Թեև Արցախի հանրապետությունը դե ֆակտո անկախ է, հայաստանյան եղանակի տեսությունը ներկայացնելիս անպայման անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը: Հերթականությունն ու առաջնահերթությունը պայմանավորող գործոնները տարբեր են. հաճախ սկսվում է Շիրակից, Սյունիքից, Գեղարքունիքից և այլն, ամփոփվում Երևանի վարչական շրջաններով, բայց Արցախը երբեք դուրս չի մնում:
Գարնանային քաղաքական ու ռազմական փոփոխություններն իհարկե չէին կարող որևէ կերպ անդրադառնալ եղանակին, սակայն վերջին իրադարձություններով պայմանավորված փոխվեց նաև մարդկանց վերաբերմունքն ու ուշադրությունը եղանակի տեսության` հատկապես Արցախում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների, հանդեպ: Այսպես Լեռնային Ղարաբաղի եղանակը, անկախ մարդկանց բնակավայրից ու մարզից, դարձավ նույնքան հետաքրքիր ու որոշիչ, որքան եղանակը Երևանում, կենտրոնում, կոնկրետ վարչական շրջաններում:
Մաշտոցի պուրակի անկյունում խրամատ հիշեցնող արկղերի շարք է դասավորվում: Որոշներն արդեն լիքն են ու անցնում են փաթեթավորման փուլը, մյուսները դեռ լցոնվում են, երրորդ անկյունում, մշակված հատուկ եղանակով, դասավորվում են սև, ռետինե երկարաճիտ կոշիկները:
«Այստեղ 80 զույգ կոշիկ կա, ևս գրեթե 100 զույգ ունենք պահեստավորված Երևանում, վաղը կամ մյուս օրը կուղարկենք դիրքեր»,- կոշիկներն իրար մեջ խոթելով ու ըստ համարների դասավորելով ասում է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը:
«Զինվորական կոշիկները որքան էլ լավ ու ամուր լինեն՝ ջուր են քաշում, դրա համար ուղարկում ենք այս ռետինե կոշիկները` ինժեներական և այլ բնույթի աշխատանքների, անձրևին ու եղանակային պայմաններին դիմանալու համար»:
Պարբերաբար տարբեր նախաձեռնություններով հանդես եկող երիտասարդները նշում են, որ անհրաժեշտ իրերի մասին տեղեկանում են ՊՆ-ի համապատասխան կառույցներից: Համակարգող Ռիմմա Սարգսյանն ընդգծում է, որ «ԱՍԲ»-ն ոչ թե կազմակերպություն, այլ` նախաձեռնություն , որի նպատակը տարբեր միջոցներով` նյութականից մինչ տեղեկատվականկ ու մշակութային, սահմանամերձ բնակավայրերին, զինվորական ծառայողներին աջակցություն տրամադրելն է:
«Իրերը տեղափոխելու հարցում աջակցում են քաղաքացիները, հետո` ԱԻՆ-ը առաջարկեց իր օգնությունը, համագործակցում ենք ՊՆ-ի համապատասխան կառույցների հետ, տեղեկանում, թե ինչ է անհրաժեշտ: Սա նախկինում տեղի ունեցած նախաձեռնությունների շարունակությունն է, այն տարբերությամբ, որ վերաբերում է անմիջապես սահմանի պաշտպանությանը: Մինչև այս մի շարք մշակութային նախաձեռնություններ ենք կատարել սահմանամերձ բնակավայրերում: Սահմանամձերձ գյուղերում խնդիրները շատ են: Մենք պետք է ամուր լինենք ոչ միայն մարդկային կամքով այլև զինատեսակներով և որոշ կառույցներով: Սահմանամերձ բնակավայրերում մարդիկ երեբեք չեն դադարել զգոն լինելուց և մշտապես պատրաստ են, պատրաստ են եղել և պատրաստ կլինեն պայքարել թշնամու դեմ: Պատերազմը երբեք չի դադարել»:
Պատրաստի արկղերը միմյանց վրա շարելիս Միքայելն ավելացնում է.
«Շատ կարևոր է, որ սա չդիտարկվի որպես բարեգործություն այլ` պարտք: Կապ չունի զինված ուժերում ծառայող ընտանիքի անդամ, բարեկամ, ընկեր ունես, թե ոչ, պետությունն իր մասով է իր պարտավորությունները կատարում, մենք` մեր: Կարևոր է գիտակցել, որ դու միշտ պարտավոր ես քո անվտանգության երաշխավորին` միակ ռազմավարական դաշնակցին»:
Օրվա վերջում, թվիթթերյան օգտատեր Մարիամ Սարիբեկյանը ( մարիօ) իր էջում գրում է.
«-Անձրև ա գալի՞ս։
-Հա, տատի։
-Գոնե Ղարաբաղում չգա, երեխեքը չթրջվեն»:
Մարիամ Եղիազարյան
3-րդ կուրս