանդիպում-դասընթացի ընթացքում քննարկվեց, թե ինչպես է հնարավոր քոուչինգի գործիքների  կիրառման միջոցով  բացահայտել նյութի հերոսների իրական նպատակները, ներքին շարժառիթները, ինչպես նաև արդյունավետ շփվել և հաղորդակցվել ամենազուսպ և բարդ զրուցակցի հետ։

Լրագրողների այն հարցին, թե ամենից հաճախ որ ոլորտներում է կիրառվում քոուչինգը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Քոուչինգն անձի ներուժի և տաղանդի բացահայտման ու զարգացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է:  Մասնագիտությունն օրեցօր զարգանում ու տարածվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Որպես ոլորտներ կարող եմ առանձնացնել  տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային և տարբեր բիզնես ոլորտները։  Այժմ այն նաև մեծ տարածում ունի կրթության ոլորտում, քանի որ քոուչինգ տեխնիկաների կիրառման միջոցով բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը։ Միջազգային խոշոր և առաջատար կազմակերպություններում քոուչի հետ համագործակցությունը ընդունված պրակտիկա է։ Այդ կազմակերպություններում քոուչը   դասընթացներ է անցկացնում բարձր օղակի աշխատակիցների, ղեկավարների, HR բաժնի ղեկավարի ու թիմի հետ, որպեսզի նրանք էլ կարողանան արդյունավետորեն աշխատել և համակարգել մնացած բաժինները»:

Հանդիպում-դասընթացի ընթացքում անդրադարձ կատավեց նաև մի շարք տեխնիկաների՝ հերոսի ճանապարհորդություն, Դիլթսի տրամաբանական մակարդակների  բուրգ, արդյունքի շրջանակ։ Կոնկրետ օրինակների հիման վրա Ն. Հովհաննիսյանը ներկայացրեց դրանց կիրառման առանձնահատկությունները:

Միլենա Մկրտչյան

Կիսվել