Հրաչուհի Լոռեցյանը՝ երիտասարդ գրող լինելու դժվարությունների, հասարակության վերաբերմունքի և հնարավոր փոփոխությունների մասին

Հրաչուհի Լոռեցյանը՝ երիտասարդ գրող լինելու դժվարությունների, հասարակության վերաբերմունքի և հնարավոր փոփոխությունների մասին

954

Վանաձորցի երիտասարդ գրողը համատեղում է թատրոնը, բեմական խոսքն ու գրիչը։ Հրաչուհու համար գրելը միայն նախասիրություն չէ, այլ նաև ուղենիշ է՝ արտահայտելու կյանքի տարբեր ազդակները, պատկերացումները, վեր հանելու թե՛ անհատական, թե՛ հասարակական խնդիրները։

-Հրաչուհի՛, դուք ստեղծագործում եք դեռևս վաղ տարիքից։ Ինչպե՞ս բացահայտեցիք ձեր տաղանդը։

– Իսկ տաղանդը բացահայտու՞մ են։ Այն կա՛մ կա, կա՛մ` չկա։ Ես ծնվել, մեծացել եմ արվեստագետի և մանկավարժի ընտանիքում, երբ ողջ տունդ, միտքդ, հոգիդ գրքերով է լեցուն, պարզապես անկարող ես անտարբեր անցնել գրիչի ու թղթի կողքով։

-Դուք ստեղծագործում եք և՛ արձակ, և՛ չափածո, բայց ո՞ր ժանրն եք ավելի շատ Ձերը համարում։

-Ինձ հոգեհարազատ է գրականության յուրաքանչյուր ճյուղ։ Յուրաքանչյուրն իր գույնն ունի, տողերը ներկողներն ինքներս ենք։ Ստեղծագործությունը հեղինակի կտավն է. Ժանրը կապ չունի, կարևորը՝ հոգուց բխած լինի։ Այդ երկուսի համադրումն եմ սիրում։ Իդեալական է, երբ երկու ժանրերը միաձուլվում են, ավելի ազատ ես ստեղծագործում։

-Հասարակությունը մեծ մասամբ անտեղյակ է ժամանակակից գրողներից, ինչի պատճառով նրանց ստեղծագործությունները մնում են ստվերում. ո՞րն է պատճառը։

-Դասականներն են չափազանց հզոր։ Գրականությունը ժամանակ է պահանջում։ Համոզված եմ, որ տարիների ընթացքում ժամանակակիցները ևս կլինեն այն տեղում, որին արժանացել են։

-Ի՞նչ խնդիրների են հաճախ բախվում երիտասարդ գրողները։

-Աշխատասեր ու նպատակասլաց մարդու, ստեղծագործողի համար խնդիրները չնչին են և ժամանակավոր։ Ներկա իրավիճակում խնդիր կարող է լինել տպագրվելը, քանզի ֆինանսական վիճակը բարվոք չէ մեծամասնության մոտ։

-Դուք ստեղծագործում եք ամենատարբեր թեմաներով. այնուամենայնիվ, ո՞րն է առավել հոգեհարազատ թեման։

-Այն ամենն, ինչ մտապատկերում է, արտաքին աշխարհում է,արժանի է, որ գրվի։ Ես ամեն գրածիս մեջ ներդնում եմ բնությունն ու սերը։ Այդ երկուսի համադրումից աշխարհը նորովի է ծնվում։

-Վերջերս բուռն քննարկվում էր գրականության դասագրքերում որոշ դասականներին  արդի գրողներով փոխարինելու հարցը. ինչպե՞ս եք վերաբերվում այդ հնարավոր փոփոխությանը։

 -Միանշանակ դեմ եմ, որովհետև յուրքանչյուրն իր տեղն ունի։ Դասագրքերում չպետք է առանձնացնել՝ կա՛մ դասական, կա՛մ ժամանակակից։ Պիտի տեղ ունենան և՛ դասականները, և՛ ժամանակակիցները։

-Դուք ունեք բազմաթիվ ստեղծագործական շարքեր, որոնք նաև տպագրվում են տարբեր թերթերում. արդյո՞ք դրանք չեք հրատարակի որպես առանձին գիրք։

-Ստեղծագործություններս արդեն իսկ տպագրվել են մի շարք գրքերում։ Նպատակ ունեմ այս տարվա ընթացքում տպագրել իմ առաջին ժողովածուն, որը ծնվել է վերջին ամիսների ծանր ապրումներիցս։ Կորուստներն ու մարդկային հոգու ցավը երբեմն արտացոլվում են ուժի և կամքի տեսքով։ Առաջին ժողովածուս նպատակային է և նվիրվելու է կյանքումս ճանաչած լավագույն մարդկանցից մեկին՝ վաղամեռիկ մորեղբորս։

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ գրողներին։

-Փառամոլությամբ ու աստղային հիվանդությամբ չտառապել, չշտապել հաղթանակներ գրավել. ամեն բան կտրվի իր ժամանակին։ Չափը ոսկե սանձն է յուրաքանչյուր գործում, գրականությունը ևս բացառություն չէ։ Նույնիսկ բառեր գրելիս պետք է չափի զգացում ունենալ։ Չկրկնօրինակել և ունենալ իրենց աշխարհը, որի կենտրոնում իրենք կլինեն։

* * *

Արթնանում է օրը,

Մռայլված գիշերվա վախերից,

Լուռ ժպտում է սերը,

Երազի դողացող համբույրից։

Զարմանում է ճիչը,

Ամբոխի մոլորված ձայներից,

Մոտենում է հոգսը,

Քաղաքի շատացող դիերից։

Վանկատվում է բառը,

Տողերի անշղթա իմաստից։

Ու մարում է սիրտը,

Այսօրվա նորացող ցավերից։

Նարե Օհանյան

2-րդ կուրս

Կիսվել